Ինչու է դատարանը մեղավոր ճանաչել Վահե Ղուկասյանին. դատարանի վերլուծությունը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Վահե Ղուկասյանը, դատապարտվել է 17 տարի ժամկետով ազատազրկման: Datalex դատական տեղեկատվական համակարգում տեղադրվել է առաջին ատյանի դատարանի վճիռը, որը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել:

Ինչում են մեղադրել Վահե Ղուկասյանին
Վահե Ղուկասյանը մեղադրվում է նրանում, որ նա «ապօրինի կերպով ձեռք բերված և իր մոտ պահվող հրազենով փորձել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Հարություն Սամսոնի Խաչատրյանին, սակայն իր կանքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, այնուհետեւ ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել է Արտյոմ Միշայի Կարապետյանին և ապօրինի կերպով ձեռք բերել, պահել ու կրել է հրազեն և ռազմամթերք»:

Ինչ ցուցմունք է տվել ամբաստանյալը
Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Վահե Ղուկասյանը գործի մինչդատական վարույթում իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ դատաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն միայն ՀՀ քրեական օրենսրքի 235 հոդվածի 1-ին մասով է մեղավոր ճանաչել և օգտվելով իր դատավարական իրավունքից հրաժարվել է առաջադրված մեղադրանքի շուրջ ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց:Իսկ գործի մինչ դատական վարույթում էլ առաջադրված մեղադրանքի շուրջ ցուցմունք է տվել, որոնք էլ հետազոտվել են դատաքննության ընթացքում այն մասին, որ բնակվել է Գյումրիում: Հանգուցյալ հորեղբայրը` Արթուր Ղուկասյանը, ունեցել է մեկ «ԱԿ» տեսակի ինքնաձիգ և մեկ հատ էլ ատրճանակ, որոնց գտնվելու տեղը իմացել է միայն հորեղբոր` Արթուրի մահից հետո: Այդ զենքերը վերցնելով տարել, պահել է իրենց տանը:

Ըստ դատարանի վճռի՝ նախաքննության ընթացքում ամբաստանյալը հայտնել է, որ 2013թ. ապրիլի 22-ին հայրը՝ Անդրանիկ Ղուկասյանը, Գյումրու իրենց տան բակում գտնվող չորանոցից հայտնաբերել է իր կողմից պահած, հորեղբորը պատկանող զենքերը և զայրանալով իր վրա, հարցրել է, թե ինչ զենքեր են, ինքն էլ հորից թաքցնելով, թե որտեղից է ձեռք բերել, ասել է, թե իր պահածն է եւ խոստացել, որ առավոտյան զենքերը կտանի և դրանք տանը չեն մնա:

Կարդացեք նաև

2013թ. ապրիլի 23-ին այդ զենքերը վերցնելով, դրել է իր <ՎԱԶ 2170> մակնիշի, սպիտակ գույնի մեքենայի մեջ և ցանկացել է դրանք տանել ու պահել իրենց Գյումրու Վարդ-Բաղ թաղամասում գտնվող առանձնատանը: Հիշյալ մեքենայով մորը տարել է Գյումրու կենտրոնական շուկա, որից հետո գնացել է ընկերուհու թաղամաս, որը բնակվել է Գյումրու փոստի շենքի հետևի բակում, մեքենայով պտտվել է, փորձելով փողոցում հանդիպել ընկերուհուն, որի հետ վիճած է եղել, սակայն չի տեսել նրան:Որից հետո զանգահարել է հոր ընկերոջը, որն աշխատել է Գյումրու «Ռաբիզում» և պայմանավորվել է նրա հետ, որ հոր հանձնարարությամբ նրան գումար փոխանցի:Գյումրու գազի գրասենյակի խաչմերուկում հանդիպել է Շավարշին, նրան է փոխանցել հոր կողմից տված գումարը, ապա նրան իջեցրել է Գյումրու Հաղթանակի պողոտայում և ավտոմեքենան Հաղթանակի պողոտայի վրա գտնվող բենզալցակայանից բենզին է լցրել, մեկ անգամ էլ պտտվել է ընկերուհու թաղում եւ շարժվել է դեպի տուն: Ընթացել է Գյումրու Ալեք Մանուկյան փողոցով դեպի Շիրակացի փողոց, նշված փողոցների խաչմերուկում իր դիմացից ընթացել է «Մերսեդես Բենց» մակնիշի, սև գույնի մի ավտոմեքենա:

Երբ թեքվել է Շիրակացի փողոց եւ մոտ 10 մետր ընթացել, ցանկացել է այդ մեքենայի աջ կողմից վազանցել և 2 անգամ երկար ձայնային ազդանշան է տվել, որ չբախվեն իրար: Այդ մեքենան էլ երկար, մի քանի անգամ ձայնային ազդանշան է տվել ու երթևեկել դեպի ձախ, մտել հանդիպակաց գոտի եւ մեքենայի առջևը դեպի Անի թաղամաս ուղղված, կանգնել: Ինքը, քիչ առաջանալով, կանգնել է իր ընթացքի աջ մայթեզրին կից, առանց մեքենայից իջնելու, թեքվել է ու բաց պատուհանից տեսել, որ «Շեկո» մականունով տղան, որին ճանաչել է միայն դեմքով Գյումրի քաղաքից, իջել է մեքենայից, սակայն չի նկատել, թե մեքենայի` որ մասից, կանգնել է այդ մեքենայի դիմաց, բարձրացնելով վերնազգեստը եւ այդ պահին նրա գոտկատեղին տեսել է ատրճանակ:

Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ ամբաստանյալը նախաքննության ընթացքում հայտնել է, որ «Շեկոն» բղավել է դիմելով իրեն, թե «արի, արի»: Ինքը մեքենայի դուռը բացելով, ձախ ոտքը դուրս է դրել գետնին և ցանկացել է իջնել, երբ տեսել է, որ ատրճանակը արդեն եղել է «Շեկոյի» ձեռքին: Իջել է մեքենայից եւ, քանի որ հորեղբոր ինքնաձիգը իր կողքի նստատեղին է դրված եղել, կռացել է մեքենայի մեջ, որ վերցնի ինքնաձիգը ու այդ պահին 2 կրակոցի ձայն է լսել: Ինքնաձիգը վերցնելով, շրջվել է ու զգացել, որ վիրավորվել է` կրակոցից վնասվածք է ստացել: Պաշտպանվելու համար թեքվելով դեպի «Շեկոյի» կողմը, ինքնաձիգի փողը ուղղելով նրա ուղղությամբ, սկսել է կրակել: Արձակել է կրակոցներ 4-5 անգամ` մեկ-մեկ հատով: Այդ պահին փողոցով մեքենաներ եւ մարդիկ են եղել անցնող, որոնք խուճապի են մատնվել կրակոցներից: «Շեկոն» ևս մեկ կրակոց է արձակել իր ուղղությամբ: Դրանից անմիջապես հետո այլևս չի տեսել, թե «Շեկոն» ինչ գործողություններ է կատարել, շրջվել, նստել է իր «Վազ 2170» մակնիշի ավտոմեքենան և գնացել դեպի Գյումրու Բուլվարային թաղամաս: Ավտոմեքենան, որի մեջ եղել են զենքերը, կանգեցրել է Գյումրու «Սև Ղուլի» մոտակայքի ճանապարհին, իջել է ավտոմեքենայից ու փախել դաշտերով:

Մինչև ուշ ժամի մնացել է դրսում, գիշերով գնացել է տուն, իսկ հաջորդ օրը իրենց տուն են գնացել ոստիկանության աշխատակիցներ և իրեն բերման ենթարկել: Դեպքից հետո, հեռուստատեսությամբ լսել է, որ «Շեկոն» ստացած վնասվածքներից մահացել է: Դեպքի պահին` կրակոցների ընթացքում, չի տեսել «Մերսեդես Բենց» մակնիշի, սեւ գույնի մեքենայից «Շեկոյից» բացի իջնող այլ անձի, վերջինիս կողքին էլ այլ անձի չի տեսել, «Շեկոյից» բացի այլ անձի ուղղությամբ չի կրակել: Չի տեսել, թե կրակոցներից հետո «Շեկոն» ընկել է, թե ոչ, այլ գործողություններ կատարել է, թե ոչ: Կրակոցների ընթացքում ինքը և «Շեկոն» չեն առաջացել դեպի իրար և իրենց միջև հեռավորությունը եղել է 8-10 մետր: Կրակոցներից այլ անձիք վնասվել են, թե ոչ, չի տեսել: Նախկինում իր և «Շեկոյի» միջև ոչ մի փոխհարաբերություն, վիճաբանություն չի եղել, ընդհանրապես չեն շփվել:

«Քավոր Հարութ» մականունով Հարություն Խաչատրյան անձնական տվյալներով անձի չի ճանաչել: Դեպքի պահին իր հետ ոչ ոք չի եղել, իրեն ոչ մի մեքենա չի ուղեկցել, իսկ դեպքից հետո իր բջջային հեռախոսը շպրտել է: Դեպքի պատճառն էլ եղել է միայն ավտոմեքենայի ձայնային ազդանշան իրար հանդեպ տալը: «Շեկոն» դեպքի պահին 3-րդ կրակոցն արձակելիս, ատրճանակի փողը ուղղած է եղել իր կրծքավանդակի շրջանին, որը ինքը տեսել է, իսկ ինքը «Շեկոյի» ուղղությամբ կրակելիս, ինքնաձիգի փողը ուղղած է եղել նրա ոտքերին, «Շեկոյի» գոտկատեղից վերին հատվածում առաջացած վնասվածքը հավանաբար առաջացել է իր կրակելու արդյունքում «ռեկաշետից»:

Իր վճռում դատարանը նշել է. «Չնայած այն հանգամանքին, որ ամբաստանյալը դատաքննության ընթացքում օգտվելով իր դատավարական իրավունքից հրաժարվել է առաջադրված մեղադրանքի շուրջ ցուցմունք տալուց, սակայն դատաքննության ընթացքում իր գործի մինչդատական վարույթում տված ցուցմունքների հրապարակումից հետո էլ հայտարարությամբ հանդես գալով եւ հարցերի մի մասին էլ կծկտուր, հակասական պատասխաններ տալով հայտնել է նոր հանգամանքներ, որոնց մասին չի նշել իր գործի մինչդատական վարույթում տված ցուցմունքներում: Այսպես.

Նա նշել է, որ երբ դեպքի վայրում կանգնել է և իր ավտոմեքենայից դուրս է եկել , իրեն տուժողը` «Շեկոն» կանչել է, ինքը մի քանի քայլ գնացել է դեպի այդ կողմը և տեսել, որ տուժողը կրակում է, վազելով գնացել է, որ ավտոմատը վերցնի ավտոմեքենայի միջից, այդ պահին էլ մի «Կամազ» ավտոմեքենա է եղել փողոցում և ինքը այդ ավտոմեքենայի հետևով զիգզագաձև գնացել է և իր մեքենայի միջից վերցելով ինքնաձիգը 4-5 անգամ կրակել է դեպի տուժողը: Երբ իր ավտոմեքենայի միջից վերցրել է ինքնաձիգը այդ ժամանակ էլ զգացել է, որ արդեն խփված է:

Նա հայտնել է նաև, որ ինքը չի ուզեցել մարդ սպանել, եթե ուզենար ապա ինքնաձիգի լրիվ փամփուշտներն էլ կկրակեր և ինքը մինչ դեպքը տուժողին չի հետապնդել: Իր ավտոմքենայի վրայի 99 999 թվերով համարնիշն էլ գտել է և դեպքից շուրջ երեք ամիս առաջ տեղադրել իր ավտոմեքենայի վրա, ավտոմեքենայի հաշվառման համարանիշի փոխարեն: Ամբաստանյալ՝ Վահե Անդրանիկի Ղուկասյանի կողմից գործի հանգամանքներին չհամապատասխանող նման հակասական ցուցմունք տալը ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված մեղադրանքները չընդունելու վերաբերյալ նրա բերած պատճառաբանությունները մտածածին են, նպատակ են հետապնդում խուսափելու քրեական պատասխանատվությունից ու պատժից»:

Ինչով է դատարանն ապացուցված համարել ամբաստանյալի մեղքը
Իր վճռում առաջին ատյանի դատարանը նշել է, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքները ապացուցված են գործով ձեռք բերված և դատաքննությամբ ձեռք բերած հետևյալ ապացույցներով:

1.Տուժողի իրավահաջորդ, հանգուցյալ Արտյոմ Կարապետյանի մայրը ՝ Գեղեցիկ Կարապետյանը, որը հրաժարվել է գործով դատաքննությանը ներկայանալ գործի մինչդատական վարույթում ցուցմունք է տվել, որն էլ հետազոտվել դատաքննության ընթացքում այն մասին, որ իր հանգուցյալ որդու՝ Արտյոմ նույնը «Շեկո» Կարապետյանի հետ տեղի ունեցած դեպքից, օգտագործված զենքից որևէ տեղեկություն չունի, որդին եղել է աջլիկ: Պահանջել է, որ գործով բոլոր մեղավորները խստագույնս պատժվեն: Հայտնել է, որ որևէ մեկից էլ նյութական պահանջ չունի:

2.Տուժող Հարություն Խաչատրյանի գործի մինչդատական վարույթում և դատաքննության ընթացքում տված ցուցմունքներով այն մասին, որ ունի անձնական օգտագործման «Մերսեդես Բենց-500» մակնիշի ավտոմեքենա: Հանգուցյալ Արտյոմ Կարապետյանին, որին «Շեկո» մականունով են կոչել, ճանաչել է վաղուց, վերջինիս հետ ընկերություն են արել: Դեպքի նախորդ օրը «Շեկոն» իրեն ասել է, որ Մոսկվայից եկած հյուրեր ունի և նրանց սպասարկելու համար իրենից խնդրել է իր «Մերսեդես» ավտոմեքենան, ինքն էլ չի մերժել վերջինիս ու ավտոմեքենան հանձնել է նրան: «Շեկոյի» տղան ֆուտբոլիստ է և խաղացել է «Շիրակ-2» թիմում: 2013թ. ապրիլի 22-ի երեկոյան կամ 23-ի առավոտյան, ճիշտը չի հիշում Արտյոմը զանգահարել է իրեն և խնդրել, որ միասին գնան, տեսնեն տղայի մարզիչին, որը վերջին խաղում տղային չի խաղացրել:

2013թ. ապրիլի 23-ին առավոտյան, ժամը 11:30-ի սահմաններում «Շեկոն» իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով եկել է իրենց տուն, իր հետևից եւ երկուսով գնացել են «Տեքստիլ» թաղամասի մարզադաշտ, որտեղ տեսել են Արտյոմի որդու մարզչին, այնուհետև զանգահարել է աղջիկը, որը սովորել է 5-րդ դասարանում և ասել է, որ դասերը արդեն վերջացնում է:«Շեկոյի» հետ գնացել են աղջկան դպրոցից տուն տանելու և ժամը 12:25-ին արդեն եղել են դպրոցի մոտ:Մինչ այդ էլ պայմանավորվածություն է ունեցել կնոջ և որդու հետ, որ աղջկան տուն տանելուց հետո, կնոջը տանելու էր եղբոր տուն, իսկ որդուն՝ ժամը 13:30-ին տանելու էր Գյումրու թիվ 3 պոլիկլինիկա, աչքերը ստուգելու համար:

Դպրոցից երեխային՝ Քնարիկին վերցնելուց հետո, վերցնելով նրա պայուսակը նստել է ավտոմեքենայի առջևի նստատեղին, «Շեկոյի» կողքին, իսկ աղջիկը՝ Քնարիկը նստել է ավտոմեքենայի հետեւի աջ նստատեղին և շարժվել են դեպի իրենց տուն:Ճանապարհին դեռ տուն չհասած ավտոմեքենայի միջից իր բջջային հեռախոսահամարից զանգահարել է տուն, խոսել մեծ աղջկա հետ և նրան ասել, որ տեղեկացնի մորը, որ դուրս գա Շիրակացի փողոց:Երբ թեքվել են Ալեք-Մանուկյան փողոցից դեպի Շիրակացի փողոց, Շիրակացի փողոցով ընթանալիս «Շեկոն» դուրս է եկել հանդիպակաց գոտի և Շիրակացի-Շահումյան փողոցների խաչմերուկում, իրենց տների մոտ կանգնել է, ուղղահայաց դիրքով մայթին մոտ առջևի մասը դեպի Անի թաղամաս: Ինքը հաճախակի է իր ավտոմեքենայով այդպես կանգնել, քանի որ դեպի իրենց տուն տանող Շահինյան փողոցի ճանապարհահատվածը բարվոք վիճակում չի եղել: Ճանապարհին, մինչ կանգնելը աղջկա խնդրանքով նրան գումար է տվել պաղպաղակ գնելու համար: Երբ ավտոմեքենան կանգնել է, ինքը աղջկա պայուսակը ձեռքին, առջևի աջ դռնից իջել է ավտոմեքենայից, մոտեցել է հետևի աջ դռանը, աջ ձեռքով բացել դուռը, կանգնած է եղել դեմքով դեպի ավտոմեքենայի աջ դուռը և երբ աղջիկը իջել է, ինքը աջ ձեռքը դրել է բաց դռան վերին հատվածի վրա, հրել է, որ այն փակվի ու դեռեւս չի հասցրել ձեռքը իջեցնել, հենց այդ պահին էլ գմփոցի ձայն է լսել, ուժեղ ցավ է զգացել և աջ ձեռքը ուսով պարալիզվել է: Սաստիկ ցավից չոքել է ծնկների վրա, բղավել աղջկան, որ փախնի, գնա տուն:

Հասկացել է, որ իրեն կրակել են և առաջին կրակոցից անմիջապես հետո հնչել է երկրորդ կրակոցը: Այդ պահին «Շեկոն» եղել է ավտոմեքենայի մեջ՝ ղեկին նստած: Մի կերպ ուժ է տվել իրեն, վեր է կացել ու ավտոմեքենայի հետևի մասով վազել է աղջկան փնտրելու:Այդ ընթացքում լսել է կրակոցի ձայներ, բայց, թե քանի հատ չի կարող ասել: Աջ ձեռքը չի կարողացել շարժել, սաստիկ ցավ է զգացել, ցավ է զգացել նաև ծնոտից:
Ավտոմեքենայի հետևի մասով վազելիս, երբ հասել է ավտոմեքենայի ձախ կողմից դիմացի հատվածը, տեսել է դեպի իրեն վազող Արտյոմին, որն էլ իրեն ասել է, թե «Քավոր խփված եմ» և ինքը վերջինիս ասել է, թե մտիր շենքի շքամուտք: Ինքը այդ ընթացքում փնտրել է աղջկան և երբ իմացել է, որ աղջիկը մտել է խանութ, նրա առումով ապահովվել է և ուշադրությունը սևեռել է «Շեկոյին» և մտնելով 54 շենքի առաջին շքամուտքը, տեսել է «Շեկոյին» ընկած շքամուտքի հատակի ձախ կողմում, որն էլ ասել է՝ «Լավ չեմ շտապօգնություն կանչի»:

Դուրս գալով շքամուտքից բղավել է, որ շտապօգնություն կանչեն: Այդ պահին դուրս են եկել իրենց տանեցիները, կինը լաց է եղել: Շենքի անկյունում Շահինյան փողոցի վրա ծնկները թուլացել վայր է ընկել: Այդ ժամանակ գետնի վրա տեսել է ատրճանակի փամփշտակալ փամփուշտներով ու այն վերցնելով դրել է բաճկոնի ձախ գրպանը, որն էլ հիվանդանոցում իր բաճկոնի գրպանից հայտնաբերել, հանել են: Իրեն հավաքվածները վեր են հանել, նստեցրել են մայթին:

Այդ ժամանակ որդու ձեռքին ինքնաձիգ է տեսել և ասել է, թե ինչու ես ուրիշի կրակած զենքը վերցրել: Որդին իրեն հարցրել է, թե ով է վնասել իրեն ու ցանկացել է գնալ դեպի իրենց ավտոմեքենան: Ինքը զայրացել է որդու վրա և երբ նա նստել է իրենց ավտոմեքենան ինքն էլ նստել է նրա կողքին և իր խնդրանքով, որդին ավտոմեքենան վարել է դեպի իրենց տան բակը ու կանգնել:Որդին ցանկացել է, որ իրեն հիվանդանոց տանի, սակայն ինքը հրաժարվել է ասելով, որ զանգահարել է Կամոյին, նա կգա կտանի: Այդ ընթացքում զգացել է, որ բերանի մեջ ինչ որ օտար բան կա, լեզվով հանել է բերանից ու շպրտել՝ կարծելով, որ կոտրված ատամի կտոր է:

Եկել է շտապօգնության ավտոմեքենան և «Շեկոյին» տեղափոխել են հիվանդանոց:Հետո եկել է ընկերը, իրեն տեղափոխել է հիվանդանոց:Մինչ այդ էլ ինքը ուշաթափ է եղել:
Հիվանդանոցում է իմացել, որ «Շեկոն» մահացել է:
Տուժողը հայտնել է, որ իր մոտ ատրճանակ կամ այլ տեսակի զենք չի եղել, մինչ դեպքը և դեպքի պահին զենք չի տեսել նաև «Շեկոյի» մոտ:Դեպքի վայրից հայտնաբերված ատրճանակը, թե ումն է եղել չգիտի:
Դեպքից հետո կնոջից է իմացել, որ որդու ձեռքի ինքնաձիգը, իր հանգուցյալ հոր ինքնաձիգն է եղել:

Տուժողը հայտնել է նաեւ, որ ինքը ամբաստանյալ Վահե Ղուկասյանին չի ճանաչել, նրա և նրա հարազատների, բարեկամների հետ թշնամություն, որեւէ կոնֆլիկտ ինքն ու հանգուցյալ «Շեկոն» չեն ունեցել, թե ինչու են իրենց վրա կրակել չի կարող ասել:
Ինքն իր և «Շեկոյի» վրա կրակող անձին չի տեսել, իր ուշադրությունը սևեռված է եղել աղջկա վրա և դա է եղել պատճառը, որ կրակողին չի տեսել:

Մինչ դեպքի վայր հասնելը, մինչ իրենց տների մոտ կայանելը, իրենց ինչ որ ավտոմեքենայից ձայնային ազդանշան չեն տվել, ավտոմեքենայով որևէ մեկը չի փորձել իրենց ավտոմեքենային վազանց կատարել եւ այդ առիթով վիճաբանություն չի եղել «Շեկոյի» և ինչ որ անձնավորության միջև:

Իրենց վրա կրակելը, իրենց համար եղել է խիստ անակնկալ, եթե զգային, կամ տեսնեին, կամ նկատեին, որ իրենց հետապնդում էին, կամ դարանակալել էին կրակելու ու սպանելու, փողոցում չէին կանգնեցնի մեքենան ու կգնային դեպի իրենց տուն: Միայն այն հանգամանքը, որ իր տասնամյա աղջիկը եղել է իրենց հետ դա ապացուցում է, որ իրենք որևէ մեկին նախահարձակ չեն եղել ու չեն կրակել, այլ իրենց վրա են հարձակվել ու կրակել:

«Չնայած նրան, որ տուժողն ինչպես գործի մինչ դատական վարույթում, այնպես էլ դատաքննության ընթացքում ըստ էության տվել է համանման, նույնաբովանդակ ցուցմունքներ, սակայն դատաքննության ընթացքում հրաժարվել է իր գործի մինչդատական վարույթում տված ցուցմունքի մի մասից և հայտնել է, որ երբ իր ավտոմեքենայի հետևի աջ դուռը բացել է, որ աղջիկը իջնի ավտոմեքենայից, այդ պահին լսել է գմփգմփոցի ձայներ և միանգամից առանց ցավ զգալու ուշաթափվել ու ընկել է ներքև: Նա, հրաժարվելով իր գործի մինչ դատական վարույթում տված ցուցմունքից հայտնել է, որ այդ պահին կրակոցի ձայներ չի լսել, լսել է ճանապարհի նորոգման համար աշխատող կոմպրեսորի գմգմփոցի ձայներ, քննիչն է այդպես արձանագրել:
Չնայած նրան, որ տուժողը մանրակրկիտ գործի մինչդատական վարույթում նույնիսկ նկարագրել է, թե ինչպես են հնչել կրակոցները և հայտնել, որ կրակոցները հնչել են մեկ-մեկ, առաջին կրակոցից մինչև երկրորդ կրակոցը անցել է մեկ վայրկյան, իսկ դրանից հետո կրակոցները նույնպես հնչել են մեկ-մեկ: Հիվանդանոցում է իմացել, որ իր վրա կրակել են և ինքը մարմնական վնասվածքներ է ստացել:
Նշել է, որ երբ աղջիկը իջել է ավտոմեքենայից, ինքը ուզեցել է դուռը փակել, այդ դիրքում է եղել, երբ կրակվել է»,- իր վճռում նշել է առաջին ատյանի դատարանը:

3. Տուժող Հարություն Խաչատրյանի անչափահաս դստեր՝ գործի մինչդատական վարույթում տրված և դատաքննության ընթացքում հետազոտված ցուցմունքներով այն մասին, որ սովորել է Գյումրի քաղաքի թիվ 7 դպրոցի 5-րդ դասարանում: Հայրը` ունի «Մերսեդես Բենց» մակինշի ավտոմեքենա:Սովորաբար դասերը ավարտելուց հետո իրեն տուն է տարել հայրը նշված ավտոմեքենայով:Հաճախակի է եղել, որ հայրը դպրոց է եկել ընկերոջ` Արտյոմ Կարապետյանի հետ, ում մականունը «Շեկո» է:

2013թ. ապրիլի 23-ին սովորականի նման դասերը ժամը 12:35-ին ավարտելուց հետո, դուրս է եկել դպրոցից եւ հայրը իր «Մերսեդես Բենց» մակինշի ավտոմեքենայով կանգնած է եղել դպրոցի դիմաց: Նստելով ավտոմեքենայի մեջ, նկատել է, որ ղեկին եղել է Արտյոմը:Ինքը նստած է եղել ավտոմեքենայի հետեւի նստատեղի աջ մասում, իսկ հայրը նստած է եղել վարորդի կողքի նստատեղին: Իր դպրոցական պայուսակը եղել է հոր մոտ: Ավտոմեքենան վարել է «Շեկոն», և իրենք շարժվել են դեպի իրենց տուն:

Ճանապարհին հայրը զանգահարել է տուն, խոսել մեծ քրոջ հետ՝ ասելով, թե մայրիկիդ ասա դուրս գա, արդեն հասնում ենք: Երբ իրենց տան դիմաց կանգնել են, ինքը ասել է, թե պաղպաղակ է ուզում, և հայրը իրեն գումար է տվել: Կանգնելուց հետո դպրոցական պայուսակը ձեռքին հայրը իջել է ավտոմեքենայից, բացել է ավտոմեքենայի իր կողմի դուռը, ինքը իջել, կանգնել է հոր կողքին ու հենց այդ պահին «գմփոցի» ձայն է լսել, և հայրը ընկել է գետնին ու բղավել, որ ինքը փախչի: Վազելով փախել, մտել է իրենց տան դիմացի շենքի տակ գտնվող խանութ: Խանութ փախնելու ընթացքում լսել է «գմփոցի» ձայներ: Այնտեղ քիչ մնալուց հետո գնացել է տուն:Հետո դպրոցական պայուսակը տուն են բերել, թե ով չգիտի:

Ըստ վառաջին ատյանի դատարանի վճռի՝ վկան հայտնել է, որ երբ կանգնած է եղել հոր կողքին եւ լսել է առաջին «գմփոցի» ձայնը և հայրը ընկել է գետնին, այդ պահին Արտյոմ Կարապետյանը եղել է ավտոմեքենայի մեջ:
Վկան հայտնել է նաև, որ դպրոցից տուն գալու ընթացքում, ճանապարհին որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, հայրը և Արտյոմը որևէ մեկի հետ չեն վիճել եւ որևէ մեկին ձայնային ազդանշան չեն տվել: Ինքը հոր և Արտյոմի մոտ զենք չի տեսել:
Որպես ապացույց դատարանը վկայակոչել է նաև տուժողի ընտանիքի անդամների ցուցմունքները:

4. Վկա Սոնյա Գյարանյանի գործի մինչդատական վարույթում տված ցուցմունքով այն մասին, որ 2013թ.-ի փետրվար ամսից աշխատել է Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 125գ հասցեում գտնվող «Ցածր գներ» խանութում որպես վաճառողուհի:Ինքը առևտուրը կատարել է դրսում, խանութի անմիջական դիմացի մայթին և իրականացրել է հագուստների վաճառք, իսկ խանութի մյուս աշխատակիցները առեւտուրն իրականցրել են ներսում:2013թ.-ի ապրիլի 23-ին սովորականի պես գնացել է աշխատանքի:Աշխատանքի են եկած եղել նաև տնօրենը և մյուս աշխատակիցները: Զբաղված է եղել առօրյա աշխատանքով:Այդ օրը հաճախորդները քիչ են եղել, փողոցում եռուզեռ չի եղել և ազատ լինելով ուշադրությունը դարձրել է Շիրակացի փողոցի անցուդարձին:

Սովորության համաձայն հաճախ է նայել բջջային հեռախոսին եւ իր մոտ տպավորվել է ժամը 11:40-ը, երբ տեսել է Շիրակացի փողոցով դեպի «50 ամյակի» կամրջի ուղղությամբ արագ ընթացող սպիտակ գույնի մի ավտոմեքենա, որի մակնիշը չի տարբերակել, իսկ համարանիշը՝ եղել է 999 թվերով: Վարորդի դռան կողքի ապակին եղել է կիսաբաց վիճակում, ղեկին տեսել է նիհարավուն կազմվածքով, կարճ մազերով, սպիտակ մայկայով իրեն անծանոթ տղայի, որն ավտոմեքենան շատ արագ է վարել, մի պահ անվադողերի ճռռոցի ձայն է լսել, այդ իսկ պատճառով էլ հատուկ ուշադրություն դարձնելով այդ ամենը տպավորվել է իր մեջ:

Դրանից հետո մոտ կես ժամ անց, անմիջապես խանութի դիմաց կանգնած, խանութին պատկանող «Գազել» մակնիշի ավտոմեքենայից բանվոր Վիլյամի հետ ապրանք են իջեցրել, երբ այդ պահին, այս անգամ էլ արդեն Շիրակացի փողոցի ներքևից Ալեք Մանուկյան փողոցի կողմից շատ բարձր արագությամբ, եկել է սպիտակ գույնի, սև տանիքով՝ 999 համարներով նույն ավտոմեքենան և կայանել «Ցածր գներ» խանութի դիմացում կանգնած «Գազել»-ի հետնամասում:

Կանգնելուց անմիջապես հետո ավտոմեքենայից իջել է իր կողմից արդեն տեսած սպիտակ մայկայով տղան, որի աչքերին ակնոց է եղել և ձեռքին էլ առանց կոթի ինքնաձիգ ու միանգամից կրակ է արձակել հակառակ մայթի ուղղությամբ մի գեր, սպիտակ ալեխառն մազերով, միջահասակ, իրեն անծանոթ տղամարդու ուղղությամբ, որի հետ էլ եղել է իր կարծիքով մոտ 8-10 տարեկան, կարմիր կուրտկայով մի աղջիկ երեխա: Նա կրակել է առանց ինքնաձիգը աջ ու ձախ կողմը անելու, ինքանձիգը բռնած է եղել 2 ձեռքով, որովայնին հենած և պահած աջ թևի տակ փողաբերանը հորիզոնական դիրքով ուղղած դեպի մոտ 50-55 տարեկան տղամարդու ուղղությամբ:Աղջիկը «ղժալով» փախել է դեպի դիմացի շենքի կողմը, իսկ տղամարդն էլ վազել է երեխայի հետևից: Կրակոց արձակող տղան նույն ուղղությամբ կրակոցներ արձակելով մի քանի քայլ առաջ է գնացել դեպի փողոցի միջնամաս և շարունակել է կրակելը:

Վկան հայտնել է, որ կրակոցները ոչ թե հատ-հատ են եղել այլ հնչել է կրակահերթ: Կատարվածից վախենալով շրջվել ու փախել է դեպի խանութ եւ դռեւս խանութ չհասած ականջի մոտով անցնող «գյուլլի» փամփուշտի գնդակի սուլոցի ձայն է լսել, որից հետո՝ շրխկոց, զգացել է, որ գնդակը հավանաբար խանութի պատուհանի ապակուն է կպել:
Այնուհետև տեսել է, որ կրակող նիհար կազմվածքով տղան նստել է իր սպիտակ գույնի ավտոմեքենան և ընթացել է դեպի «Պոլիգոններ» կոչվող թաղամասի ուղղությամբ:

Մտնելով խանութ, վախեցած ջուր է խմել, այնուհետև, երբ դուրս է նայել եւ տեսել է, որ մոտ 24-25 տարեկան, սպիտակ մայկայով, սև տաբատով տղամարդու, ինքնաձիգը ձեռքին մոտեցել է մի սև գույնի «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի: Աղջիկ երեխայի հետ եղած ալեխառն մազերով անձը բռնել է 034 11 ավտոմեքենայի աջ կողմի դռնից և իրեն թվացել է, որ այդ տղամարդը չի ուզել, որ այդ ավտոմեքենայի վարորդը վարի ավտոմեքենան:Հետո տեսել է, որ այդ «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան շարժվել է կամրջի ուղղությամբ: Թե ովքեր են եղել ավտոմեքենայի մեջ չի տեսել, քանի որ հուզված է եղել, տեղում վնասվածքներ ստացած անձի չի նկատել, հետո է իմացել, որ կրակոցների հետևանքով մեկը մահացել է, իսկ մի մարդ էլ վիրավորվել:

Վկան մանրամասն նկարագրել է սպիտակ, տանիքը սև ավտոմեքենայից իջած ինքնաձիգից կրակող անձին, հայտնել է, որ նրան մոտիկից է տեսել` մոտ 2-3 մետր հեռավորությունից: Նկարագրել է, որ նա նյարդայնացած է եղել, քրտինքի մեջ կորած, նույնիսկ նրա սպիտակ մայկան խոնավությունից կպած է եղել մարմնին, նա եղել է մոտ 20-21 տարեկան, հասակը 150-155 սմ, նիհար կազմվածքով, բարակ, երկար քթով, աչքերը շագանակագույն, մազերը շեկին խփող, հագին էլ եղել է սպիտակ շապիկ, սև տաբատ:

Վկան հայտնել է, որ տարբերակել է զենքերից` ինքնաձիգը, քանի որ բազում անգամ հեռուստատեսությամբ տեսել է ինչպես ինքաձիգ, այնպես էլ այլ զենքեր և նկարագրել է զենքը:

Նա հայտնել է նաեւ, երբ դեպքի վայրում մարդիկ են հավաքված եղել, նրանց խոսակցություններից իմացել է, որ իրենց խանութի դիմաց գտնվող բնակելի շենքի առաջին հարկում գտնվող նվերների և մթերքների խանութների դիմաց, գետնին ատրճանակ է ընկած, սակայն չի մոտեցել և ատրճանակ չի տեսել և որևէ մեկի ձեռքին ատրճանակ չի տեսել, հաստատ կարող է ասել, որ հակառակ մայթից ինքնաձիգից կրակոցներ արձակող սպիտակ մայկայով տղայի վրա դրանով են կրակել, քանի որ փամփուշտի գնդակը անցել է իր կողքով և կպել է խանութին, որի ձայնն էլ ինքը լսել է: Փողոցի բանուկ մասում էլ, «Գազելի»-ի հետնամասում տեսել է փամփուշտի մասերը: Ինքաձիգի 2-3 կրակահերթի ձայն է լսել, բացի դրանից լսել է 2 թե 3 հատ` հատ-հատ կրակոցների ձայներ, կրակոցի ձայները տարբեր են հչել և իր մեջ տպավորվել է, որ կրակահերթը եղել է իրեն ավելի մոտ տարածությունից, իսկ հատ-հատ կրակոցնները իրենից ավելի հեռու:

Գործի մինչդատական վարույթում լուսանկարներով ճանաչման ժամանակ, վկա Սոնյա Գյարանյանը ճանաչել է ամբաստանյալին և ճանաչման արձանագրության մեջ էլ, իր ձեռքով գրել է, որ դեպքի պահին` խանութի մոտ, նա իջել սպիտակ ավտոմեքենայից եւ կարճ, առանց կոթի ինքնաձիգով կրակոցներ է արձակել մյուս մայթի մոտ գտնվող գեր տղամարդու և փոքրիկ աղջկա ուղղությամբ:

Վկան իր ցուցմունքը գործի մինչդատական վարույթում առերես պնդել է ամբաստանյալ` Վահե Ղուկասյանին:

Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ վկան դատաքննության ընթացքում հրաժարվելով իր գործի մինչդատական վարույթում տված ցուցմունքով հաստատած մի շարք էական հանգամանքներից հայտնել է, որ 2013թ. ապրիլի 23-ին, ժամը 13-ի սահմաններում, երբ խանութի մոտ դրսում ապրանք են դասավորել, տեսել է, որ դիմացի հակառակ մայթի մոտ կանգնել է մի սև գույնի ավտոմեքենա, որի մակնիշը եւ համարանիշը չի կարող ասել: Այդ պահին նկատել է նաև որ իրենց խանութի դիմաց մեծ արագությամբ եկել, կանգնել է մի սպիտակ գույնի ավտոմեքենա, որի մակնիշը և համարանիշը նույնպես չի կարող ասել: Սև ավտոմեքենայի վարորդի կողքից իջել է սև կաշվե բաճկոնով «կոժով», մի գեր ալեխառն մազերով անձնավորություն, որը ձեռքին եղած զենքով կրակ է արձակել սպիտակ ավտոմեքենայի ուղղությամբ: Այնուհետեւ սպիտակ ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, նկատել է, որ նա կաղել է, իրեն թվացել է, որ վիրավորված է: Այդ անձնավորությունը ավտոմեքենայի հետևի դռան կողմից վերցրել է զենքը և կրակել է իր վրա կրակող անձի ուղղությամբ:

Կրակոցները եղել են արագ և իրար հետևից: Ինքը վախեցել է, ուզեցել է մտնել խանութ «գյուլլի» ձայն է լսել: Խանութի ապակին կոտրվել է: Ինքը վատ է զգացել այլեւս ոչինչ չի հիշում: Սև ավտոմեքենայի վարորդին չի տեսել, չի կարող ասել նա իջել է ավտոմեքենայից, թե ոչ: Վկան հայտնել է, որ սև ավտոմեքենայից իջած մարդու կողքին մոտ 10 տարեկան աղջիկ երեխայի չի տեսել, ինչպես նրա, այնպես էլ սպիտակ ավտոմեքենայից իջած անձի արտաքին դիմագծերը չի հիշել:
Ինքը զենքերի տեսակները չի տարբերակել և չի կարող ասել, թե կրակող անձնավորությունների ձեռքերին ինչ տեսակի զենքեր են եղել:

Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ իր՝ գործի մինչդատական վարույթում և դատաքննության ժամանակ տված ցուցմունքների էական հակասությունների կապակցությամբ էլ վկան հայտնել է, որ չի հիշում, թե գործի մինչդատական վարույթում ինչ ցուցմունքներ է տվել:

Այնուհետև նշել է, որ գործի մինչդատական վարույթում նման ցուցմունքներ է տվել, քանի որ վախեցած է եղել, լարված, հարցաքննության ժամանակ շատ մարդիկ են եղել, իր վրա գոռացել են, իրեն թելադրել են ցուցմունքը և ինքը գրել է, քննիչը իրեն ահաբեկել է, սպառնացել:

Ամբաստանյալին` լուսանկարով ճանաչման ժամանակ էլ, իրեն լուսանկար են ցույց տվել. «ասել են ներս կմտնես ու կասես, որ այս մեկն է ու այլևս քեզ չեն կանչի»:
Ամբաստանյալի հետ առերես հարցաքննության ժամանակ էլ չի կարող ասել, թե ով իրեն ասել է, որ «մտի միանգամից ասա ինքն է, էս գործը փակենք գնա, որ քաշքշուկների մեջ չըկնես»:

«Չնայած վկայի կողմից իր ցուցմունքների էական հակասություների կապակցությամբ բերած պատճառաբանություններին, դատաքննության ընթացքում գործի մինչդատական վարույթում վկայի հարցաքննության տեսաձայնագրառման հետազոտմամբ պարզ երևում է, որ քննիչի կողմից վկայի հարցաքննության ժամանակ այլ անձիք չեն եղել և վկան դեպքի հանգամանքնները անկաշկանդ, մանրակրկիտ նկարագրել ու պատմել է կամովին: Նրան ոչ ոք էլ չի թելադրել կամ ուղորդել և որն էլ ֆիքսվել է որպես վկայի հարցաքննության արձանագրության մեջ»,- նշել է դատարանը:

Որպես ապացույցներ դատարանը վկայակոչել է նաև այլ ցուցմունքներ, ինչպես նաև մի խումբ փորձաքննությունների եզրակացություններ:
Դատարանը ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա նախկինում դատապարտված չի եղել, երիտասարդ է, մասնակի՝ մեղադրանքի մի մասով ընդունում է մեղքը:
Դատարանն արձանագրել է , որ գործով ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
Նշենք, որ ամբաստանյալը կալանքի տակ է 2013թ. ապրիլի 24-ից:

Պատրաստեց՝ ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս