Բաժիններ՝

Խնդիրները շատ են, բայց առաջնայինը գլխավոր ճանապարհի ասֆալտապատման հարցն է

asparez.am-ը գրում է. Մարզկենտրոն Վանաձորից 14 կմ հեռավորության վրա է գտնվում Լոռու մարզի Լեռնապատ համայնքը: Գյուղը սահմանակից է Արջուտ, Սարալ, Դարպաս, Հալավար գյուղերին: Դարերի պատմություն ունեցող Լեռնապատը 17-րդ դարում կոչվել է Հաջի-Ղարա: Բնակչության մեծ մասի նախնիները 18-րդ եւ 19-րդ դդ. այստեղ են տեղափոխվել Ղարաբաշից, Պարսկաստանի Սալմաստ գավառից եւ Արեւմտյան Հայաստանից: 1918թ. գյուղը հերոսաբար մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին եւ, ինչպես բնակիչներն են հպարտորեն ասում, եզակի այն գյուղերից է, որտեղ թուրքի ոտքը չի մտել: Հայրենական Մեծ պատերազմից հետո գյուղը վերանվանվել է Մակարաշեն, իսկ 50-ական թվականների վերջին` Լեռնապատ:

1988թ. երկրաշարժից գյուղը ավերվեց ամբողջովին եւ ունեցավ 130 զոհ: Որոշակի վերականգնողական աշխատանքներ կատարվել են գյուղում. համայնքապետարան, դպրոց, ամբուլատորիա, շուտով այս շարքը կհամալրի նաեւ մանկապարտեզը:

Գյուղում ապրուստի հիմնական միջոցը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն են: Զբաղվում են հիմնականում ցորենի, գարու, կարտոֆիլի, կաղամբի եւ այլ բանջարաբոստանային կուլտուրաների աճեցմամբ: Այս ճյուղի զարգացմանը նպաստում է վերջին տարիներին նորոգված եւ կառուցված ոռոգման ցանցի առկայությունը: Իսկ խոչընդոտում է գյուղական տեխնիկայի բացակայությունը:

Արոտների, խոտհարքների հեռավորության, վատ ճանապարհների, տեխնիկայի սակավության, մաշվածության եւ գնողունակ բնակչության բացակայության պատճառով գնալով նվազում են անասնապահության ծավալները: Կաթ, միս, բուրդ, ձու եւ այլ բնամթերքների իրացմանը խանգարում են նախեւառաջ գյուղի անմխիթար ճանապարհները:

«Էս կենտրոնականը որ սարքվի, գյուղամիջինով էլի յոլա կգնանք: Կապ չկա, տաքսիները չեն գալիս, ավտոբուսի շոֆերները բողոքում են, սաղ քանդված ա, գեղի ավտոներն էլ շրջանցում են, ֆռռում, քարհանքի ճանապարհով գյուղ մտնում»,- ասում են գյուղի բնակիչները:

Առաջնահերթությունը տալով համայնքի բուժկետի կառուցմանը՝ այստեղ աչքաթող չեն անում նաեւ ճանապարհների հարցը:

«Նախորդ տարի բավականին աշխատանքներ տարվել են, բայց շարունակական ու հորդառատ անձրեւները դարձյալ իրենցն են արել: Այս տարի էլ գյուղում իրականացվեցին փոսալցումներ՝ ճանապարհի վիճակը փոքր-ինչ բարելավելու համար»,- ասում է Լեռնապատ համայնքի ղեկավար Սարիբեկ Աբազյանը եւ հավելում. «էս տարվա ծրագրով մարզպետարանի կողմից տրամադրվել էր 2,5 միլիոն դրամ՝ փոսալցումներ իրականացնելու համար, բայց հույս ունենք, որ հաջորդ տարի կառավարության կողմից իրականացվելիք հրատապ ծրագրում համայնքի ճանապարհի հարցը եւս կընդգրկվի»:

Կենտրոնական մայրուղուց մինչեւ հին գյուղամեջ տանող՝ 4,5 կմ հատվածի անբարեկարգ վիճակը խոչընդոտում է ոչ միայն գյուղից դեպի քաղաք բնամթերքի տեղափոխմանը, այլեւ լրջորեն վնասում զբոսաշրջության զարգացմանը: Դարավոր ավանդույթներ ունեցող գյուղում շատ են պատմամշակութային վայրերը, սրբատեղիներն ու, պարզապես, կանաչ գոտիները:

«Կողմնակի մարդիկ են գալիս գյուղ, լավ տեղեր շատ ունենք, ինչքան եկող-գնացողները շատ լինեն, այնքան լավ: Բայց էս վիճակով չեն գալիս, որ ճանապարհը լավ լինի, կապն էլ արտաքին աշխարհի հետ ամուր կլինի»,- կիսվում են համայնքի բնակիչները:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս