Միշտ պետք է պատրաստ լինել խաղաղություն պարտադրելուն, և ոչ թե խաղաղություն խնդրելուն
Հարցազրույց Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի հետ
– Օգոստոսի 11-ին Սերժ Սարգսյանն ի պատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ Երևանը ոչնչացնելու Ադրբեջանի հնարավորության, հայտարարեց, որ Հայաստանն ունի բալիստիկ հրթիռներ, որոնք ունակ են ցանկացած ծաղկուն բնակավայր վերածել ավերակների: Որպես Պաշտպանության նախկին նախարար՝ ի՞նչ կարող եք ասել այս փոխադարձ սպառնալիքների և կողմերի ունեցած սպառազինությունների և հնարավորությունների մասին:
– Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը միանգամայն համապատասխանում է իրականությանը, նրա նշած բալիստիկ հրթիռները 2012թ. ցուցադրվել են Ստեփանակերտում ռազմական շքերթի ժամանակ, և Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը շատ լավ տեղեկացված է դրանց գոյության մասին: Խոսքը գնում է Ռ-17 հրթիռների մասին, որոնք բավարար քանակությամբ առկա են Հայաստանի և ԼՂՀ բանակների սպառազինության մեջ: Դրանց հեռահարությունը 300 կմ-ից ավելի է, իսկ որպեսզի հասարակությունն ավելի պարզ հասկանա, թե դա ինչ զենք է, ես կմեջբերեմ ՌԴ Պետդումայի Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախկին ղեկավար, գեներալ Լև Ռոխլինի գրքից մի հատված, որտեղ նա ասում է. «Հայաստանի ունեցած Ռ-17 բալիստիկ հրթիռների համակարգերն ի վիճակի են լիարժեք և ամբողջովին ոչնչացնել Բաքու քաղաքը»: Ես ուզում եմ հիշեցնել, որ հանգուցյալ Լև Ռոխլինը խիստ ադրբեջանամետ գործիչ էր և պայքարում էր ռուսական զենքի մատակարարումները Հայաստանին թույլ չտալու համար:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ Երևանը ոչնչացնելու մասին հայտարարությանը, ապա դա կատարյալ անգրագիտություն է: Իհարկե, Ադրբեջանն ունի «Տոչկա-Ու» հրթիռային համակարգ, որի համար Նախիջևանի տարածքից տեսականորեն հասանելի է Երևան քաղաքը: Ադրբեջանը հիմա փորձում է բալիստիկ հրթիռներ գնել Իսրայելից, որոնց հեռահարությունը 135 կմ է: Ադրբեջանը փորձում է նման հրթիռներ ձեռք բերել նաև Պակիստանից, որոնցով տեխնիկական առումով կարող են հարվածել Երևանին: Բայց սա հարցի տեխնիկական կողմն է, իսկ խնդրո առարկան ավելի շուտ ռազմաքաղաքական է, քան տեխնիկական, և սա ևս Ադրբեջանը շատ լավ գիտակցում է. ադրբեջանական կողմը գիտի, որ Հայաստանը և Ռուսաստանն ունեն ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգ, և ՀԱՊԿ պայմանագրով ագրեսիայի դեպքում այդ համակարգը գործում է՝ որպես մեկ ընդհանրություն: Իսկ հրթիռային հարձակումը դա ինքնին ագրեսիայի դրսևորում է, և համոզված եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգն այնքան հուսալի է, որ այդ հրթիռները կարող են ոչնչացվել մինչև սահմանը հատելը:
Բացի այդ, Ադրբեջանի կողմից ագրեսիայի դրսևորումը Հայաստանի նկատմամբ կարող է բերել ՀԱՊԿ-ՆԱՏՕ գլոբալ հակամարտության, որն այսօր կողմերից ոչ մեկին պետք չէ: Այնպես որ, Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը պետք է դիտարկել՝ որպես պոպուլիզմի դրսևորում, որը նախատեսված է ներքին օգտագործման համար, իսկ արտաքին աշխարհում այն միայն ծիծաղ կարող է առաջացնել:
– Բայց այդ դեպքում պոպուլիստական է նաև Սերժ Սարգսյանի արձագանքն այդ հայտարարությանը:
– Նախ՝ պետք է նկատի ունենալ, որ Սերժ Սարգսյանն ընդամենը պատասխանել է այդ սպառնալիքներին: Եվ երկրորդ՝ ի տարբերություն Հայաստանի և Ադրբեջանի, Ղարաբաղն աշխարհի կողմից չճանաչված պետություն է, և եթե ԼՂՀ-ն օգտագործում է բալիստիկ հրթիռներ, դրանում Հայաստանին կարող են մեղադրել միայն Ղարաբաղին չզսպելու համար: Այսինքն, Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունն այլ բան է, իսկ հայ-ադրբեջանականը` այլ. եթե Ադրբեջանը Ղարաբաղից արձակված հարվածներին փորձի պատասխանել Հայաստանին հարված ուղղելով, ապա դա միանշանակ կնշանակի՝ հակամարտության մեջ ներքաշել Ռուսաստանին, որն Ադրբեջանի համար լավ հետևանքներ չի կարող ունենալ:
– Պարզ ասած՝ բալիստիկ հրթիռները կան երկու կողմում էլ, բայց դրանք դժվար թե գործի դրվեն:
– Հայաստանը և ԼՂՀ-ն նպատակ չեն դրել ոչնչացնել ո՛չ Բաքուն, ո՛չ էլ Ադրբեջանի այլ քաղաք. Հայաստանի ունեցած սպառազինությունը միայն Ադրբեջանի պատերազմ հրահրելու հակումները զսպելու նպատակ ունի: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ սպառազինությունների քանակով դժվար է արդյունքի հասնել: Ադրբեջանի իշխանությունը և հասարակությունը տեսան, որ ադրբեջանական բանակն իր բարոյահոգեբանական մթնոլորտի առումով և իր մարտունակության մակարդակով ընդունակ չէ նույնիսկ շփման գծում պահպանել ուժերի հավասարակշռություն: Եվ դրա ապացույցը նրանց գործողությունների որակն ու կորուստների քանակն է:
– Արդյոք կարելի՞ է նման մեկ-երկու միջադեպով եզրակացություն անել ադրբեջանական բանակի վերաբերյալ:
– Ես միայն այդ միջադեպերով չեմ դատում, կան նաև այլ չափանիշեր: Օրինակ, փաստ է, որ իրենց ունեցած զենքի քանակական աճը չի բերել մարտական հզորության աճի: Իսկ դրա մեջ մտնում է նաև զորքերի մարտական պատրաստվածությունը, բարոյահոգեբանական վիճակը, դաշնակցային հարաբերություններն այլ երկրների և ռազմա-քաղաքական կազմակերպությունների հետ: Երբ այս ամենը գումարում ենք, տեսնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի բանակների և ռազմական պոտենցիալի տարբերությունը հօգուտ Հայաստանի ու մեր բանակի է:
– Տարվա մեջ մի քանի անգամ Հայաստանի հասարակությունը փոթորկվում է` տեղեկանալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ժամանակակից սպառազինությունների վաճառքի հերթական պայմանագրի կամ պայմանագրի իրացման մասին: Այդ թեմայով հայ հասարակության մտահոգության մասին հայտարարեց նաև Սերժ Սարգսյանը: Որքա՞ն է դեռ Ռուսաստանը շարունակելու զինել Ադրբեջանին՝ լավ իմանալով, որ այդ զենքն ուղղված է Հայաստանի և հայ հասարակության դեմ:
– Եթե հարցին նայում ենք զուտ մարդկային առումով, ապա, իրոք, դա մտահոգիչ է, և Սերժ Սարգսյանն էլ արտահայտեց հայ հասարակության մտահոգությունը: Իրոք, այդ մտահոգությունն առկա է, որովհետև որպես մարդու՝ դա ինձ էլ է անհանգստացնում:
Բայց այս հարցին մենք պետք է մոտենանք ավելի շատ քաղաքական, և ոչ թե կենցաղային չափանիշերով: Խնդիրը դիտարկենք գլոբալ մակարդակում. աշխարհի գրեթե ցանկացած ռազմական հակամարտության ժամանակ զենքի արտադրությամբ և վաճառքով զբաղվող երկրները զենք են վաճառել հակամարտության երկու կողմերին էլ: Օրինակ, արաբա-իսրայելական հակամարտության ժամանակ ԱՄՆ-ը զենք էր մատակարարում և՛ Իսրայելին, և՛ Սաուդյան Արաբիային: Վերջերս Կատարը 11 միլիարդի զենք գնեց ԱՄՆ-ից, այն դեպքում, երբ Կատարը Պաղեստինի դաշնակիցն ու աջակիցն է, իսկ ԱՄՆ-ը հանդիսանում է Իսրայելի դաշնակիցն ու աջակիցը:
Հիմա ի՞նչ` Իսրայելը պետք է մեղադրի ԱՄՆ-ին իր թշնամիներին զինելու մե՞ջ: Ամենևին, քանի որ այստեղ մենք գործ ունենք ավելի խորքային երևույթի հետ, որն առնչվում է երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության գլոբալ տրամաբանությանը:
Տեսեք, մինչև 2010թ. Ռուսաստանը գրեթե զենք չի վաճառել Ադրբեջանին, բայց այդ ժամանակ արդեն Ադրբեջանն ուներ զենքի քանակային առավելություն Հայաստանի նկատմամբ: Ադրբեջանը մեծաքանակ զենք էր գնում Ուկրաինայից, Թուրքիայից, Իսրայելից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Պակիստանից և այլ երկրներից:
Այսինքն, անկախ նրանից` վաճառո՞ւմ է Ռուսաստանը զենք Ադրբեջանին, թե՞ ոչ, Ադրբեջանն ունենալով գումարներ՝ սպառազինվում է, այդ թվում՝ խախտելով Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը: Հիմա Ադրբեջանը փորձում է Իսրայելից գնել հակահրթիռային համակարգեր, որոնց նպատակը մեր ունեցած բալիստիկ հրթիռներից եկած սպառնալիքի չեզոքացումն է:
2010թ. սկսած Ռուսաստանն ակտիվ ռազմատեխնիկական համագործակցություն սկսեց Ադրբեջանի հետ: Բայց այդ համագործակցությունը չի նպաստելու պատերազմի վերսկսման սպառնալիքի մեծացմանը, քանի որ մեր տարածաշրջանում միակ պետությունը, որը շահագրգռված է խաղաղության պահպանմամբ` Ռուսաստանն է, ինչպես նաև Իրանը: Հիմա Ռուսաստանն է զենք մատակարարում Ադրբեջանին: Դա այն նույն Ռուսաստանն է, որը 2010թ. կնքված պայմանագրով իր վրա է վերցրել Հայաստանի անվտանգության ապահովումը, նույն այդ պայմանագրի արձանագրության մեջ Ռուսաստանն իր վրա է վերցրել Հայաստանին ժամանակակից զենքի մատակարարման հանձնառությունը: Իսկ ի՞նչ է նշանակում Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործացությունը Ադրբեջանի հետ. դա նշանակում է, որ Ռուսաստանն է ապահովելու այդ զենքերի համար անհրաժեշտ զինամթերքը, պահեստամասերը, անձնակազմի պատրաստումը: Իսկ դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ որոշ հանգամանքների դեպքում Ռուսաստանը կարող է դադարեցնել այդ մատակարարումները, և այդ զենքի օգտագործումը կդառնա անհնար: Ուրեմն՝ Հայաստանին ո՞րն է ձեռնտու. որ Ադրբեջանը զինված լինի ռուսակա՞ն, թե՞ թուրքական կամ պակիստանյան զենքով: Ուզում եմ ասել, որ սա այնքան պարզ է, որ այս թեմայով սպեկուլյացիաներն ուղղակի հուշում են, թե ովքեր են կանգնած դրանց հետևում: Ես չեմ կարող շատ բան ասել և շատ բաներ բացել, բայց դատեք ինքներդ. եթե Հայաստանն ունենալով 400 միլիոնանոց ռազմական բյուջե՝ կարողանում է ռազմական հավասարակշռություն պահել 3 մլրդ 600 մլն ռազմական բյուջե ունեցող Ադրբեջանի հետ, ապա հասկանալի է, որ այստեղ առկա են այլ լուծումներ, և այդ լուծումներն իրականացվում են Ռուսաստանի աջակցությամբ:
– Սահմանային միջադեպերից հետո և՛ Հայաստանի պաշտպանության նախարարը, և՛ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խոսեցին նոր պատերազմի վերսկսման հնարավորության, միջազգային տարբեր փորձագետներ խոսեցին Ղարաբաղյան հակամարտության ապասառեցման մասին: Որքանո՞վ եք հնարավոր համարում պատերազմի վերսկսման հնարավորությունը, և արդյոք կա՞ն ուժեր, որոնք կարող են շահագրգռված լինել պատերազմի վերսկսման մեջ:
– Մենք անընդհատ գտնվում ենք պատերազմական իրավիճակում, և դա պետք է գիտակցի ՀՀ և ԼՂՀ յուրաքանչյուր քաղաքացի` լինի նա քաղաքական գործիչ, պաշտոնյա թե շարքային մարդ: Եվ լայնածավալ պատերազմի վերսկսումն այսօր առաջին հերթին՝ կանխում է մեր բանակը` շարքային զինվորից՝ մինչև նախարար, որը ցույց է տալիս, որ բանակը մարտունակ է, զգոն է և իր գրագետ գործողություններով ստիպում է հակառակորդին հետ կանգնել պատերազմ սկսելու մտքից:
Ալիևին լայնածավալ պատերազմ սկսելու մտքից հետ է պահում մեր բանակի մարտունակությունը, նրա հերոսական գործողությունները: Պատերազմը կանխող մյուս գործոնը Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն են: Օրինակ, ադրբեջանական մամուլը գրում է, որ իրենք պարտվել են ոչ թե Հայաստանին, այլ Ռուսաստանին:
Սա, իհարկե, իրականությանը չի համապատասխանում, քանի որ կռվել և հաղթել է հայ ժողովուրդը, բայց ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական աջակցություն Ռուսաստանի կողմից եղել է, և դա չի կարելի ժխտել: Հիմա քարոզչական պատերազմ է ծավալվել Հայաստանի և Ռուսաստանի դեմ, և ինչ-որ ուժեր փորձում են կասկած մտցնել Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ: Ի՞նչ են ասում Հայաստանում որոշ ուժեր` Ռուսաստանը կլքի Հայաստանին դժվար պահին, չի օգնի պատերազմի ժամանակ, Ռուսաստանն Ադրբեջանին զենք է մատակարարում, որ ոչնչացնի Հայաստանին, ուրախանում են Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով՝ շատ լավ գիտակցելով, ի դեպ, որ ՀԱՊԿ-ի այլընտրանք ՆԱՏՕ-ն այսօր ՀՀ-ին չի առաջարկում որևէ ռազմաքաղաքական աջակցություն, չի վերցնում իր վրա ՀՀ անվտանգության ապահովման պարտավորություն:
Ահա այսպիսի էժանագին հնարքներով փորձում են հայ հասարակության մեջ սերմանել ռուսատյացություն: Մինչդեռ պարզ է, որ Ռուսաստանն օգտագործում է իր ազդեցությունը նոր պատերազմի սպառնալիքը զսպելու համար: Պարզ էր, չէ՞, որ սահմանային վերջին իրադարձությունները սկսվեցին այն պահին, երբ Ռուսաստանի գլուխը խառն էր Ուկրաինայում զարգացող իրավիճակով, և Ալիևին թվաց, թե Ռուսաստանը չի ցանկանա երկրորդ ճակատում էլ պատերազմի մեջ մտնել:
Բայց Վլադիմիր Պուտինը երկու նախագահներին հրավիրեց Սոչի և, կարծում եմ՝ բոլորին էլ հասկանալի է, թե ինչ խոսակցություն է տեղի ունեցել այնտեղ: Հենց այս երկու պատճառով` մեր բանակի մարտունակության և Ռուսաստանի զսպիչ դերակատարման պատճառով՝ ես լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը համարում եմ չափազանց փոքր:
– Բայց որքա՞ն կարող է պահպանվել ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը, կարո՞ղ է Հայաստանն ինչ-որ բան անել կայուն խաղաղության հասնելու համար:
– Սա մեր ճակատագիրն է, և դրա հետ պետք է համակերպվել: Կամ մենք պետք է համակերպվենք մեր ճակատագրի հետ, կամ պետք է հանձնվենք: Ենթադրենք, կարող ենք հենց վաղը լուծել Ղարաբաղի հարցը` հանձնվելու ճանապարհով, և ասենք` վերցրեք` ինչ ուզում եք: Բայց եկեք ավելի լուրջ նայենք բանակցային գործընթացին և տեսնենք, թե ինչ է կատարվում այնտեղ: Հայաստանի երեք նախագահներն էլ, ըստ էության, համաձայնել են վերադարձնել ազատագրված տարածքները՝ խաղաղության և Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: Այսինքն՝ Հայաստանի կողմից զիջումը կամ դրա պատրաստակամությունը դրսևորվել է, և դա քիչ չէ, երբ հաղթող կողմը զիջում է արյունով և կորուստներով ձեռք բերված հողը:
Ինչպես է դրան պատասխանում Ադրբեջանի նախագահը և քաղաքական էլիտան. հետ տվեք այդ տարածքները Ղարաբաղի հետ, իսկ Երևանն էլ մերն է, մեր պատմական հողերի վրա կառուցված քաղաք է: Այնտեղ քաղաքական էլիտայի մեջ, չկան ուժեր կամ անձինք, որ ասեն՝ եկեք քննարկենք հայկական կողմի առաջարկած փոխզիջման տարբերակը, չեմ խոսում ընդունելու մասին, ասում եմ` գոնե քննարկեն:
Այս պայմաններում, երբ Հայաստանը պատրաստ է զիջումների, իսկ Ադրբեջանը պատրաստ չէ անգամ որևէ զիջման, ի՞նչ բանակցությունների կամ կայուն խաղաղության հաստատման հեռանկարի մասին է խոսքը: Բացի այդ, ասեք մի հակամարտություն, որը լուծվել է 20 տարվա ընթացքում. Պաղեստինա- արաբականը, բրիտանա-արգենտինականը, Կիպրոսինը:
Չկան շուտ կամ հեշտ լուծված հակամարտություններ: Իսկ այն մարդիկ, ովքեր Հայաստանում դնում են ստատուս-քվոյի փոփոխության խնդիր, ովքեր ասում են, որ Հայաստանը չի դիմանալու Ադրբեջանի հետ մրցակցությանը, դրանք այն մարդիկ են, ովքեր ուզում են դրդել Հայաստանին հանձնվելու, հակահայկական լուծման: Բայց եթե մենք նույնիսկ գնանք նահանջելու տարբերակով և զիջենք ազատագրած տարածքները և անգամ Ղարաբաղը, ապա, միևնույն է՝ խաղաղություն չի լինելու, այդ խնդիրները տեղափոխվելու են Հայաստան:
Դրա համար, նորից եմ կրկնում, եթե չկա հայանպաստ լուծում, ստատուս-քվոյի փոփոխության մասին խոսակցությունները բերելու են նոր պատերազմի: Եվ նրանք, ովքեր այսօր հայկական կողմից խոսում են ստատուս-քվոյի փոփոխության մասին, որ Հայաստանը չի դիմանա, որ Ռուսաստանը չի գա օգնության, ապա այդպիսի պարտվողական տրամադրությունների տարածումը բերելու է նոր պատերազմի: Հայ ժողովուրդը, ինչպես, օրինակ, Իսրայելի ժողովուրդն է, պետք է գիտակցի, որ հակամարտությունը կարող է ձգձգվել, և դրանում հաղթելու համար միշտ պետք է պատրաստ լինել խաղաղություն պարտադրելուն, և ոչ թե խաղաղություն խնդրելուն: