Բաժիններ՝

«Նախկին սովետը, սիրելիներս, չի վերականգնվի». Տնտեսագետ

«Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանի կարծիքով՝ եթե ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ դրվի, ապա այն շատ վատ կանդրադառնա գյուղմթերքների արտահանման վրա, քանի որ Ղարաբաղը կհամարվի երրորդ երկիր: «Մինչև Մաքսայինի, Ղազախստանի թույլտվությունը չլինի՝ բան չի հասնի: Բոլոր դեպքերում այսօրվա նման ազատ չի լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ս. Սեդրակյանը նկատեց, որ հնարավոր է՝ Ղազախստանը դուրս գա Եվրասիական միությունից. «Ղազախստանի արտգործնախարարն ու Ամերիկայի արտգործնախարարը՝ Քերին, Ամերիկայում հանդիպել են, խոսել են Ղազախստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնելու մասին: Իսկ այնտեղ բազմաթիվ պահանջներ կան, որ պետք է կատարվեն: Մանավանդ, Եվրոպայի և Ամերիկայի հետ բավական լավ հարաբերություններ ունի Ղազախստանը: Եթե նա մտնի Մաքսային միություն՝ շատ խնդիրներ կլինեն, հնարավոր է՝ չեղյալ համարի: Այդ առումով՝ իրենք էլ փորձում են ծլկել: Պուտինը դրա հոտն առել էր, ասել էր՝ ղազախական պետություն երբեք չի եղել: Եթե Ղազախստանը դուրս գա, համոզված եմ՝ Լուկաշենկոն էլ դուրս կգա»:

Պատասխանելով հացրին, թե կարո՞ղ է Հայաստանը, ԵՏՄ-ին միանալուց հետո, այնուամենայնիվ, գյուղամթերք արտահանել ռուսական շուկա, որը բացվել է Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում, Ս. Սեդրակյանն ասաց. «Ես կարծում եմ՝ մենք այդքան գյուղամթերք չունենք ո՛չ քանակապես, ո՛չ էլ որակապես: Գաղափարը շատ լավն է, որ տարվի Ռուսաստան, այնտեղի շուկաներում իրացվի, բայց չունենք այդ քանակի գյուղմթերքներ, որքան ցույց են տալիս քաղաքական գործիչները, կամ որոշ տնտեսագետներ, որ իշխանությունների աչքին ավելի պուպուշ երևան»:

Ս. Սեդրակյանը կարծում է, որ խնդիր կա նաև Վրաստանի դեպքում, ինչը երբեմն հաշվի չեն առնում. «Չէ՞ որ միակ ճանապարհը Վրաստանով է անցնում: Վերջերս մի տեղ կարդացի, որ Պուտինն ասել է՝ Ադրբեջանի հետ լեզու կգտնի, որոշակի ճանապարհ կբացի, որ Հայաստանն Ադրբեջանով Ռուսաստանի հետ կոնտակտ ունենա, բայց դա մի քիչ հեքիաթի դաշտից է, ես դրան չեմ հավատում: Բոլոր դեպքերում, Վրաստանը գնում է Եվրամիություն և շարժվելու է Եվրամիության օրենքներով, Հայաստանն էլ գնում է Եվրասիական միություն, բավականին բարդ է լինելու Հայաստանի վիճակը: Կարող են լինել արհեստական արգելքներ, իսկ գյուղմթերքը փչացող բան է, մի քանի օր էլ ճանապարհին մնա, կփչանա: Ուզում եմ ասել՝ ես դա այդքան էլ ռեալ չեմ համարում: Ինքնաթիռով տեղափոխելը թանկ է, ամենաէժանը՝ գնացքով կամ ավտոմեքենայով է, որը բոլոր դեպքերում անցնում է Վրաստանի սահմանով: Ես այդքան ոգևորված չեմ դրանից, որովհետև դա տեսականորեն հետաքրքիր է հնչում, բայց իրականում այդքան չէ»:

Հարցին, թե ի՞նչ պետք է արվի, որ ունենանք այդ բավարար չափով գյուղմթերքը ու օգտվենք այդ հնարավորությունից, Ս. Սեդրակյանն այսպես պատասխանեց.
«Նախ՝ պետք է մեր բնական պաշարներն արդյունավետ օգտագործենք, մասնավորապես՝ նկատի ունեմ հողը և ջուրը: Այսօր ջուրը մինչև հասնում է սպառողին, ճանապարհին հսկայական, մինչև 80%-ի կորուստ է կրում: Դա սարսափելի բան է, ամբողջ ջրային համակարգը շարքից դուրս է եկել: Չեն մտածում դրա մասին: Այս տարի բավականին ջուր չկարողացան կուտակել, ցամաքել է, ջրամբարներում ջուր չկա, թե ո՞նց են անելու՝ իրենք էլ չգիտեն: Հողերը չեն մշակում տարիներ շարունակ, որի պատճառով դեգադացվել է»:

Կարդացեք նաև

Ս.Սեդրակյանը նկատեց, որ գյուղատնտեսական մթերքների քանակի ավելացման երկու եղանակ գոյություն ունի. «Առաջինը՝ ինտենսիվ եղանակն է, երբ կիրառվում են նոր, առաջավոր տեխնոլոգիաները, լավ, բերքատու սերմեր են օգտագործվում, նոր տեխնիկա են օգտագործում: Սակայն դրանք այսօր հայ աղքատ գյուղացու համար, որն օրվա հացի խնդիր է մի կերպ լուծում, հեքիաթի դաշտից են, որովհետև ոչ մեկը չի կարող ունենալ լավ գյուղատնտեսական տեխնիկա, փող չունեն: Վերջերս իմ մտերիմներից մեկին ասացի՝ մի տեղ գիտեմ, որտեղ ավելի որակով սերմացու կա, զանգահարի, գնա-բեր, ասում է՝ «չունեմ այդքան փող, ստիպված պետք է գնամ ավելի վատը,ավելի էժանը առնեմ»: Գյուղացիների ձեռքը փող չկա»:

Գյուղատնտեսական մթերքների ավելացման երկրորդ եղանակը, ըստ տնտեսագետի՝ էքստենսիվ եղանակն է. «Այսինքն՝ խոպան հողերը վերածեն վարելահողերի, որն արվում էր սովետական տարիներին: Հսկայական ֆինանսական միջոցներ էին ներդնում, վեր էին ածում վարելահողերի, և մենք բավականին լավ գյուղատնտեսություն ունեինք, բայց համատարած անտերության պայմաններում այդ հողերը դեգրադացվեցին: Հողի հետ պետք է զբաղվես, մշակես, չի լինի՝ հողն ինքն իրեն քեզ բերք տա, պետք է վարես, ցանես, պարարտացնես, ջրես: Հիմա այսօր կարծես գիտություն գոյություն չունի, գյուղտեխնիկա էլ չկա գյուղերում»:

Ս. Սեդրակյանն այնքան էլ իրատեսական չի համարում ստեղծված հնարավորությունից օգտվելը. «Տեսականորեն այնքան հեշտ է, դա նման է նրան, որ քաղաքի 9-րդ հարկի ապրողը, որը չգիտի՝ գյուղատնտեսությունն ինչ է, ասում է՝ դե՛, գյուղացուն ի՞նչ կա, իր հողը կա, ծառը կա, բայց չէ՞ որ այդ ծառի համար թույն է պետք, թույնի համար փող է պետք, տեխնիկա է պետք, և այլն»:

Նա նկատեց, որ իրականում այնքան էլ լավ իրավիճակ չէ. «Շատերն ուրախացել են, ասում են՝ դե ի՞նչ է, կգնանք Եվրասիական միության հետ, կվերականգնվի նախկին Սովետը, նախկին Սովետը, սիրելինե՛րս, չի վերականգնվի, եթե վերականգնվեց՝ լավ է, վատ չէ, բայց չի վերականգնվի: Կարող է որոշ բաներ անեն կամ չանեն, ինչևէ, այս երազանքներից մի քիչ թող մեր ժողովուրդը հեռու մնա, ռեալին նայի: Ուրիշ բան ասի՝ գիտե՞ք ինչ, մենք այլ ելք չունենք, քաղաքական նպատակներով, երկրի պաշտպանության նպատակներով և այլն, ստիպված գնում ենք այդ քայլին, բայց ասել, որ շուկանե՞ր են բացվում, և այլն, ի՞նչ գիտես, կարող է նույն պայմաններն է Ադրբեջանի համար Ռուսաստանի շուկան»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս