Վստահ չեմ, որ հոկտեմբերի 10-ին կստորագրվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը. Արամ Սարգսյան

«Գտնում ենք, որ երբ առաջիկայում Հայաստանը ստորագրի Եվրասիական միության կազմի մեջ մտնելու պայմանագիրը, առաջիկա 1-1.5 տարվա ընթացքում ակամա այստեղ այնպիսի փոփոխություններ են լինելու, որ այդ փոփոխությունների արդյունքում լրջագույն իրավիճակ կստեղծվի այս իշխանությունների համար»,- այսօր այս տեսակետը հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա նկատեց, որ պայմանագրի ստորագրմանը խոչընդոտող հանգամանքներից մեկն այն է, որ հումքը, որն արտահանվում է Հայաստանից, ծիծաղելի տարիֆներով են դուրս բերում. «Ցանկացած հումք համավում է համազգային սեփականություն: Օրինակ, Նորվեգիայում, եթե ուզում եք հումք արտահանեք, պետությունն ասում է՝ 80%-ը ինձ, 20%-ը քեզ: Հայաստանում՝ 1%-ը պետությանը, 99%-ն արտահանողին: Դրանից բացի շահութահարկ, որը նա պետք է ստանա դրսում վաճառելուց հետո և ահռելի գումարը պետք է վերադառնա Հայաստան և հարկվի, այդպիսի բան ընդհանրապես չկա: Նրանց շահույթը մնում է դրսում և վերածվում է կազինոերի, անշարժ գույքի, շվեյցարական բանկում հաշիվենրի և այլն: Սա այն իրավիճակն է, որը մատնանշել են նաև այսօրվա այն հանձնաժողովի ներկայացուցիչները, որոնք դիտարկում են, թե Հայաստանն ինչ պայմաններով պետք է Եվրասիական միության անդամ դառնա»:

Ա. Սարգսյանը կարծում է, որ այսօր հաշվի առնելով քաղաքական անհրաժեշտությունը՝ Հայաստանը կարող է հենց ամսի 10-ին դառնալ ԵՏՄ-ի անդամ, բայց այս խնդիրները կարգավորվելու են ընթացքում. «Այդ պարագայում խուլ դիմադրությունը կդառնա սաբոտաժ, որովհետև պառլամենտում եղած այն գործարարները, որոնց գրպանին կպչելու են, ժամանակ առ ժամանակ պետք է այնտեղ սկանդալներ առաջացնեն, որովհետև դժվար թե նրանք այսպես լուռ համաձայնվեն, որ 100 հազարի փոխարեն 20 հազար տանեն: Կարծում եմ՝ իրադարձությունների զարգացումը 1-1.5 տարվա հետ կապված բավական հետաքրքրական է լինելու»:

Հարցին, թե վստա՞հ եք, որ կստորագրվի ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը հոկտեմբերի 10-ին և միությունը կկայանա, Ա.Սարգսյանը պատասխանեց. «Բացարձակ վստահ չեմ, որ հոկտեմբերի 10-ին կստորագրվի պայմանագիրը, բայց միությունը կկայանա: Ղազախստանը, Ռուսաստանը, Բելառուսը շատ լավ հասկանում են, թե ինչ շահավետ բան է, որ իրենք միավորվեն: Կարծում եմ, այդ կառույցն անպայման կայանալու է, իսկ թե որքանո՞վ Հայաստանը կկարողանա դրա լիիրավ անդամ դառնա, կախված է Հայաստանի իշխանություններից»:

Անի Քեշիշյան

Տեսանյութեր

Լրահոս