Մոսկվայում կլսեն եռյակի լռությունը
Անցած շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Սերժ Սարգսյանի ելույթը՝ հայ-թուրքական արձանագրությունները գրողի ծոցն ուղարկելու մասին, մեծ արձագանք ունեցավ և անասելի ոգևորություն առաջացրեց Հայաստանում: Անգամ իրենց ընդդիմադիր համարող ուժերի ներկայացուցիչները շտապեցին հայտարարել, թե դա Սերժ Սարգսյանի ամենահաջող ելույթն էր ՄԱԿ-ում, և, որ այդպիսով լրջագույն հարված հասցվեց Թուրքիային, և այլն, և այլն: Այդ ամենը գուցե ճիշտ է, չնայած հայ-թուրքական արձանագրությունները դեռևս շարունակում են գտնվել խորհրդարանի մեծ օրակարգում, այսինքն՝ «դարակում»:
Բայց այդ ոգևորության ֆոնին, մեղմ ասած, զարմանալի է Հայաստանի քաղաքական ուժերի ու քաղաքացիական հատվածի մի մասի լռությունն անցած շաբաթ տեղի ունեցած մեկ այլ կարևորագույն իրադարձության վերաբերյալ: Իսկ անցած շաբաթ Հայաստանի արտգործնախարարությունը վերջապես հրապարակեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագիծը, որի դրույթներից հստակորեն երևում է, որ անդամակցության գործընթացի վերջում նախատեսվում է մաքսակետ տեղադրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին: Հասկանալի է, որ եթե դա տեղի ունենա՝ իր նշանակությամբ շատ ավելի վտանգավոր կլինի, քան հայ-թուրքական արձանագրությունները՝ դարակներում կամ դրանցից դուրս: Բայց այսօր հիմնական համարվող քաղաքական ուժերից որևէ մեկը հանդես չի գալիս այդ պայմանագիրն այդ տեսքով չստորագրելու պահանջով՝ արդարացիորեն քննադատելով իշխանությանը գրեթե բոլոր ոլորտներում իրականացվող խայտառակ քայլերի համար, մարզային հանդիպումների շարք սկսած ոչ իշխանական ուժերի եռյակն ընդհանրապես շրջանցում է այս հարցը:
Պատրաստվելով հոկտեմբերի 10-ի երևանյան հուժկու հանրահավաքին, որտեղ եռյակը պատրաստվում է խոսել ամեն ինչի մասին, բացի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից: Տեսականորեն, իհարկե, պայմանագրի նախագծում մաքսակետի տեղադրման մասին կետը կարող է Հայաստանի իշխանության համար հիմնավոր փաստարկ հանդիսանալ՝ առնվազն պայմանագիրն այդ տեսքով չստորագրելու կամ ընդհանրապես Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հրաժարվելու համար:
Բայց դրա համար, բացի Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսակետ տեղադրելու անթույլատրելիության ու վտանգավորության մասին ներկայացնելուց, իշխանությունը պետք է կարողանա հղում կատարել նաև ներքին դիմադրությանը, քաղաքական ուժերի ընդվզմանը: Մինչդեռ մեր ոչ իշխանական ուժերը հստակորեն ցույց են տվել, որ ավելի շուտ ու ավելի հուժկու կընդդիմանան ու կընդվզեն, եթե Հայաստանը հրաժարվի եվրասիականությունից, քան հակառակը:
Այսինքն՝ նրանք, նախապես հայտարարելով, որ Երևանում նախատեսված հանրահավաքում Եվրասիական միությանն անդամակցության հարց չի քննարկվելու, միևնույն ժամանակ՝ հստակ հասկացնում են, որ այդ հարցը կքննարկվի, այն էլ՝ առանձնակի խստությամբ, եթե հանկարծ Սերժ Սարգսյանը չստորագրի անդամակցության մասին փաստաթուղթը: Իսկ դա նշանակում է, որ Եվրասիական միության անդամ երկրների նախագահների հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանի ցանկացած փաստարկին ի պատասխան, նախագահներն այդ՝ նայելով Վլադիմիր Պուտինի դեմքին, կամ վերջինս առանց որևէ մեկի հայացքին հետևելու՝ հղում կանի Երևանի Ազատության հրապարակում հավաքված բազմահազարանոց հանրահավաքին ու դրա հարթակում կանգնածներին՝ ակնարկելով, որ Երևանում պայմանագիրը ստորագրելու համար հերթագրվածների պակաս չկա:
Հայաստանի եվրասիականացման ավանտյուրայի հեղինակն ու իրականացնողը, իհարկե, իշխանությունն է: Բայց իշխանությունից հետո կամ նրան հավասար՝ դրա համար պատասխանատու են իրենց որպես ընդդիմություն ներկայացնող բոլոր ուժերը, ովքեր Ռուսաստանի հասցեին որևէ թթու խոսք չասելու սկզբունքով առաջնորդվելով՝ սպասում են, թե երբ են վերջապես Ռուսաստանում հասկանալու, որ Հայաստանում կա ռուսական շահերը շատ ավելի պատրաստակամորեն սպասարկելու պատրաստ ոչ իշխանություն, քան իշխանությունը: