
ԵՏՄ-ի իրավական բազան պետք է համապատասխանի Բելառուսի շահերին. Լուկաշենկո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) իրավական բազայի ստեղծման ժամանակ անհրաժեշտ է պահպանել Բելառուսի շահերը: Այս մասին այսօր Մինսկում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նախորդ շաբաթ Ռուսաստանի Պետդուման վավերացրել էր ԵՏՄ-ի մասին պայմանագիրը: Ակնկալվում է, որ օրեր անց՝ հոկտեմբերի առաջին տասնօրյակում, ԵՏՄ-ի մասին պայմանագիրը կվավերացնեն նաև Բելառուսի ու Ղազախստանի խորհրդարանները:
Լուկաշենկոն Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի խորհրդի անդամներին հայտարարել է, որ եթե նրանք որևէ սխալ հայտնաբերեն այդ փաստաթղթի նախապատրաստման ժամանակ, ապա պետք է այդ մասին իրազեկեն իրեն:
Լուկաշենկոն ընդգծել է, որ պետական շահերը պաշտպանելիս պետք չէ կանգ առնել որևէ բանի առջև: ԵՏՄ-ը 2015 թվականի հունվարի 1-ից ստեղծվում է Մաքսային միության բազայի վրա: