Վերջին զարգացումները գյուղի առօրյան փոխել են, զրույցի թեմաները` նույնպես
Երկհարկանի տան բակում խաղողի վազերի տակ սեղան է բացված: Նորշենցու օրենքն է, տուն եկողին անպայման աղուհացով են դիմավորում: Այդպես էր միշտ, նույնիսկ այն օրերին, երբ կռիվն անսպասելի չոքեց դռանը:
Նորշենը սահմանին թառած էր: Հարեւանների ավարառությունների դեմն առնելը դարձավ օրվա խնդիր: Գյուղացին իր ինչքը պաշտպանելու համար ստիպված էր զենքի դիմել, հույսը դրած Մոսկվայի վրա, որ ավազակությունների առաջը կառնվի: Եղավ հակառակը: Գյուղացու որսորդական հրացանը խաղաղությունը պաշտպանելու համար Լեռնային Ղարաբաղ եկած զինվորները տարան, տարան եւ կոլտնտեսության պահակին հասնող զենքը: Գյուղացին մնաց անզեն, իսկ խորհրդային բանակից արդյունք չկար:
Խառնակ վիճակը շարունակվեց՝ մինչեւ կենտրոնից հրաման եկավ զորքերը հանելու մասին: Հետո սկսվեց իսկական պատերազմը: Երկու հարեւան ազգերը մնացին դեմ-դիմաց, հիշվեցին բոլոր հին վիրավորանքները, ցավերը:
Ալյոշա Դանիելյանը զավակներին հրահանգներ է տալիս` հյուրերին հյուրասիրելու գործն արագացնել, թոռներին հորդորում չխանգարել մեծերի զրույցին , եւ իր կյանքի պատմությունն է պատմում, թե ինչպես սովորական գյուղացին զինվորական դարձավ, հրամանատարական պաշտոններ վարեց:
Հիմա թոշակառու է: Ավելի շատ ընտանիքի հոգսերով է զբաղված պահեստազորի սպան: Մարտական ուղու մասին պատմում է կցկտուր: Ամենասարսափելի օրն իր կյանքում առաջին զոհն էր, որ տվեցին մարտի դաշտում:
Այնտեղ, որտեղ իր տարեկիցների համար ավարտվեց պատերազմը հիմա երիտասարդներն են կանգնած: Գիշերը դիրքերում կրակոցներ են հնչում: Միշտ: Հին մարտիկը միայն ձայներից տարբերակում է թե ով է կրակողը: «Նրանք են, մյուս կողմից: Վախից են կրակում»,-ասում է համոզված ու բացատրում`վախկոտն առաջինն է կրակում`վախեցնելու համար:
«Բայց մեր երիտասարդները պինդ են: Նրանք ավելի հայրենասեր են, քան մենք էինք: Մենք այլ դաստիրակություն ստացանք, իրենք այլ: Նրանք ուրիշ կերպ են մտածում: Այս վերջին օրերին, երբ իրավիճակը լարվեց /նկատի ունի հուլիսի վերջի օգոստոսի սկզբի մարտերը-հեղ./ գյուղի երիտասարդները, նրանք, ովքեր մեկ –երկու տարի առաջ են ծառայությունն ավարտել, հավաքվել, ասում էին` դիրք ենք գնում: Չկարողացանք, համոզել, որ եթե անհրաժեշտություն լինի՝ զորահավաք կհայտարարվի, իրենց էլ կկանչեն: Գնացին, նրանք էլ, մեծահասակներն էլ, ովքեր քսան տարի առաջ են կռվել»:
Մարդիկ պատերազմ չեն ուզում, պատերազմին դեմ են, զոհերին դեմ են, ասում են Ալյոշա Դանիելյանի ընտանիքում: Հայրը լրացնում է, որ այլընտրանք չկա, իսկ վերջին դեպքերը ցույց տվեցին, որ պատերազմն անիծող ժողովուրդը պատերազմին պատրաստ է:
«Եթե 92-ին զենքի դիմելու հարցում կասկածողներ կային, հիմա այդպես չէ: Ժողովրդի վրա իհարկե ազդել են վերջին զոհերը: Բայց ժողովուրդը պատրաստ է, ինչպես 92 թվականին,երբ մարդիկ հասկացան, որ դիմացինը թշնամի է, եւ նրա առաջն առնել է պետք: Հիշում եմ, պատասխանատու մարտերի ժամանակ ծնողները զավակների հետ էին գալիս, ոչ թե զավակներին հետ պահելու, այլ միասին դրված խնդիրը լուծելու համար: Վերջին օրերին էլ այդպես է: Առանց հրամանի գյուղացիները դիրքեր են գնում, մի քանի հերթափոխով: Զինվորի հետ հավասար դիրքում կանգնում են: Կամավոր բոլորն էլ գնում են: Ոչ թե վախենում են, ոչ թե չեն վստահում բանակին, այլ գնում են, որովհետեւ արդեն գիտեն, որ նաեւ իրենց կյանքի հարցն է վճռվում:
Սահմանից այն կողմ ո՞վ է ապրում: Հարցին այլ կերպ է պատասխանում: Ո՞վ է կանգնած հակառակ կողմում: «Մեծամասնությունն անճարներ են: Կռվի օրերին զոհերի մեծ մասը այլազգի էին, մարտադաշտում թողած փաստաթղթերից էինք իմանում: Ադրբեջանցի չէին, կարող եմ ենթադրել, հիմա էլ այդպես է: Մեղք են շատ»,- ասում է հին զինվորը:
Ի՞նչ պիտի լինի հետո: Անկեղծանում է: Չգիտի:
Կրակոցները, որ լսում են մշտապես, չեն թողնում, որ մոտալուտ խաղաղությանը հավատա: Չի կարծում նաեւ, որ մեծ պատերազմ կլինի:
«Վերջին օրերին նրանց նախագահը փորձեց, բայց հասկացավ, որ ինքը դեռ թույլ է , ուզում էր մեր ուժը ստուգել, բայց հասկացավ ադրբեջանական բանակի անպատրաստ մարտական վիճակը: Առայժմ նրանք ի վիճակի չեն պատերազմ վերսկսել, իսկ եթե սկսվեց, էլի կորցնելու են»:
Նախկին հարեւանների հետ ապագա հարաբերությունների մասին խոսել չի ուզում: Գնալ-գալը, առեւտուրը, նրա համար անցյալում են եւ անորոշ ապագայում: Ձայնի ելեեւէջներից ու հայացքից ես զգում, ուրախ է, հոգով թեթեւ, որ իր սերունդը դա չի տեսնի: Իր բոլոր մտքերը խաղաղության հետ են: Ընտանիքով անասնապահական ֆերմա ունեն: Տարվա թեժ ժամանակն է, պետք է անասնակեր հասցնել: Արտում այս տարի բերք չհասունացավ: Նորշենում հեկտարից 6-7ցենտներ բերք են ստացել: Ջուր չկար, երաշտ էր: Դաշտերի մի մասը մնաց չհնձված: Հիմա նռան բերքին են սպասում: Երաշտի պատճառով այնքան առատ չէ, բայց դե` էլի գոհ են: Օրվա հիմնական մտահոգությունները գալիք գյուղատնտեսական աշխատնքների հետ են կապված: Իսկ ամենամեծ ցանկությունն այն է, որ գյուղում էլ հողից բացի աշխատելու այլ տեղ լինի, որպեսզի գյուղաբնակն ավելին վաստակելու հնարավորություն ունենա, երիտասարդն էլ ընտանիք ստեղծելու, տուն կառուցելու մասին մտածի: Այս խնդիրնեն արդեն պատերազմի եւ խաղաղության հետ որևէ կապ չունեն:
Խաղաղությունն ու պատերազմն ապրում են կողք-կողքի, եւ ժողովուրդը սովորել է դրան: Հիմա այն ժամանակներն են, որ քչով բավարարվել չեն ուզում, ավելիին են ձգտում, անկախ նրանից թե սահմանին ինչ վիճակ է, եւ ով որտեղ ինչ է քննարկում: Գյուղում վերջին տարիներին շատ բան է փոխվել: Նոր դպրոց ունեն, ակումբ, հին եկեղեցին է վերանորոգվել: Երիտասարդներն հարսանիք անելու համար նոր դահլիճ ունեն…. Չլինեին սահմանային վերջին թեժ միջադեպերը, գուցե թե հյուրերի հետ ավելի շատ խաղաղության եւ առօրյա խնդիրների մասին խոսեին, բայց դիրք մեկնող հասարակ գյուղացիների հերթափոխը գյուղի առօրյան փոխել է, զրույցի թեմաները նույնպես:
«Ժողովուրդն անցել է ամեն ինչով: Ամեն ինչ տեսել է: Եթե կռվելու վերաբերյալ տարիներ առաջ մարդկանց մոտ կասկած կար, հիմա չկա: Հիմա գիտեն, որ պիտի պաշտպանեն այն ամենը, ինչ ունեն: Ժողովուրդն իհարկե մեղք է: Երկրորդ պատերազմ տեսնելը լավ բան չէ»,-եզրափակում է խոսքը հին զինվորը` խոստովանելով, որ այս անգամ ինքը առաջին գիծ գնացողների մեջ չէր: Սրտի վիրահատությունն է խանգարել: «Բայց եթե իսկական կռիվ եղավ՝ դրան ո՞վ է նայում, դարձյալ զենք եմ վերցնելու, ինչպես տարիներ առաջ»,-ասում է, բայց եւ խոստովանում, նախընտրում է խաղաղ ապրելն ու այդպես հյուրերի համար ամեն օր սեղան բացելը:
karabakh-open.info
Էրիկ Ավանեսյան