
Ժիրինովսկին Բաքվում ցանկություն է հայտնել ավելացնել ռուսական դպրոցների թիվը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Ադրբեջանը հիանալի երկիր է` հրաշալի ղեկավարով, իսկ Բաքուն շատ գեղեցիկ քաղաք է»: Ժիրինովսկին հայտարարել է, որ վերջին անգամ Բաքվում գտնվել է սրանից 40 տարի առաջ, և այդ ընթացքում քաղաքը մեծապես փոխվել է:
Պատասխանելով Ադրբեջանում ռուսերենի պահպանման մասին հարցին` Ժիրինովսկին հայտարարել է, որ այդ հարցում իրավիճակը թեև հիանալի է, սակայն կցանկանար, որ ռուսական դպրոցների թիվը լիներ ավելի մեծ: Ժիրինովսկու ադրբեջանական այցի ծրագրում ընդգրկված են հանդիպումներ նաև Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:
Երբ Ժիրինովսկուն հարցրել են Ադրբեջանին իր քննադատությունների մասին, Ժիրինովսկին հայտարարել է, որ դա եղել է թյուրըմբռնման հետևանք, և որ ներկայումս իրենք լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի կեսերին Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել էր, որ ադրբեջանցի ազգ գոյություն չունի: