Բաժիններ՝

Միությունդ շաքարով կտրեմ

«Կարճ ժամանակ հետո Հայաստան, կարծում եմ, ընդհանրապես շաքար չի ներմուծվելու, որովհետև այս գործարանի շաքարի որակը բավականաչափ բարձր է լինելու և ավելի էժան է լինելու, քան արտերկրում արտադրված շաքարը»: Այս խոսքերը, որոնց հեղինակը երկրի նախագահ Սերժ Սարգսյանն է, հնչել են 2010 թվականի հոկտեմբերին։ Տեղի էր ունենում ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանի բացումը (այն գտնվում է Ախուրյանում)։ Սա միակ լավատեսական հայտարարությունը չէր։ Նշվում էր, որ ոչ միայն շաքար չենք ներմուծի, այլև կդառնանք շաքար արտահանող երկիր։

«Լուսաստղ-Շուգր» ՍՊԸ տնօրեն Էդուարդ Սարգսյանը նշում էր, որ գործարանն ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում կարող է արտադրել 220 000 տոննա սպիտակ շաքար։ Այսինքն` այն ամբողջությամբ կարող էր ծածկել ներքին պահանջարկը (տարեկան 80-90 000 տոննա)։ Ասում էր, որ արդեն իսկ որոշակի քանակություն արտահանվել է Իրան։ Ասվում էր, որ 40 000 տոննան արտադրվելու է տեղական ճակնդեղի վերամշակման արդյունքում (այսինքն` գյուղացիները գործ կունենային)։ Եվ վերջապես, նշվում էր, որ այդ պահին գործարանում աշխատում էր 700 հոգի, որոնց թիվը ժամանակի ընթացքում կարող էր հասնել 1000-ի։ Այս ամենից ի՞նչն է իրականություն դարձել։

Սկսենք աշխատողներից։ Հարկային ծառայությունը պարբերաբար հրապարակում է այն ընկերություններին ցանկը, որոնք ունեն 100 և ավելի աշխատող։ Սակայն 700 աշխատակից ունեցող «Լուսաստղ-Շուգրն» այդ ցանկում չկա։ Տեղական ճակնդեղից շաքարավազ չի արտադրվում։ Իսկ նվազե՞լ են շաքարավազի ներմուծման ծավալները։ Աննշան չափով։ Եթե 2010թ. ներմուծվել էր 97.7 հազար տոննա շաքարավազ, ապա 2011-ին ներմուծման ծավալը կազմեց 91.6 000 տոննա, 2012թ.` 82.4 000 տոննա, 2013թ.` 79.7 000 տոննա։ Այդ նվազումն էլ, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ՀՀ-ից արձանագրված արտագաղթով և պահանջարկի նվազմամբ։ Միևնույն ժամանակ, վերջին տարիներին ՀՀ-ում «արտադրվում է» տարեկան միջինը 70 հազար տոննա։

Թե ինչու ենք «արտադրվել» բառը գրել չակերտների մեջ, դրան դեռ կանդրադառնանք։ Արտահանվո՞ւմ է արդյոք Հայաստանից շաքարավազ։ Այո, բայց չնչին քանակությամբ և այդ չնչին քանակությունն էլ գնալով նվազում է։ Այսպես, 2011թ. ՀՀ-ից արտահանվել է 3434 տոննա շաքար, 2012թ.` 899 տոննա, 2013թ.` 400 տոննա։ Եթե այս ամենին էլ ավելացնենք, որ «Լուսաստղ-Շուգրը» չկա ՀՀ 1000 խոշոր հարկատուների շարքում, ապա պատկերն ամբողջական կդառնա։

Պարզ կդառնա, որ ավելի քան 100 մլն դոլարի ներդրման արդյունքում ստեղծված շաքարի գործարանն իրականում «փուչիկի» տարրեր ուներ։ Իրականում ամեն ինչ այդքան բարդ չէ։ Սա ոչ շոու էր, ոչ էլ պարզապես PR քայլ։ Սա լավ հաշվարկված բիզնես էր։ Մարդիկ հաշվել էին` ավելի ձեռնտու է ոչ թե ներմուծել պատրաստի շաքար, այլ հումք։ Պատճառը ոչ միայն այն էր, որ կիսաֆաբրիկատից պատրաստի շաքար ստանալը տնտեսապես ավելի արդյունավետ էր, այլ` որովհետև կիսաֆաբրիկատի ներմուծման դեպքում հարկերն ու տուրքերն ավելի ցածր են։ Մասնավորապես, եթե շաքարավազի ներմուծման դեպքում գանձվում է 10% մաքսատուրք, ապա հումքի ներմուծման դեպքում մաքսատուրք չի գանձվում։ Իսկ հիմա պարզ հարց։ Ինչպե՞ս կարող է գործարանն արտադրել տարեկան 70 000 տոննա շաքարավազ, սակայն չունենալ անգամ 100 աշխատող (ինչպես վկայում են հարկային տվյալները)։ Չէ՞ որ խոսում էին 700 աշխատողի մասին, հետո` իբր 1000։

Սրան միայն մեկ բացատրություն կարող է լինել։ Գործարանը ներմուծում է գրեթե պատրաստի շաքարավազ և գործարանում իրականացնում է միայն արտադրական ցիկլի վերջին փուլը։ Պատկերավոր ասած, սա շատ նման է, եթե արտասահմանից սեղան ներմուծեք, որի մի ոտքն ամրացված չէ։ Ներմուծեք որպես կիսաֆաբրիկատ` առանց մաքսատուրքի։ Հետո բերեք, տեղում ոտքը ձգեք վրան և վաճառեք։ Չար լեզուներն անգամ ասում են, որ գործարանում ոչինչ էլ չի արտադրվում։ Այսինքն` արտադրական պրոցես տեղի չի ունենում։ Պարզապես վերափաթեթավորում են Բրազիլիայից բերված շաքարավազը։ Մենք, իհարկե, չար լեզուներին չենք հավատա, սակայն «արտադրել» բառն ամեն դեպքում կթողնենք չակերտների մեջ։ Այս ամենը գաղտնիք կամ նորություն չէ։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը որոշ տվյալներ ներկայացնում է, որոնցից կարող ենք նման հետևություններ անել։ Ինչպես նշել ենք, 2013թ. Հայաստան է ներմուծվել 79.7 000 տոննա շաքար։ Արտաքին առևտրի քառանիշ դասակարգմամբ շաքարավազը 1701 կոդով է։ Սակայն կա նաև ութանիշ կոդ, որն ավելի մանրամասն է նկարագրում ապրանքախումբը։
ԱՎԾ հրապարակումից տեսնում ենք, որ այդ 79.7 000 տոննայից 74.7 հազարը 17011310 կոդով է։ Իսկ այդ կոդով նշվում է վերամշակման (ռաֆինացման) ենթակա շաքարը։ Այսինքն, Սամվել Ալեսքսանյանը ներմուծում է ոչ թե պատրաստի շաքարավազ, այլ հումք։ Կամ այդպես է ձևակերպում։ Հենց այստեղ է թաքնված այն հարցի պատասխանը, թե Սամվել Ալեքսանյանից բացի, ինչո՞ւ որևէ մեկը շաքարավազ չի ներմուծում։ Դա ունի 2 պատճառ։ Նախ` մասշտաբի էֆեկտը. քանի որ Ս.Ալեքսանյանը ներմուծում է տասնյակ-հազարավոր տոննաներ, և մասշտաբի էֆեկտով նրա ծախսերն ավելի քիչ են, քան փոքր խմբաքանակ ներմուծողներինը։

Եվ երկրորդ պատճառն այն է, որ Սամվել Ալեքսանյանը շաքարավազը ներմուծում է որպես կիսաֆաբրիկատ` զրոյական մաքսատուրքով, որի հնարավորությունը ոչ ոք չունի։ Կարճ ասած, շաքարի գործարանը կառուցելով` Սամվել Ալեքսանյանն ավելի ամրապնդեց իր մենաշնորհային դիրքերը։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Ինչպես օրերս նշել էր «Իրազեկ քաղաքացիների միավորումը», Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցության պայմանագրից դատելով` այդ գործընթացը չի վնասի Ս. Ալեքսանյանի բիզնեսին։ Այսպես, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագծի 3-րդ հավելվածի 42 կետում սահմանված է, որ 2015-2025թթ. ընթացքում վերամշակման համար շաքարի հումքի ներմուծումը ՀՀ ազատվում է մաքսատուրքերից: ՀՀ-ն, սակայն, երաշխավորում է, որ վերամշակման համար ներմուծված հումքը և դրանից արտադրված սպիտակ շաքարը չեն արտահանվի Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս և Ղազախստան:

Սակայն «չի վնասի»-ն չափազանց մեղմ է ասված։ Բանն այն է, որ պատրաստի շաքարավազի ներմուծման համար Հայաստանում գործում է 10% մաքսատուրք (դա կազմում է 60-65 դոլար` 1 տոննայի համար)։ Մինչդեռ ՄՄ մաքսային օրենսգրքով շաքարավազի 1 տոննայի համար գանձվում է միջինը 250 դոլար։
Սովորական շաքարավազի ներմուծման համար ԵՏՄ անդամակցության պայմանագրով արտոնություններ նախատեսված չեն։ Այսինքն, պատրաստի շաքարավազ ներմուծելն ավելի կթանկանա։ Իսկ սա նշանակում է, որ Սամվել Ալեքսանյանի բիզնեսը ոչ միայն չի վնասվի, այլև նրա մենաշնորհային դիրքերն ավելի կամրապնդվեն։ Ու բոլորը կշարունակեն շաքարավազը գնել նրան պատկանող ընկերությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս