Մահացած հայ գերու ընտանիքը դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ադրբեջանական գերության մեջ դաժան վերաբերմունքի ենթարկված տարեց հայ գյուղացի Մամիկոն Խոջոյանի գործը, հինգշաբթի օրը պաշտոնապես ուղարկվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Խոջոյանի երեք զավակները գանգատ են ներկայացրել «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ և «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի աջակցությամբ:
«Սա առանձնահատուկ դաժանության վառ օրինակ է անօգնական 77-ամյա մարդու նկատմամբ»,- ասաց ՄԻՊԵԿ իրավախորհրդատու Վահե Գրիգորյանը, ով ներկայացնելու է Խոջոյանի ընտանիքը Եվրոպական դատարանում: «Մենք աջակցում ենք մեր գործընկեր` ԸԻԿ-ին Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առջև` Խոջոյանի ընտանիքի համար արդարության հասնելու նպատակով»:
«Խոջոյանը գերության սկզբից ևեթ ենթարկվել էր դաժան և վատ վերաբերմունքի, ինչը վերջնական արդյունքում հանգեցրեց նրա մահվան»,-ասաց ԸԻԿ փաստաբան Քրիստինա Գևորգյանը,-մենք դիմում ենք ՄԻԵԴ` Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության կանչելու իր կատարած ծանր հանցագործության համար և ապահովելու, որ վերջ դրվի այդպիսի վերաբերմունքին
Հայցվորները գանգատում ներկայացնում են Խոջոյանի խոշտանգման ապացույցներ, ինչպես նաև ցուցադրում են իշխանությունների կողմից Բաքվում անմեղ հայերի նկատմամաբ իրականացվող դաժան վերաբերմունքի պարբերական պատկերը:
Հունվար ամսին Խոջոյանի գերեվարումից հետո այլ անձիք ևս գերի են ընկել Ադրբեջանում` ենթարկվելով հրապարակային նվաստացման և վատ վերաբերմունքի:
Վերջին դեպքերից մեկի ժամանակ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվել է սահմանի մոտ և հեռուստատեսությամբ ներկայացվել է որպես «դիվերսանտ», իսկ բանտարկությունից մեկ օր հետո սպանվել:
Խոջոյանի ընտանիքը պահանջում է Ադրբեջանի կառավարության նկատմամբ քրեական հետապնդում` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, որոնք արգելում են սպանությունը, խոշտանգումը, անմարդկային վերաբերմունքը և խտրականությունը: Նրանք նաև կոչ են անում լսել Ադրբեջանի իշխանությունների կողմից խոշտանգումների ենթարկված քաղաքացիների համանման գործերը, ներառյալ Արթուր Բադալյանի և Կարեն Պետրոսյանի գործերը:
ՄԻԵԴ-ը քննարկելու է գանգատը ընդունելիության տեսանկյունից, որից հետո կարող է սկսվել դատական գործընթացը և կայացվել պարտավորեցնող վճիռ: