Կոմիտասը մեզ համար ոչ միայն կոմպոզիտոր է կամ երաժշտագետ, այլև մտածելակերպ
Օգոստոսի 27-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ-միջոցառում «Կոմիտաս. վերապրում» խորագրով՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 145-ամյակին: Համերգին ընդառաջ այսօր համատեղ մամուլի ասուլիսով հանդես եկան հայ ստեղծագործող ու կատարող Վահան Արծրունին և կոմպոզիտոր, դիրիժոր, հայկական վիոլայի կատարող Գրիգոր Առաքելյանը:
«Համերգը շատ յուրահատուկ է լինելու: Սովորաբար մեր բոլոր դասական երգչախմբերն, անշուշտ, կատարում են Կոմիտաս, բայց Կոմիտասն այդ դեպքում ավելի շատ ներկայանում է որպես կոմպոզիտոր: Իսկ մենք այս համերգի ընթացքում փորձելու ենք կոմիտասյան մոտեցումը, մտածողությունը մատուցել մարդկանց, քանի որ Կոմիտասը մեզ համար ոչ միայն կոմպոզիտոր է կամ երաժշտագետ, այլև մտածելակերպ՝ ինչպես մոտենալ ավանդական երաժշտությանը նույնիսկ ոչ հայ երաժշտության ոլորտում:
Այս համերգը Կոմիտասի վերապրում է, թե ինչպես այսօրվա մտավորականը, երաժիշտը կարող է վերապրել Կոմիտասին և ինչ կստացվի դրա արդյունքում՝ սա է համերգի հիմնական շեշտը»,- ասաց Գրիգոր Առաքելյանը:
Վահան Արծրունին էլ հավելեց, թե իրենց համար կարևոր է ժամանակները միամյան «կապելը», որն արվեստի առաքելությունն է.
«Այս պարագայում մենք ժամանակները կապել ենք նույնիսկ նվագարանների առումով: Օրինակ՝ դուդուկը հայկական ավանդական հնագույն նվագարաններից մեկն է, իսկ դրա հետ մեկտեղ Գրիգոր Առաքելյանը հայկական վիոլա է նվագում, որը նորաստեղծ նվագարան է և որը միայն Գրիգորն է նվագում աշխարհում, այսինքն՝ միջնադարյանն ու ժամանակակից դասականը միմյանց են կապվել այս դեպքում: Կարծում եմ ՝ սա հետաքրքիր կլինի ոչ միայն մեզ համար՝ որպես երաժիշտների, այլև ունկնդրի, քանի որ գաղափարների նման համադրում, գեղագիտական նման մոտեցում որևէ այլ համերգային ծրագրի շրջանակում կամ այլ բեմում չեք տեսնի: Սա մեզ համար խոնարհում է Կոմիտաս էության առաջ, սա մեր նվիրումն է Կոմիտասի 145-ամյակին և սա Կոմիտասի մեր վերապրումն է»:
Համերգը բաղկացած է լինելու երկու բաժիններից, որոնք միմյանցից տարբերվում են թե՛ ոճական և թե՛ ժանրային առումներով. «Սովորաբար ընդունված չէ մեկ համերգի ընթացքում այս տեսակի համագործակցությունը, բայց մեր նպատակն է հենց այդ տարբերությունը ցույց տալ՝ ներշնչված Կոմիտասի արվեստից: Առաջին բաժնում կլինի հայ միջնադար և Կոմիտաս՝ հին մշակումներով և մենակատարների մասնակցությամբ, իսկ երկրորդ բաժնում այս նույն կազմը միանում է Վահանին և նրա երգերին», ասաց Գ. Առաքելյանը:
Նրանց խոսքով՝ համերգի նախաձեռնությունն իրենց է, Մշակույթի նախարարություն որևէ աջակցություն չի ցուցաբերել. «Աջակցությունն իր չափով ցուցաբերում է Կամերային երաժշտության տան տնօրինությունը, թղթաբանական հարցերով օգնում է պրոդյուսեր Միկա Բաբայանը, Օպերային թատրոնն է աջակցում այն առումով, որ փորձերը հենց այնտեղ են անցկացվում: Մի խոսքով՝ բոլոր այն մարդիկ, ովքեր հասկանում են այս նախաձեռնության առաքելությունն ու նշանակությունը, օգնում են, և սա շատ լավ առիթ է հենց նրանց շնորհակալություն հայտնելու աջակցության համար: Կան հաստիքային արվեստագետներ, որոնք ասում են՝ մեզ մեծ միջոցառումներ են սպասվում կոմիտասյան այս տարում, բայց ես որքանով հարցուփորձ եմ արել, հետաքրքրվել եմ, ոչ մի նման միջոցառման մասին դեռ չեմ լսել: Կա՛մ, ըստ երևույթին, գաղտնի են պահում այդ ծրագիրը, կա՛մ սա հերթական ստերից է: Եթե այս դեպքում էլ այն նույն մոտեցումը լինի, ինչը եղավ Մեսրոպ Մաշտոցի դեպքում, շատ ցավալի կլինի:
Մենք՝ որպես ստեղծագործողներ և որպես արտիստներ, մեր ժամանակը չենք կարող կորցնել, չենք կարող սպասել, այդ իսկ պատճառով էլ նախաձեռնել ենք այս համերգը, բայց եթե, իհարկե, լինեն համագործակցության առաջարկներ, սիրով կհամագործակցենք:
Մենք ցանկանում ենք, որ այս համերգով վերջնականապես հղկվի ծրագիրը և իհարկե պատրաստակամ ենք Կոմիտասյան երաժշտության այս մոտեցումն ու վերապրումը պրոպագանդել ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս»,- ասաց Վահան Արծրունին:
Համերգին իրենց մասնակցությունը կունենան նաև մեներգչուհի Հասմիկ Բաղդասարյանը, դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը, ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանը, «Les Violons d’Armenie» լարային հնգյակը:
168.am-ի այն հարցին, թե նման համերգների ժամանակ հայ հանդիսատեսի շարքում ովքե՞ր են հիմնականում լինում, արդյոք հայ հասարակության մեջ կոմիտասյան երաժշտության ընկալում կա՞, Գրիգոր Առաքելյանը պատասխանեց, որ ոչ միայն ընկալում, այլև կարոտ կա Կոմիտասյան երաժշտության. «Այդ ընկալումն ու կարոտը կա նույնիսկ այն շերտերի մոտ, որոնք ծանոթ չեն Կոմիտասյան արվեստին: Կոմիտասը հասարակ կոմպոզիտոր չէ, կարելի է ասել, որ նա գտել է հայկական գենետիկ կոդը երաժշտության միջոցով: Եթե կարողանան այն մաքրությամբ, որ Կոմիտասն է տալիս երգը, այդպես մատուցել, հաղորդել ունկնդրին, ցանկացած մարդ, կապ չունի հայ թե արտասահմանցի, անպայման կընկալի, ինչ-որ հոգեվիճակ է գալիս, կարծես ինչ-որ բանալիով գենետիկ կոդ է բացվում մարդու սրտում, ազգային ինքնագիտակցությունն ու արմատներն են արթնանում: Պետք չէ, որ մարդն անպայման հասկանա, բայց եթե անընդհատ հնչի այդ մաքուր ձևով, անպայման իր ազդեցությունն ունենալու է: Քանի՜ ֆրանսիացիներ մեր համերգներից հետո արցունքներն աչքերին գալիս են և ասում՝ մենք զգում ենք, որ հայ ենք, մենք ուզում ենք հայ լինել: Այսինքն՝ սա կոմիտասյան մոտեցման արդյունքն է»: