
«Սերիալների շնորհիվ շատ ու շատ դերասաններ փչացան, որովհետև փառքի փորձությունն ավելի դժվար է, քան փողի փորձությունը». Ելենա Բորիսենկո

Դերասանուհի Ելենա Բորիսենկոյին փոքր ժամանակ տատիկն ասում էր «մեյմուն», որովհետև բոլորի ձևերն անում էր: Բայց երբ «մեյմունից» հետո տատիկը նրան դերասան էր անվանում, աղջիկը վիրավորվում էր և անընդհատ կրկնում, որ դերասանը «մեյմուն» չէ, լուրջ բան է: Հետո Հենրիկ Մալյանի զարմիկը Ելենային տանում է Խաչիկ Չալիկյանի թատրոն, երբ նա ընդամենը 6 տարեկան էր. «Ես հայտնվեցի ճիշտ տեղում, Խաչիկն ինձ ամեն ինչ տվեց: Թե մարդկային տեսակս, թե թատրոնի հետ կապված ամեն ինչն իր միջոցով է ձևավորվել ինձ մոտ: Ճիշտ է, վերջերս էլ չեմ շփվում Խաչիկի հետ, բայց գնահատում եմ այն, ինչ տվել է ինձ»,- անկեղծանում է Ելենան, ում առաջին ներկայացումը եղել է «Փոքրիկ իշխանը», որտեղ բոլոր դերերը խաղալուց հետո, ներկայացման վարող չունենալու պատճառով նա սկսել է վարել այն:
– Թատրոնում դեր մարմնավորելը տարբերվում է ֆիլմում նկարահանվելուց. սա ասում են գրեթե բոլոր դերասանները, որոնք նաև նշում են, որ թատրոնում կա անմիջական շփում հանդիսատեսի հետ, իսկ ֆիլմի դեպքում ամեն ինչ այլ է: Թատրոնից կինո ճանապարհն ի՞նչ է տալիս դերասանին և ի՞նչ վերցնում նրանից:
– Թատրոնը դերասանի արվեստ է, կինոն` ռեժիսորի: Ներկայացումը քո ձեռքերում է, դու ես ներկայացման տերը: Քանի որ Խաչիկի մոտ եմ ձևավորվել` թատրոնում, չեմ կարող ասել` ես խաղում եմ հանդիսատեսի համար: Կապ չունի` դա ֆի՞լմ է, թե՞ ներկայացում, ես խաղում եմ նախ և առաջ` ինձ համար, իսկ իմ մեջ կան ինչ-որ տեսակի մարդիկ, այսինքն` խաղում եմ իրենց համար: Չեմ կարող խաղալ, ասենք, Վալոդի համար, նա երբեք չի կարող ինձ ընկալել: Կգա ներկայացմանը, չի հասկանա ու նույնիսկ կարող է վատ խոսքեր ասել, իսկ նման դեպքեր եղել են:
Շատ եմ սիրում թատրոնը, բայց չգիտեմ` երբևէ կվերադառնա՞մ թատրոն, թե՞ ոչ: Այն ժամանակ, երբ խաղում էի տարբեր ներկայացումներում, բավականին հայտնի ռեժիսորների կողմից տարբեր ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ կային, բայց հրաժարվում էի: Համարում էի, որ ունեմ իմ թատրոնը, ես գտել եմ այն, ինչ պետք է ինձ: Հիմա թատրոն չեմ գնում, որովհետև իմը չկա այնտեղ, իմը մնաց Խաչիկի հետ` անցյալում:
Շատ-շատ դերասաններ ասում են, որ թատրոնը տալիս է, կինոն` չի տալիս: Ես այդպես չեմ կարծում, որովհետև գուցե կան դերասաններ, որոնք տասը դուբլով նկարահանվում են ու դա նորմալ են համարում, ես նեղվում եմ դրանից: Ես այդ պահին ապրում եմ այնպես, ինչպես կապրեի բեմում: Ճիշտ է, թատրոնում կան մարդիկ, որոնք քեզ ջերմություն են փոխանցում, ու երբ իրենք կան` քեզ մոտ ստացվում է, բայց նույնն էլ ֆիլմում է: Ինձ համար իմ մասնագիտությունը ճշմարտություն է, որը ներկայանալուց առաջ հայտնվում է օդում, ու, եթե այն բոլորին է պատում, ուրեմն դու կարողանում ես իրեն բռնել, իսկ երբ բռնում ես` ստացվում է: Երբ դերասանը լարվում է` սկսում է խաղալ, ինչն ինձ համար անընդունելի է: Եթե զգալով ես անում ամեն ինչը, ու դրան գումարվում է տեխնիկան, ապա դերը կայանում է, բայց երբ միայն տեխնիկա է, դա վատ է: Ես չեմ սիրում միայն տեխնիկա տեսնել, ուզում եմ տեսնել դերասանի սիրտը, հոգին, ջերմությունը:
– Մի առիթով ասել ես, որ եթե ռեժիսորը լավն է, ապա պատրաստ ես մարմնավորել ցանկացած կերպար: Դերասանի համար դա որքանո՞վ է ճիշտ:
– Դա իմ ճշմարտությունն է: Ես չեմ սիրում, երբ դերասանը իր ես-ն է կայացնում: Ներկայացման ժամանակ էլ է այդպես, դու զգում ես, թե որ դերասանն է փորձում ավելի շատ երևալ` անտեսելով շատ ու շատ ռեժիսորական խնդիրներ: Ներկայացումը, հատկապես` ֆիլմը, ռեժիսորի երեխան է, ինքն է ծնում նրան: Դու իրեն օգնում ես ուղղակի: Դրա համար դերասանությունը բարդ մասնագիտություն է, որովհետև դու ծառայող ես, պետք է ծառայես և՛ ֆիլմին, և՛ ռեժիսորին, և՛ իր գաղափարին:
– Իսկ եթե ռեժիսորն այնքան էլ տաղանդավոր չէ՞:
– Եղել է նման դեպք, երբ ռեժիսորը ոչ թե տաղանդավոր չէր, այլ ուղղակի ասում էր, որ անեմ այն, ինչ զգում եմ: Ես դա չեմ սիրում, որովհետև ես կարող եմ զգալ տարբեր ձևերով, ռեժիսորը պետք է ասի, թե ինչ է ուզում, ինչպես է տեսնում այդ կերպարը:
– Եթերը ողողված է սերիալներով, անընդհատ հնչում են տարբեր արտահայտություններ, որոնք շատ հեռու են հայոց լեզվից, անպակաս է լացն ու կոծը, մարդկանց հոգեբանության վրա սա ազդում է: Դերասանն ինչ-որ կերպ չի՞ կարող փոխել այս ամենը:
– Ոչ: Ոչ ոք չի կարող փոխել: Կարո՞ղ եք ստիպել ազգին չլսել 6/8, չեք կարող: Վերջ: Նույն բանն է: Սցենարի հեղինակն անում է այն, ինչ վաճառվում է: Այս խնդիրը միայն Հայաստանում չէ, ամեն տեղ կա:
– Իսկ արվեստագետը չի՞ կարող հասարակությանը բարձրացնել, այլ ոչ թե իջնել նրա մակարդակին:
– Դրա համար պետական վերաբերմունք է պետք: Այլ տարբերակ չկա: Մի ժամանակ մտածում էի, որ եթե դու պարտադրես ու փորձես որակով բան անել, մարդիկ, բնականաբար, կսկսեն նայել դա: Եթե նույնիսկ չնայեն, անընդհատ աչքի առաջ կլինի, անորակը չի լինի, ու իրենց աչքը կսովորի դրան: Ես հասկանում եմ, որ դա չի արվելու, որովհետև այսօր դարը ոչ թե մերն է, այլ գումարինը: Նաև վստահ չեմ, որ եթե պետական պարտադրանք լինի, ապա դա կտան որակով մասնագետների: Գուցե սրանից տարբերվի, բայց դա էլ իր մեջ իր սուտը կկրի:
– «Մեռյալ հովիտ» ֆիլմում մարմնավորեցիր բավականին բարդ կերպար, որն ազդել էր քո հոգեբանության վրա, ավելին, նկարահանումներից հետո քեզ հետ տարօրինակ բաներ էին կատարվում: Բոլո՞ր դերերդ այդպես ազդում են քեզ վրա, թե՞ սա այլ դեպք էր:
– Իմ բոլոր դերերը հիմնականում շատ բարդ ու ծանր են եղել` և՛ թատրոնում, և՛ ֆիլմերում, և՛ նույնիսկ սերիալներում, որտեղ երկրորդ պլանի «դամ պահողն» եմ եղել: Երբ կարդում ու տեսնում եմ, որ լավ տեսարան է, չեմ կարողանում չխաղալ: Եթե դերը չի ազդում հոգեբանությանս վրա, ազդում է ֆիզիկականիս վրա: «Մեռյալ հովիտի» դերիս մասին չեմ ուզում շատ խոսել, որովհետև էզոտերիկան մեզ մոտ այլ կերպ է ընկալվում:
– Հին Հունաստանում դերասանի մասնագիտությունը պատվաբեր էր համարվում, իսկ Հռոմեական կայսրությունում` ամոթալի: 21-րդ դար, Հայաստան, ըստ քեզ` ինչպե՞ս է գնահատվում դերասանը:
– Նախ` շնորհիվ սերիալների, մեր մասնագիտությունն ընդհանրապես արժեզրկվել է, որովհետև ով քնից արթնանում է` որոշում է դերասան դառնալ: Իրենց ոչ թե մասնագիտությունն է հետաքրքրում, այլ ուզում են «աստղ» դառնալ, այսինքն` ինչ որ նորմալ դերասանը սովորաբար չի սիրում: Դերասանուհիներն ընկալվել են, ընկալվում են և կընկալվեն` որպես մատչելի կանայք, բայց սա միայն, այսպես ասած` 6/8 լսող ժողովրդի կողմից: Շատ քչերն են լուրջ վերաբերվում այս մասնագիտությանը, քչերն են քեզ հարգում:
– Դերասանների մեծ մասն ասում է` թատրոնում «փող չկա», դրա համար նախընտրում են նկարահանվել սերիալներում, բայց արդյոք դրանից չի՞ տուժում իրենց տարիների կերտած անունը: Չէ՞ որ, ինչպես նշեցիք` սերիալների որակն այնքան էլ բարձր չէ:
– Ժամանակին կասեի` այո, տուժում է, բայց հարցն այն է, որ հեռուստասերիալ նայող հանդիսատեսը գալիս է թատրոն, որովհետև ուզում է տեսնել իր սիրելի դերասանին: Եթե տասը հոգուց մեկն էլ մնա թատրոնում` որպես հանդիսատես, արդեն մեծ բան է: Անընդհատ փնովում ենք, բայց սերիալը դերասանին շատ բան է տալիս: Թատրոնում տեքստը սովորում էինք փորձերի ընթացքում, իսկ այստեղ այդ ժամանակը չկա, տեքստը տալիս են` պետք է իմանաս: Տեսախցիկի հետ ես աշխատում անընդհատ, աշխատում ես նաև անտաղանդների հետ, որը նայում է քեզ, ու հասկանում ես` չկա, կամ` տեխնիկական դերասանի հետ, որը ևս նայում է քեզ, բայց էլի «տանը մարդ չկա»:
Ունենք այդպիսի շատ հայտնի դերասան, ում անունը չեմ նշի: Շատ գեղեցիկ է նայվում կադրում, նույնիսկ ես եմ մեկ-մեկ հավանում, բայց երբ հետը խաղում ես, զգում ես, որ լրիվ տեխնիկա է:
Այսինքն` սերիալը հնարավորություն է տալիս շփվել տարբեր տեսակի մարդկանց հետ. կամ այդ ամենը քեզ կլանում է ու սկսում քեզանից տանել, կամ դու ավելի ես ուժեղանում: Օրինակ, երբ խաղում եմ սեղանի թենիս, եթե հակառակորդս ինձնից ուժեղ է, ապա ես իրեն պետք է հաղթեմ, որովհետև ես լավ եմ խաղում, ու երբ լավ խաղացողի հետ եմ խաղում, պետք է իրենից ուժեղ խաղամ, բայց եթե ինձնից թույլի հետ եմ խաղում, ես էլ եմ թույլ խաղում: Նույնը սերիալում է:
– Ռուսական ազգանունով դերասանուհու համար բոլո՞ր դռներն են բաց:
– Ինձ համար բոլոր դռներն ի սկզբանե փակ էին, որովհետև ես Խաչիկ Չալիկյանի թատրոնից էի, որն «արվեստագետ» ժողովրդի կողմից ընկալվում էր` որպես դժվարամարս ինչ-որ բան: Հետո, երբ հայտնվեցի սերիալում, սկսեցին ասել` վատ է, աղբ է դա: Իսկ հետո բոլոր այդ խոսողները ցանկանում էին նկարահանվել սերիալներում: Այսինքն` ինձ ընկալում էին ոչ թե ազգանունով, այլ Խաչիկ Չալիկյանով: Ես կիսախախոլ-կիսառուս հայ եմ ու շատ հայրենասեր, դրա համար ազգանունս ինձ չի խանգարել:
– Ե՞րբ սկսեցիր համագործակցել Ռոման Մուշեղյանի հետ, ու ինչպե՞ս դա եղավ:
– Ընկերուհիս`ռեժիսոր Աննա Թադևոսյանը, եկավ Խաչիկի մոտ, որ պարապի` ընդունվի ինստիտուտ: Երբ ընդունվեց` Ռոմանն իր կուրսից էր, այդպես ծանոթացանք, դարձանք ընկերներ: Ես լկստված երեխա էի, ինչի համար Խաչիկի մոտ ոչ ոք ինձ չէր սիրում: Այդ լկստված ժամանակ գնացինք Հրաչ Ռուբենիչի մոտ, որը լուրջ թատրոնի ղեկավար է, ու գալիս է Լենոչկան, որին պետք է «պուպուշ անես», որ գա փորձի, որ մեկը փռշտաց` կնեղանա-կգնա, մի խոսքով` շատ քմահաճ էի: Դերասան Սերգեյ Դանիելյանը զզվում էր ինձանից, չգիտեմ` հիմա զզվո՞ւմ է, թե՞ ոչ:
Այդ ժամանակ բեմադրվում է «Անտիգոնեն», ես մարմնավորում էի Անտիգոնեին: Ռոմանը եկավ ներկայացմանն ու ինձանից զզված դուրս գնաց: Հետո երկար ժամանակով մեկնեցի Մոսկվա, վերադարձա, արդեն պետք է աշխատեի, չէի կարող ծնողներիս հաշվին ապրել: Նկարահանվեցի ինչ-որ սկետչերում, որտեղ ահավոր հիասթափվել էի: Հետո սկսվեց «Վերվարածները բուհում» սերիալը, որի սցենարը Քրիստ Մանարյանն էր գրում: Այդտեղ մազերս պոչիկ էին արել, ու հիմարիկի դեր էի խաղում: Ռոմանը իմացավ ու մի ծիծաղ էր դրել, ասում էր` վա՜յ, դու «Վերվարածներո՞ւմ», ինչ ամոթ է… ու մի օր գալիս է և ասում, որ այսուհետ լինելու է «Վերվարածների» ռեժիսորը. ես ծիծաղից չէի կարողանում ուշքի գալ: Բայց, իհարկե, լավ էր, որ Ռոմանը եկավ, որովհետև շատ բան փոխեց:
– Զբաղվում ես նաև նկարչությամբ: Դա հոբբի՞ է, թե՞ ունես կրթություն:
– Նկարչի կրթություն չունեմ, դա իմ ես-ի շարունակությունն է: Փորձում եմ զգալով ինչ-որ բաներ անել: Նկարում եմ կաշվե իրերի, կտորների վրա, ունեմ նաև մի քանի կտավներ, բայց ես ինձ նկարչուհի չեմ կարող համարել: Ես նկարել չգիտեմ, ուղղակի զգում եմ ինչ-որ բաներ ու փորձում եմ պատկերել:
– Ի՞նչ սպասենք Ելենա Բորիսենկոյից ապագայում:
– Քանի որ Ռոման Մուշեղյանի և Հարություն Ղուկասյանի կողմից հիմնվել է «Point film» ընկերությունը, և ինչպես Հարությունն է ասում` ես իրենց թալիսմանն եմ, առաջիկայում ունենք շատ անելիքներ: Փորձելու ենք նկարել և՛ կոմերցիոն, և՛ փառատոնային ֆիլմեր: