Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանի քաղաքականությունը պետք է լինի հայամետ, ոչ թե արևմտամետ կամ ռուսամետ
Հայաստանը շատ ավելի իրատեսական պետություն է, քան ՆԱՏՕ-ի այլ գործընկերներ, քանի որ չի ձևացնում, թե ուզում է դառնալ անդամ, այլ համագործակցում է` որպես գործընկեր: Այսպիսի գնահատական տվեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (ՏՀԿ) տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` այսօրվա քննարկմանը խոսելով «ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ազդեցությունը Հայաստանի և Հարավային Կովկասի վրա» թեմայի շուրջ:
Քաղաքագետի բնորոշմամբ` Ուկրաինայում տեղի ունեցողը իսկական պատերազմ է, բայց դա նաև յուրահատուկ քննություն է և´ ՆԱՏՕ-ի անդամների, և´ նրա գործընկերների համար: Ուշագրավ է, որ, Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, ՆԱՏՕ-ն նույնիսկ Սառը պատերազմի տարիներին չի ունեցել պատրաստվածության այնպիսի բարձր աստիճան, ինչպես այսօր: Ըստ նրա` համաշխարհային պատմության մեջ ոչ մի կայսրություն`ո´չ Հռոմեական կայսրությունը, ո´չ Բյուզանդիան, ՆԱՏՕ-ի չափ ծախսեր չի արել ռազմական դաշինքների վրա:
«Սերժ Սարգսյանի որոշումը` մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, տպավորիչ էր: Հինգ տարվա մեջ առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչը մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Հայաստանը ցույց տվեց, որ նա պարզապես անվտանգության սպառող չէ, նա իր ավանդն է բերում տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը: Ավելի քան 100 զինծառայողներից կազմված խաղաղապահ ուժերի մասնակցությունը ցույց է տալիս, որ փոքրիկ Հայաստանը ռազմավարական մեծ խնդիրներ է լուծում»,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:
Ինչպես Նյուպորտում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի, այնպես էլ այսօրվա քննարկման գլխավոր հարցերից մեկը Ռուսաստանից եկող սպառնալիքն էր, այսպես ասած` Ռուսաստանի ագրեսիան և ՆԱՏՕ-ի գործընկերների համախմբումն ընդդեմ այդ ագրեսիայի: Եվ այս առումով Ռիչարդ Կիրակոսյանը հարկ համարեց շեշտել, որ չնայած իր անձնական վերաբերմունքին` ավելի կարևոր է համարում, որպեսզի Հայաստանի քաղաքականությունը լինի հայաստանակենտրոն, հայամետ և ոչ թե արևմտամետ կամ ռուսամետ: