Կառավարությունը քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» և ևս 12 ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունումը պայմանավորված է գրավով ապահովված գործարքների դերի բարձրացմամբ` վարկային և ֆինանսական գործարքներ իրականացնելիս:
Նիստում հավանություն է տրվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունման դեպքում կերաշխավորվի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանությունը անձնական տվյալների մշակման բնագավառում: 
ՀՀ կառավարությունը քննարկել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Օրինագծի նպատակն է հստակեցնել և ճշգրտել օրենսգրքում եղած որոշ դրույթներ: Գործադիրը նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել:
Կառավարության առարկությունը չի հարուցել նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Ըստ նրանց հիմնավորման, փոփոխությունների առաջարկությունը կատարվել է տեղական ինքնակառավարման համակարգի գործունեության երկար տարիների փորձի հաշվառմամբ: Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել հեղինակների հետ համագործակցել նախագծի հնարավոր լրամշակման հարցում:
Գործադիրը պատրաստ է նախագծերի փաթեթի լրամշակման դեպքում համագործակցել ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հետ, ով հանդես է եկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ: Օրինագծի նպատակն է ստեղծել վարկային պայմանագիր կնքած քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ:
Քննության է առնվել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում, ըստ հեղինակների, անձը հնարավորություն կստանա իրացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իր իրավունքը: Կառավարությունն սկզբունքորեն ընդունելի է համարել օրենքի նախագիծը` անելով նաև մեկ առաջարկություն:
Քննարկելով ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձենության կարգով ներկայացրել են ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ, գործադիրն իր հերթին ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում միայն ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Տեսանյութեր

Լրահոս