Գյուղատնտեսության նախարարությանը պատասխանը ԲՀԿ-ական պատգամավորին

ՀՀ կառավարության կողմից հաստատված և ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հողօգտագործողներին հատկացվող մի շարք պետական աջակցության ծրագրերը ուղղված են ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացմանը, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացմանը, պարարտանյութերի և դիզելային վառելանյութի, սերմացուների մատչելի գներով ձեռքբերմանը, գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը և այլն։ Իրականացվող բոլոր ծրագրերը մեծապես նպաստում են գյուղացիական տնտեսությունների կողմից կատարվող ծախսերի նվազեցմանը, եկամուտների ավելացմանը, հողերի նպատակային և արդյունավետ օգտագործմանը, ցանքատարածությունների ու համախառն բերքի ծավալների ավելացմանը։
Պետական աջակցության ծրագրերը մշակելիս ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սերտորեն համագործակցում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ։

2010 թվականին ԱՎԾ տվյալներով հանրապետությունում ընդհանուր ցանքային տարածությունը կազմել է 283.6 հազար հեկտար, որը կազմում է հողային հաշվեկշռով առկա 448.2 հազար հեկտար վարելահողերի 63.2 %-ը։ Վերջին տարիներին իրականացված շարունակական պետական ծրագրերի շնորհիվ, ըստ 2011-2013 թվականների ԱՎԾ տվյալների, ընդհանուր ցանքային տարածությունը համապատասխանաբար կազմել է 286.7, 304.2 և 318.1 հազար հեկտար՝ կազմելով 63.8%, 67.8 % և 71.0%։ 2014 թվականին նախորդ տարվանից 14.6 հազար հեկտար ավել ցանք է կատարվել՝ կազմելով 332.7 հազար հեկտար, օգտագործվել է առկա վարելահողերի 74.2 %-ը։

2010-2014 թվականներին ավել ցանքեր են կատարվել 49,1 հազար հեկտար, որի մեջ հացահատիկային մշակաբույսերը կազմել են շուրջ 31 հազար հեկտար։
Այս տարի ՀՀ մարզպետարանների հետ քննարկումների արդյունքում ՀՀ մարզերին կհատկացվի 4162.8 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու։ 2014 թվականի աշնանը կանխատեսվում է շուրջ 115.8 հազար հեկտար հացահատիկային մշակաբույսերի ցանքեր, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը շուրջ 10 հազար հեկտարով։

Հողերի նպատակային և արդյունավետ օգտագործմանն ուղղված միջոցառումները մնում են առաջնային, իսկ հողօգտագործողներին հատկացվող պետական աջակցության ծրագրերը կկրեն շարունակական բնույթ։

Գյուղատնտեսական մթերքների գները ձևավորվում են ազատ շուկայական հարաբերություններում՝ առաջարկի և պահանջարկի հարաբերակցության արդյունքում։ Արտադրության ծավալների ավելացումը առաջացնում է առաջարկի ավելացում, որի արդյունքում գները կարող են նվազել։

Հանրապետությունում գործող շուրջ 300 ձկնաբուծական տնտեսությունների գրեթե 90%-ը կենտրոնացված է Արարատյան հարթավայրում, որոնք օգտագործում են Արարատյան արտեզյան ավազանից օգտագործվող ջրային պաշարների գերակշիռ մասը։

Հատկապես վերջին տարիներին նկատվում են Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրային պաշարների նվազում։

ՀՀ կառավարության, ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման, բնապահպանության նախարարությունների, այլ գերատեսչությունների կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում Արարատյան արտեզյան ավազանի հիմնախնդրին համալիր լուծում տալու՝ ջրօգտագործման սահմանափակման ճանապարհով ջրային ռեսուրսները վերականգնելու ուղղությամբ: Մասնավորապես՝

  • ՀՀ կառավարության որոշմամբ ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրի սակագինը բարձրացվել է 10 անգամ,
  • մշակվել է Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանք,
  • արգելվել է նոր ջրօգտագործման համար հորատումներ կատարելը, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ապօրինի հորերի կոնսերվացման համար,
  • խնդիր է դրվել ձկնաբուծական տնտեսություններում օգտագործվող ջրի ծավալները կրճատել 70%-ով՝ նորագույն տեխնոլոգիաների ներդրման ճանապարհով: Դոնոր կազմակերպությունների հետ արդեն ձեռք է բերվել համաձայնություն՝ Արարատյան դաշտում գործող ձկնաբուծական երկու տնտեսությունում ջրի շրջապտույտի փակ կամ կիսափակ համակարգի ներդրմամբ պիլոտային ծրագրերի իրականացման վերաբերյալ։

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս