Կովալենկոն իրեն թույլ է տալիս ամբախ-զամբախ, լկտի արտահայտություններ. Ալեքսանդր Արզումանյան
Հայաստանի հասցեին լկտի արտահայտություններ թույլ տված ռուս դիվանագետ Վյաչեսլավ Կովալենկոն իր պահվածքով ցույց է տալիս դարերով ձևավորված ռուսական դիվանագիտական կորպուսի անկումը, կարծում է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Նա Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպանի ասածներին անդրադարձավ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցի համատեքստում`շեշտելով, որ սին են այն խոսակցությունները, թե այդ հարցում Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում չի գործադրվել:
Ըստ նրա` դա ակնհայտ է, քանի որ Հայաստանը, ի հեճուկս նախորդ չորս տարիներին եվրաինտեգրման ուղղությամբ վարած քաղաքականության, մեկ օրում շրջադարձ կատարեց և գնաց միանալու Մաքսային/Եվրասիական միությանը, որին անդամակցելը «երեկ չէ առաջին օրը» անհնար էր համարում ընդհանուր սահման չունենալու պատճառով:
«Մենք հազվագյուտ ժողովուրդներից ենք, որ շատ հիմար մի ասացվածք ունենք` «ընկերովի մահը հարսանիք է»: Հիմա մենք ուզում ենք ընկերովի մահվան գնալ: Ավելի կնախընտրեի, որ հարսանիքի գնանք` առանց այդ ընկերների»,- ասաց Արզումանյանը:
Նախկին արտգործնախարարի խոսքով` այդ լկտի արտահայտությունները, որ իրեն թույլ է տալիս նախկին դեսպանը, և որոնք մենք հանդուրժում ենք, հենց ճնշումներն են, այն գինն է, որ Հայաստանը կամաց-կամաց վճարում է.
«Մեր գործընկերներն իրավունք չունեն մեզ հետ այսպես խոսելու: Ինձ զարմացնում է, որ մեզանում կան մարդիկ, որ նման մարդկանց հետ նստում, կլոր սեղաններ են անցկացնում: Զարմանալի է, որ այնտեղ արձագանք չի լինում, ինչպես և Կիսելյովի դեպքում: Մարդիկ, ովքեր հրավիրված են, պետք է արժանապատվություն ունենան զուտ՝ որպես Հայաստանի քաղաքացիներ պատասխանելու այդպիսի հայտարարություններին: Այն, որ Կովալենկոն իրեն թույլ է տալիս ամբախ-զամբախ արտահայտություններ, և ես ինձ թույլ կտամ ցանկացած բառակապակցություն օգտագործել իր հասցեին, մենք գիտեինք, երբ նրան վռնդեցին Վրաստանից` որպես ներքին գործերին միջամտող մի դեսպան: Սա դարերով ձևավորված ռուսական դիվանագիտական կորպուսի անկումն է ցույց տալիս, որ նման մակարդակի մարդ կարող է լինել արտակարգ և լիազոր դեսպան»:
Հիշեցնենք, որ Վյաչեսլավ Կովալենկոն այդ հայտարարությունն արել էր սեպտեմբերի 24-ին` Երևան-Մոսկվա տեսակամուրջի միջոցով կազմակերպված ասուլիսի ժամանակ, ասելով, որ եթե Հայաստանը, ի վերջո, չընտրի Եվրասիական միությունը, ապա հարցականի տակ կհայտնվի ոչ միայն հայկական պետականության, այլև ընդհանրապես հայերի ապագան: