Բաժիններ՝

Պաշտոնատար անձանց անպատժելիությունը

«Վանաձոր» ՔԿՀ-ում գտնվող Տիգրան Մելիքյանը դադարեցրել է հացադուլը, երբ սեպտեմբերի 15-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազ Արմեն Շիրոյանն այցելել է նրան: Հանդիպումը տեղի է ունեցել, սակայն Տ. Մելիքյանի բաձրացրած խնդիրները ու իրավախախտումները մնացել են նույն տեղում՝ անուշադրության մատնված: Տ. Մելիքյանը հայտնում է այնպիսի հանցագործությունների մասին, որոնք անուշադրության մատնվելով ըստ էության հետևողականորեն կոծկվում են:

Տիգրան Մելիքյանը նախկինում աշխատել է տեսուչ ՀՀ ԲՆԱ ԲՊՏ Լոռու տարածքային բաժնում, ներկայումս մեղադրվում է «Դսեղի» անտառտնտեսության «Մոտկորի» անտառապետ Թովմա Մաթևոսյանի սպանության մեջ: 2014 թ. սեպտմեբերի 10-ին, Տ. Մելիքյանը իր իրավունքների պաշտպանության համար դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հայտնելով մի շարք ապօրինությունների մասին, որոնց նա ականատես է եղել իր աշխատանքի ընթացքում: Ապօրինությունների մեծ մասն իրականացվել ու հովանավորվել են բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից: Ներկայացնում ենք Տ. Մելիքյանի ներկայացրած տեղեկաությունները:

Այսպես, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության նախկին պետ Անուբախ Համբարյանը երկար ժամանակ հովանավորել է Լոռու մարզի բոլոր անտառապետերին ու բոլոր ապօրինի անտառահատումները: Լոռու մարզի նախկին ոստիկանապետը ոչ միայն միջոցներ չի ձեռք առել անտառների ոչնչացումը կանխելու համար, այլև հովանավորել ու որոշակի շահույթ է ստացել ապօրինի անտառահատումներից: Իրավիճակի լրջությունն ու շրջանառվող գումարների չափերը պարզ լինելու համար ներկայացնենք Տ. Մելիքյանի տրամադրած տեղեկատվությունը:

Այսպես, «Դսեղի» անտառտնտեսության «Մոտկորի» անտառապետը համարվում էր Դսեղի անտառտնտեսության ամենաակտիվ ծառահատող անտառապետը, ով որպես սեփականություն ուներ տրակտորներ՝ անտառում ճանապարհ հարթելու,Գազ 66 և Զիլ 131 մակնիշի մեքենաներ՝ անտառից փայտանյութը իջեցնելու և 2 հատ Զիլ 130 ու 2 կամազ–կոնտեյներ` փայտանյութը Արագածոտնի մարզի, Արմավիրի մարզի և Շիրակի մարզի գյուղեր տեղափոխելու ու վաճառելու համար:

Յուրաքանչյուր տարվա մայիսից մինչև դեկտեմբեր ամիսները ամեն օր, բացի ուժեղ հորդառատ անձրևային օրերից, նա իր մեքենաների հետ միասին բարձում էր նաև շուրջ 30 բեռնատար «Կամազ» և «Զիլ» մեքենաներ: Ապօրինի հատված ծառերից շինափայտը վաճառվում էր Դսեղ գյուղի շուրջ 30 աթոռի պատրաստման «ցեխերին», մանրահատակի և տախտակի սղոցարաններին:

Ըստ Տ. Մելիքյանի, այդպես շարունակվել է շուրջ 6 տարի՝ այդ ամբողջ ընթացքում ապօրինի ծառահատումներից ստացված եկամուտներից մասնաբաժին են ստացել ՀՀ Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Ա.Հարությունյանը, Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը: Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի, Գուգարքի, Սպիտակի բաժնի պետերի համար յուրաքան¬չյուր «Կամազ-կոնտեյներից» հավաքվում էր 15000-ական դրամ, այսինքն ընդհանուր հաշվարկով «Կամազ» մեքենաներից՝ 45000 դրամ, յուրաքանչյուր «Զիլ 130» բեռնատարից՝ 10000-ական դրամ, ընդհանուր՝ 30000 դրամ, իսկ «Ֆորդ» մակնիշի մեքենաներից յուրաքանչյուրից՝ 50000-ական դրամ ամսական:

Դսեղի անտառտնտեսության տարածքից օրական դուրս է եկել մոտ 50 բեռնատար, այդ թվում 20 «Կամազ», 30 «Զիլ» ավտոմեքենա և մոտ 20 «Ֆորդ» մակնիշի մեքենա: Եթե գումարենք թվերը կստացվի, որ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի, Գուգարքի, Սպիտակի բաժնի պետերը միասին օրական միջինը 2.000.000 դրամի շահույթ են ունեցել միայն փայտանյութ տեղափոխողներից, իսկ աթոռի ցեխերից և սղոցարան¬ներից յուրաքանչյուրից ամսական 200 000-ական դրամ և 8 000 000-ական դրամ: Այս ահռելի գումարները առաջին հայացքից անհավատալի են թվում, բայց ոստիկանապետերն իրենց լռությունն ու հովանավորչությունն էժան չեն գնահատում:

Բացի այս ամենը, ըստ Տ. Մելիքյանի հայտնած տեղեկությունների, 2011թ. ԲՆԱ ԲՊՏ պետ Արսեն Ավագյանի նախաձեռնությամբ «Դսեղի» անտառտնտեսությունում իրականացվել է հերթական տարեկան ստուգում: Ստուգումն իրականացվել է բնապահպանական պետական տեսչության անտառների բաժնի կողմից և հայտնաբերվել են ապօրինի անտառահատումներ, որոնց վերաբերյալ կազմվել է արձանագրություն 57.000.000 (57մլն) դրամ բնությանը պատճառված վնասի մասին:

Դսեղի անտառտնտեսության նախկին տնօրեն Մարտուն Ավագյանը ստուգման արդյունքները բողոքարկել է բնա¬պահպանության նախկին նախարարին և ստուգումը չեղյալ է հայտարարվել, քանի որ միջամտել են բազմաթիվ պաշտոնյաներ, մասնավորապես, Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, Լոռու մար¬զի ոստիկանապետ Անուբախ Համբարյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, պատգամավորներ:

Նշված 57 մլն դրամի մեջ Թ. Մաթևոսյանի տնօրինության տակ գտնվող Մոտկորի անտառտնտեսությունում բնությանը պատճառած վնասի ամենամեծ չափը մնացած 3 անտառտնտեսությունների համեմատ կազմել էր 12.000.000 (12մլն) դրամ: Այս ամենի մասին Տ. Մելքոնյանը հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին: Գրությամբ պահանջվում է նշված հանցագործությունների փաստերով հարուցել քրեական գործ և ծառահատումների վերաբերյալ ստուգումներ իրականացնել Դսեղի անտառտնտեսությունում:

Տ. Մելիքյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնել է մի քանի հանցագործությունների մասին, որոնք իրականացվել կամ հովանավորվել են առնվազն 7 պաշտոնատար անձանց կողմից և եթե նշված հաղորդման հիման վրա չհարուցվեն քրեական գործեր և չիրականացվեն խորը հետազոտություններ կնշանակի, որ այս գործում առավել բարձր պաշտոններ զբաղեցնող անձիք են թաքնվում ու նրանք նույնպես զբաղված են ՀՀ անտառային տարածնքների ոչնչացմամբ ու միլինավոր գումարների հափշտակմամբ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս