«Գալու է մի օր, որ երկրապահները իրենց արժանի հատուցումը կստանան» (տեսանյութ)
ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը մասնակցել է Երկրապահ կամավորականների միության Կոտայքի մարզային կառույցի կողմից մարզկենտրոն Հրազդանում կազմակեպված միջոցառումների շարքին, որը նվիրված է եղել ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին:
Մինչ հանդիսավոր նիստը Կոտայքի մարզպետն ու Երկրապահ կամավորականների միության անդամները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան գոյամարտում զոհվածների հուշարձանին, այնուհետև այցելել Հրազդան քաղաքի թիվ 13 ավագ դպրոց:
Դպրոցի բակում ողջույնով են հանդես եկել պատանի երկրապահները, որից հետո հյուրերը հարգանքի տուրք են մատուցել կրթօջախի սան, Արցախյան հերոսամարտի մասնակից Սևան Նահապետյանի հիշատակին, ծաղիկներ դրել նրա կիսանդրուն և մասնակցել տոնական հանդիսությանը:
Հայաստանի Հանրապետության և Երկրապահ կամավորականների միության օրհներգերով ու հոգևորականի օրհնության խոսքով մեկնարկած հանդիսավոր նիստին մասնակցել են ինչպես զոհված ազատամատիկների հարազատներ, այնպես էլ Կոտայքի մարզպետարանի և Երկրապահ կամավորականների միության վարչության ու մարզային կառույցի ներկայացուցիչներ, մարզի համայնքների ղեկավարներ և հյուրեր տարբեր բնագավառներից:
Երկրապահ կամավորականների միության Կոտայքի մարզային կառույցի կողմից կազմակերպված միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը` կարևորելով երկրապահների դերը մեր պետության շարունակական զարգացման , ինչպես նաև բանակի հիմնադրման նվիրական գործում:
Հանդիսավոր նիստի ընթացքում ելույթ է ունեցել նաև Երկրապահ կամավորականների միության վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը:
Ելույթներով հանդես են եկել զոհված երկրապահների հարազատներ, Երկրապահ կամավորականների միության վարչության ու մարզային կառույցի ներկայացուցիչներ, Մարզային փրկարարական վարչության ղեկավարը, Հրազդանի տարածքային զինվորական կոմիսարիատի աշխատակիցները, ինպես նաև պատանի ու երիտասարդ երկրապահներ:
Երկրապահ կամավորականների միության և մարզի տեղական ինքնակառավարման համակարգի համագործակցության ուղղություններին է անդրադարձել Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանը:
ՀՀ Պաշտպանության ու Կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Երկրապահ կամավորականների միության կողմից վերջերս ստորագրված հուշագրի շրջանակներում մարզի դպրոցներում «Պատանի երկրապահ» ակումբների հիմնադրման, ինչպես նաև կրթօջախներում ռազմա-հայրենասիրական դաստիարակության աշխատանքներին է անդրադարձել մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Կոստանյանը:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել պարգևատրման, ինչպես նաև ԵԿՄ անդամատոմսերի հանձնման արարողություն:
ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին