Ղարաբաղյան պատերազմի կարևոր ճակատը․ Հրայր Թամրազյանը՝ հայ-ադրբեջանական տեղեկատվական մրցավազքի մասին. 1in.am

«Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ:

– Ընդհանուր դաշտում՝ թե՛ տեղեկատվական, թե՛ ռազմական, պատերազմ էր: Որքանո՞վ էր Հայաստանի լրատվական դաշտը կարողանում ճիշտ լուսաբանել: Օրինակ՝ համեմատություն են անցկացնում Ադրբեջանի լրատվության հետ և ասում, որ մենք այս առումով առավելություն ունենք: Դուք ինչպե՞ս եք գնահատում:

– Ես կարող եմ ասել, որ Հայաստանի լրատվական դաշտն ավելի բաց է՝ մեզ մոտ գրաքննություն չկա: Հատկապես խոսքը ինտերնետային լրատվամիջոցների, ինտերնետային դաշտի մասին է՝ նկատի ունեմ սոցցանցերը և ընդհանրապես ինտերնետային լրատվությունը՝ դա կարող է լինել ինտերնետ-TV կամ ամսագիր, օրագիր, թերթ: Դրանք, ըստ էության, Հայաստանում գրաքննության չեն ենթարկվում, և այս իմաստով մենք մեծ առավելություն ունենք: Օրինակ՝ ադրբեջանցիների մոտ, ինչպես գիտենք, ցանկացած լրատվամիջոց, այդ թվում նաև՝ ինտերնետային, բոլոր լրատվամիջոցները վերահսկվում են կառավարության կողմից: Այստեղ մենք ունենք գրաքննության առավելություն՝ այն իմաստով, որ մարդիկ ազատորեն շփվում են սոցիալական ցանցերում, խոսում են, քննարկում, քննադատում իշխանության գործողությունները, նույնիսկ զինվորական իշխանությունների:

Կարդալով անգլերեն կամ ռուսերեն տեղեկատվությունը՝ Արևմուտքում տպավորությունն ավելի դրական է, քանի որ տեսնում են՝ այստեղ մամուլը բաց է, մարդիկ ազատ են, հասարակությունը բաց է, և քննարկում են բոլոր խնդիրները՝ առանց որևէ տաբուների: Այս իմաստով Արևմուտքում հայկական տեղեկատվությունը ավելի վստահելի է գնահատվում: Նրանք տեսնում են, որ մարդիկ ազատ քննարկում են, ազատ քննադատում են իշխանություններին, որ ընդդիմությունն ազատ իր լրատվամիջոցներն ունի, և մեր բոլոր լրատվականները անգլերեն, ռուսերեն էջեր ունեն՝ եթե չեմ սխալվում, ուստի Արևմուտքից որևէ մեկը այցելում է՝ տեսնում, որ այդտեղ ազատ քննարկումներ են ընթանում: Հետևաբար այն տեղեկատվությանը, որ հրապարակվում է ռազմադաշտում՝ սահմանային շրջանում տեղի ունեցող բախումների մասին, նրանք վերաբերվում են արժանահավատորեն: Դրա համար հայկական կողմից ստացվող տեղեկությունները հաճախ գնահատում են որպես ճշմարիտ տեղեկատվություն:

Մինչդեռ ադրբեջանական կողմից ստացվող տեղեկատվությունը միշտ կասկածի տեղիք է տալիս, ու ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները շատ խիստ գրաքննության են ենթարկում. մենք գիտենք, որ բազմաթիվ բլոգերներ այնտեղ բանտերում են: Որքան գիտեմ՝ երեկ, թե այսօր ձերբակալվել էր ադրբեջանցի իրավապաշտպան, ում Պրահայում մրցանակ է սպասվում: Եվ այս ամենը շատ բացասաբար է դիտվում:

Ինչ վերաբերում է տեղեկատվության ոլորտում մրցակցությանը կամ, ինչպես Դուք եք ասում, պատերազմին, ապա ես կարծում եմ, որ այդտեղ մեր լրատվամիջոցները ավելի շահեկան դիրքում են՝ հենց այն առումով, որ ավելի ազատ են:

– Լայնամասշտաբ պատերազմի դեպքում զանգվածային լրատվամիջոցների առաջնահերթությունը ո՞րը պետք է լիներ՝ ազատությո՞ւնը, հստակ տեղեկատվությո՞ւնը, թե՞ քարոզչությունը:

– Այս դեպքում ամեն երկիր իր օրենքներն ունի: Եթե դա գաղտնի տեղեկատվություն է, ապա կարգավորվում է օրենքով, թե ինչպես կարող է լրատվամիջոցը տվյալ տեղեկատվությունը հաղորդել կամ այդ տեղեկատվության մասին տվյալներ հաղորդել: Կան օրենքներ, որոնց բոլոր երկրներն են հետևում, այնպես որ՝ եթե այդ օրենքները պահպանվում են, ապա մնացած ամեն ինչ կարող է բաց լինել:

Եթե կա ռազմական գաղտնիք, ապա ռազմական գաղտնիքը ռազմական գաղտնիք է՝ ի՞նչ կարող ես անել: Հո չե՞ս կարող ասել, թե որտեղ են քո զորքերը տեղակայված: Դա մի տեղեկատվություն է, որը գաղտնի է: Բոլոր երկրներում է այդպես: Այնպես որ՝ այն, ինչը որ հրապարակվելիք է, այն, ինչը որ մատչելի է հանրությանը, այն, ինչը որ իրենք՝ զինվորական իշխանությունները, թույլ են տալիս, որպեսզի լրատվամիջոցները լուսաբանեն, պետք է լուսաբանվի: Ամբողջ խնդիրն այն է, որ տեղեկատվությունը չպետք է քաղաքականացվի: Այդ իմաստով ադրբեջանական կողմը քաղաքականացնում է ցանկացած տեղեկատվություն, հարմարեցնում իշխող վարչակարգի կարիքներին:

Հիմա, գիտեք, Իլհամ Ալիևը իր ողջ ճառը, որ արտասանեց Աղդամում, փաստորեն տեղադրել է Twitter-ում: Իր ճառի ամեն պարբերությունը դարձրել է twit և հրապարակել: Իսկ դա արտառոց բան է, աշխարհում նման բան չկա, որ ամբողջ ճառը դնես հրապարակես Twitter-ում:

– Այսինքն՝ ինչ-որ զավեշտալի վիճակում էին հայտնվել:

– Այո, իսկապես: Ինչպես գիտեք, ձերբակալել են Արիֆ Յունուսովին, ով հայտնի իրավապաշտպան է և խաղաղության կողմնակից: Ըստ էության, խաղաղության օգտին հանդես եկող բոլոր գործիչներին, քաղաքացիական հասարակության այդ հանրահայտ անդամներից բոլորին ձերբակալեցին: Ըստ էության, այս լարված իրավիճակից օգտվելով՝ Ադրբեջանի իշխանությունը հաշվեհարդար է տեսնում ընդդիմության հետ և ձերբակալում ընդդիմության ամենաակնառու ներկայացուցիչներին: Եվ սա շատ տխուր փաստ է, և կարծեմ՝ Ադրբեջանն էլ է գիտակցում, թե ինչ է կատարվում: Այնպես որ՝ այս «տեղեկատվական պատերազմ» կոչվածում այնքան ակնհայտ է Արևմուտքի համար, թե ինչ է կատարվում Ադրբեջանի տեղեկատվության ոլորտում: Ուստի հազիվ թե Արևմուտքում հավատան այն տեղեկատվությանը, որն այսօր Ադրբեջանը ներկայացնում է սոցցանցերում կամ հրապարակում լրատվամիջոցներում:

– Մենք տեսանք, որ ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում պատերազմն ավելի շատ տեղեկատվական ոլորտում է, քան ռազմադաշտում: Հետաքրքիր է՝ ո՞ւմ նյարդերը տեղի կտան և ի՞նչ կարող է անել այսօր տեղեկատվական պատերազմը ռազմական պատերազմին՝ կարո՞ղ է հաղթել :

– Մեզ մոտ, փառք Աստծո, դեռ պատերազմ չէ: Մենք հույս ունենք, որ ինչպես մեր ղեկավարներն են ասում, ինչպես Սեյրան Օհանյանն է ասում՝ առայժմ վտանգ չի տեսնում, որ այս բախումները վերաճեն պատերազմի: Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում և Ռուսաստանում, դա ավելի մեծ մասշտաբի կոնֆլիկտ է, հակամարտություն է, աննախադեպ իրադարձություն: Այստեղ ոչ միայն առճակատվում են Ռուսաստանն ու Ուկրաինան, այլև Ռուսաստանն ու ԱՄՆ-ը: Այսօր այդ տեղեկատվական բախումը տեղի է ունենում ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլև Արևմուտքի և Ռուսաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Մենք ունենք բազմաթիվ փաստեր, որոնք ցույց են տալիս ռուսական կողմի շատ անբարեխիղճ վերաբերմունքը տեղեկատվության նկատմամբ: Նրանք վերցնում են այլ կայքերից, այլ երկրներում զոհված մարդկանց լուսանկարներ և տեղադրում իբրև Արևելյան Ուկրաինայում զոհված մարդկանց նկարներ: Այսպիսի աղաղակող, այսպիսի սուտ ուղղակի դժվար է պատկերացնել որևէ այլ երկրում: Ես չգիտեմ՝ ինչ է կատարվում, բայց ռուսական քարոզչամեքենաները անցել են բոլոր սահմանները:

– Որոշ ժամանակ առաջ միշտ խոսվում էր ռուսական լրատվամիջոցների պրոֆեսիոնալիզմի մասին, և փաստացի թերագնահատվում էր հայկական լրատվամիջոցների աշխատանքը: Փաստորեն, ռուսական լրատվամիջոցները ռուս-ուկրաինական պատերազմում ցույց տվեցին իրենց՝ չասեմ ապիկարությունը, գոնե, համենայնդեպս, ոչ պրոֆեսիոնալիզմը:

– Նրանք կարողանում են շատ պրոֆեսիոնալ կերպով ստել՝ այսպես ասենք: Նրանք պրոֆեսիոնալ կերպով տիրապետում են լրատվամիջոցների տեխնիկական կողմին, բայց ոչ ասենք՝ լրատվությանը: Նրանց մոտ էլ տարիներ շարունակ, ասենք, խոսքի ազատության մեծ խնդիրներ կան: Նախագահ Պուտինի նախագահության այս վերջին ժամկետն աչքի ընկավ հենց նրանով, որ լուրջ ճնշումների ենթարկվեցին, փակվեցին ազատ լրատվամիջոցները: Այսօր մենք չունենք որևէ ռուսական հեռուստաալիք, որը ազատ լինի: Մենք գիտենք, թե ինչ վիճակում է «Դոժդը», որն ընդամենը ինտերնետային հեռարձակող է: Մենք գիտենք, որ այն շատ ծանր ֆինանսական վիճակում է և հազիվ է կարողանում գոյատևել: Ըստ էության, դա միակ լրատվամիջոցն է, որը որոշ կողմերի հնարավորություն է տալիս արտահայտել իրենց տեսակետը: Ողջ Ռուսաստանում այսօր մենք չունենք ազատ հեռարձակող որևէ լրատվամիջոց: Էլ չեմ ասում սոցցանցերի, ինտերնետային լրատվամիջոցների, ինտերնետային բազմաթիվ սահմանափակումների մասին: Ամբողջական հարձակում է սկսվել լրատվամիջոցների խոսքի ազատության դեմ: Այնպես որ՝ այնտեղ իրավիճակը շատ ծանր է: Այո, Հայաստանն այդ առումով շատ բարվոք վիճակում է: Ոչ մի համեմատություն:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս