Բաժիններ՝

ԿԲ արձանագրությունը՝ 2014 թ. սեպտեմբերի 23-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

2014 թ. սեպտեմբերի 23-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, խորհրդի անդամներ Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Վախթանգ Աբրահամյանը:

Խորհրդի նիստը սկսվեց սեպտեմբերի 23-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:
2014 թ. օգոստոսին արձանագրվել է 0.7% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.3% գնաճի դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը որոշ չափով ավելացել է և ամսվա վերջին կազմել է 0.8%: Օգոստոսի գնաճը պայմանավորվել է առավելապես ծառայությունների սակագների 2.2% աճով (նպաստումը ընդհանուր գնաճին՝ շուրջ 0.7 տոկոսային կետ), ինչպես նաև պարենային ապրանքների գների 0.13% աճով (նպաստումը գնաճին՝ 0.1 տոկոսային կետ): Ծառայությունների սակագների աճին 0.6 տոկոսային կետով նպաստել է «Բնակարանային, կոմունալ» ծառայությունների սակագների աճը, իսկ պարենային ապրանքների գնաճը հիմնականում պայմանավորվել է «Բանջարեղեն և կարտոֆիլ», «Ձու» և «Մսամթերք» ապրանքախմբերի գների աճով՝ գնաճին 0.5 տոկոսային կետ ընդհանուր նպաստմամբ, որը ավելի քան 0.3 տոկոսային կետով չեզոքացվել է «Միրգ» ապրանքախմբի գների նվազմամբ: Օգոստոսի արդյունքներով բնականոն գնաճը կազմել է 0.3%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը՝ 0.8%:
2014 թ. երրորդ եռամսյակում նկատված տնտեսական որոշակի աշխուժության արդյունքում տնտեսական աճի ցուցանիշը սեպտեմբերի վերջին գնահատվում է տ/տ 3.8%՝ հունիսի վերջին արձանագրված 2.6%-ի դիմաց: Երրորդ եռամսյակում տնտեսական աճի արագացմանը հիմնականում նպաստել է գյուղատնտեսության ճյուղի՝ սպասվածից ավելի աճը, այն դեպքում, երբ արդյունաբերության ճյուղում դեռևս պահպանվում է տարեսկզբից դիտված պասիվությունը: Մասնավոր սպառման աճի տեմպը ևս փոքր-ինչ գերազանցել է ակնկալիքները, և հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում գնահատվում է տ/տ 3.8%, իսկ մասնավոր ներդրումները շարունակում են սպասվածից ավելի դանդաղ տեմպերով վերականգնվել և հունվար-սեպտեմբերին գնահատվում է տ/տ 2.9% աճ՝ ծրագրված 3.1%-ի դիմաց: 2014 թվականի երրորդ եռամսյակում հարկաբյուջետային քաղաքականության ազդեցության գնահատականը համահունչ է եղել կանխատեսված ցուցանիշին և համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային ազդակը կլինի չեզոք:
2014 թ. հունվար-օգոստոսի արդյունքներով արտահանումը (ըստ առևտրի վիճակագրության՝ ՖՕԲ)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 1.1%-ով, իսկ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության` ՍԻՖ)՝ 3.8%-ով: Բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը նույն ժամանակահատվածում նվազել է տ/տ 1.0%-ով:
Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները, որոնցում, ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցմանը զուգահեռ, շարունակվել են տոկոսադրույքների նվազման միտումները: Այսպես, միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը սեպտեմբերի 18-ի դրությամբ կազմել է 6.9%՝ նախորդ ամսվա նկատմամբ նվազելով 0.2 տոկոսային կետով, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 7.3% (նվազումը՝ 0.3 տոկոսային կետ), բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝ 6.4% (նվազումը՝ 0.4 տոկոսային կետ):
ՀՀ արտարժույթի շուկայում օգոստոս-սեպտեմբեր ժամանակահատվածում ՀՀ դրամի փոխարժեքը փոփոխվել է տարբեր ուղղություններով. սեպտեմբերի 18-ի դրությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին փոխարժեքը՝ օգոստոսի 13-ի դրությամբ միջին ցուցանիշի նկատմամբ արժեզրկվել է 0.4%-ով` կազմելով 409.5 դրամ, եվրոյի նկատմամբ՝ արժևորվել 2.5%-ով՝ կազմելով 537.7 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ՝ արժևորվել 5.3%-ով` կազմելով 11.1 դրամ:

2014 թ. երրորդ եռամսյակում ևս պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը և անորոշությունները՝ կապված աշխարհաքաղաքական զարգացումների հետ: Այս պարագայում թե՛ հումքային և թե՛ պարենային ապրանքների միջազգային շուկաներում դիտվել են հիմնականում գնանկումային դրսևորումներ: Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ս.թ. սեպտեմբերի 11-ին հրապարակված պարենի գների ինդեքսը օգոստոսին` նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 3.6%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 3.9%-ով):

ԿԲ գնահատումների համաձայն երրորդ եռամսյակում «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գինը նախորդ եռամսյակի նկատմամբ կնվազի 5.8%-ով (տ/տ 6.1% նվազում), իսկ արդյունաբերական մետաղներից Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը կաճի եռ/եռ 3.7%-ով (տ/տ 1.5% նվազում): ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի արտահանման գինը կնվազի եռ/եռ 16.9%-ով (տ/տ 12.5% նվազում) և «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գինը կնվազի եռ/եռ 6.2%-ով (տ/տ 3.2% նվազում):

2014 թ. երրորդ եռամսյակում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 3.1%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ մնացել է գրեթե անփոփոխ:
Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:

Խորհուրդն արձանագրում է, որ արտաքին պահանջարկը վերականգնվում է դանդաղ տեմպերով, իսկ ապրանքահումքային շուկաներում առաջարկի ավելացման գործոնների ներքո նկատվում են որոշակի գնանկումային ճնշումներ՝ հատկապես էներգակիրների և հացահատիկի մասով: Այնուամենայնիվ, արտաքին հատվածում աշխարհաքաղաքական զարգացումների ներքո դեռևս պահպանվում են էական անորոշությունները՝ կապված գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների և ապրանքահումքային շուկաների հետ:
2014 թ. երրորդ եռամսյակում դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի ավելացում, սակայն տնտեսական աճի մակարդակը շարունակում է ցածր մնալ: Չնայած արտաքին և ներքին տնտեսություններում պահպանվող ցածր պահանջարկին, ԿԲ խորհուրդը միակարծիք է, որ մինչ օրս ԿԲ կողմից իրականացված դրամավարկային պայմանների շարունակական թուլացումը բավարար է, որպեսզի զուգորդվելով 2014թ. երկրորդ կիսամյակում սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության և չորրորդ եռամսյակից մի շարք ապրանքատեսակների գծով դրոշմապիտակների ներդրման հետ, կարճաժամկետում հանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը: Արդյունքում, 2014թ. չորրորդ և 2015թ. առաջին եռամսյակներում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կավելանա՝ մոտենալով նպատակային ցուցանիշին և մինչև կանխատեսվող հորիզոնի վերջ պահպանվելով դրա շրջակայքում:
Միջնաժամկետ հատվածում արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներին համահունչ ԿԲ-ն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ ապահովելով այդ ժամանակահատվածում գնաճի նպատակի իրագործումը:
2014 թ. սեպտեմբերի 23-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 6.75%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 8.25% և 5.25%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս