Ուիլիամ Լահյու. ՆԱՏՕ-ն չի պատրաստվում դառնալ ձեր փրկիչը

Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում սպառնալիք են բոլորի համար:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից «ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ազդեցությունը Հայաստանի և Հարավային Կովկասի վրա» թեմայով այսօր կազմակերպված քննարկմանը նման հայտարարություն արեց Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Ուիլիամ Լահյուն:

«Եթե այսպիսի ուժային գործողություններ սկսվեն, սա արդեն սպառնալիք է բոլորիս համար: Սրանից տուժեց Վրաստանը, հիմա` Ուկրաինան, ո՞վ է հաջորդը, Մոլդո՞վան, Մերձբալթիկայի երկրնե՞րը: Սա առաջ է բերում հարցեր Եվրոպայի անվտանգության վերաբերալ և այսպիսով պահանջում է, որպեսզի դաշինքը պաշտպանի»,- ասաց Լահյուն` միաժամանակ ավելացնելով, որ այդ երկրներն իրենք պետք է որոշեն իրենց պաշտպանության ռազմավարությունը, քանի որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում դառնալ փրկիչ կամ լուծել տարածաշրջանային հիմնախնդիրներ:

Ուիլիամ Լահյուի խոսքով` ՆԱՏՕ-ի սեպտեմբերյան գագաթաժողովի նվաճումներից մեկն այն էր, որ տեղի ունեցավ մտածողության փոփոխություն, որն առաջ մղվեց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի կապակցությամբ: Անդրադառնալով ՆԱՏՕ-ի անելիքներին` Ուիլիամ Լահյուն խոսեց Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության մասին`նշելով, որ ՆԱՏՕ-ն Աֆղանստանում խոշոր ռազմական գործողություններից անցում է կատարել դեպի Աֆղանստանի ազգային ուժերի վերապատրաստում և աջակցություն: Այս առումով ՆԱՏՕ-ն կարևորում է համագործակցությունը գործընկեր պետությունների, այդ թվում` Հայաստանի հետ: Լահյուն շեշտեց, որ գործընկերությունը Հայաստանի հետ շարունակվելու է: Նրա խոսքով` Հայաստանը շարունակում է իր աջակցությունը ՆԱՏՕ-ի գործողություններին Աֆղանստանի առաքելությանը: ՆԱՏՕ-ն նաև ձգտելու է Հայաստանի համար մատչելի դարձնել կադրերի վերապատրաստման պրոֆեսիոնալ զարգացման ծրագիրը, որը մի հիմնադրամ է` հատուկ ստեղծված Վրաստանի և Ուկրաինայի համար: Այս նպատակով վերջին գագաթաժողովում որոշվել է տրամադրել ֆինանանսական աջակցություն:
Ինչ վերաբերում է հարևան Վրաստանին, վերջինս, ըստ Լահյուի, 2015 թ. լիարժեք անդամ չի դառնա, բայց «ավելի մոտ կլինի» ՆԱՏՕ-ի անդամակցությանը: Ի դեպ, Լահյուն ավելացրեց, որ Ուկրաինան նույնպես չի պատրաստվում դառնալ ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչն իր խոսքում ասաց, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հիմնական արդյունքն այն էր, որ իրենք մշակեցին գործողությունների պլան: «Ռուսաստանը ՆԱՏՕ-ին դիտարկում է որպես սպառնալիք, և մենք պետք է պատասխանենք դրան»,- ասաց դեսպան Լիչը:

Ըստ նրա`ՆԱՏՕ նշանակում է ավելի շատ ծախսեր պաշտպանության վրա, իսկ ավելի լավ ՆԱՏՕ նշանակում է ավելի լավ պլանավորում: Դեսպան Լիչի խոսքով` սեպտեմբերի 4-5-ին Ուելսի Նյուպորտ քաղաքում տեղի ունեցած գագաթաժողովը նաև լավ հնարավորություն էր շնորհակալություն հայտնելու գործընկեր պետություններին, այդ թվում` Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից երկրներին, որոնց թվում է նաև Հայաստանը:

«Հայաստանը եզակի դեր է խաղում` որպես ՀԱՊԿ-ի անդամ, որպես մի երկիր, որը ISAF-ում ավելի շատ մասնակցություն է բերել, քան ՆԱՏՕ-ի շատ դաշնակիցներ: Սարգսյանը ներկա էր այդ գագաթաժողովին, և մենք գնահատում ենք նրա ավանդը ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերություններում և անհամբերությամբ սպասում ենք, որպեսզի հաջորդ գագաթաժողովին խորացնենք համագործակցությունը ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև»,- ասաց Քեթի Լիչը:

 

Տեսանյութեր

Լրահոս