Լարիսա Ալավերդյան. «Լայնածաված պատերազմ սկսելու հարցում Մեծ Բրիտանիան Ադրբեջանին զսպող ամենամեծ ուժն է»

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ հետաքրքրաշարժ հանգամանք է այն, որ հայ-ադրբեջանական սահամանի լարված իրավիճակին անդրադարձել է Մեծ Բրիտանիան, որը պաշտոնապես հայտնել է իր անհանգստությունը:

«Հայտնի է, որ Ադրբեջանը, պարծենալով իր անկախությամբ, իրականում գրեթե կիսագաղութային կախվածության մեջ էր գտնվում «Բրիթիշ Փեթրոլիումից», իսկ այն Մեծ Բրիտանիայի քաղաքականության համար կարևորագույն դերակատարություն ունեցողներից մեկն է: Ու այսքան տարիների ընթացքում մի այլ վիճակներում Մեծ Բրիտանիան ամենևին չի արձագանքել, մասնավորապես, որովհետև որևէ միջնորդ կազմակերպության, մարմնի, կամ որևէ միսիայի մեջ ընդգրկված չի եղել: Բայց նա ընդգրկված չէ նաև արցախյան հարցի մեջ, հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ որևէ միջնորդություն չունի, այնպես որ՝ մենք հստակ պետք է հասկանանք, որ Մեծ Բրիտանիան անհանգստացած է իր նավթային շահերի համար և ահա Մեծ Բրիտանիան է, որ ամենազսպող ուժն է լայնածավալ պատերազմ ծավալելու առումով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լարիսա Ալավերդյանը:

Ըստ Լ.Ալավերդյանի՝ ամենավատ դերակատարություն (Ադրբեջանին այսպիսի գործողություններ սկսելու ոգևորելու առումով) իրականացնում է կոնկրետ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը (իսկ նրա կողքին կանգնած է ԱՄՆ). «Ինձ թվում է՝ ամենևին հետաքրքիր չէ ո՛չ Ջեյմս Ուորլիքին, ո՛չ էլ Միացյալ նահանգերին, թե ինչ կլինի Ադրբեջանի, Հայաստանի, Արցախի և այստեղ բնակվող ժողովրդի հետ: Իր հետաքրքրությունը Ռուսաստանի շուրջ վառվող, կրակ արձակող մի օղակ ստեղծելն է, որ Ռուսաստանը հայտնվի մի իրավիճակում, որտեղ նա պետք է ուղղակի կրակի մեջ հայտնվի: Դրանով իսկ բացատրվում է Ջեյմս Ուորլիքի ժպտերես արտահայտությունը, որ արցախյան կոնֆլիկտը այլևս սառեցված չէ, որպես մի լուր, որին պետք է աչքալուսանք տրվի»:

Լ. Ալավերդյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանի կողմից հստակ չի տարբերակվում, որ եթե շփման գծում կան դիվերսիաներ, կրակոցներ, ապա հիմա անթաքույց խոսքը Ադրբեջանի կողմից անկախ ճանաչված պետության հանդեպ դիվերսիաների մասին է. «Ես պետք է հորդորեմ, որ հայկական պաշտոնական մարմինները, որոնք պատասխանատվություն են կրում այդ ոլորտի համար, ի վերջո, տան իրավական ընթացք այդ գործերին, և քաղաքական՝ այն առումով, որ բարձրացնեն այդ հարցը բոլոր այն հարթակներում, որտեղ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հանդես են գալիս որպես անդամ պետություններ, դա լինի ՄԱԿ-ը, լինի Եվրոպայի խորհուրդը, լինի դա ԵԱՀԿ-ն»:

Լ.Ալավերդյանը կարծում է, որ մենք ավելի քան պարտավոր ենք Մինսկի խմբի 3 համանախագահների առջև դնել այդ խնդիրը, ու ստանալ պարզ պատասխան. «Արդյո՞ք Մինսկի խումբն է զբաղվում այդ հարցերով: Ես դեմ եմ Արցախ-Ադրբեջան, Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկների մի անվան ներքո դիտարեկելուն»:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է նա գնահատում ՀՀ Արտգործնախարարության աշխատանքը, Լ. Ալավերդյանը պատասխանեց. «Ես վաղուց ասել եմ՝ ես ավելի քան պահանջատեր եմ հանդես գալիս այս տարիների ընթացքում մեր Արտգործնախարարության հանդեպ: Ի դեպ, ես, ավելի քան որևէ մեկը, գիտի այն աշխատանքի ծավալը, որը բաժին է ընկնում այդ նախարարության վրա: Ասել, որ իրենք անգործության են մատնված, ես այդպիսի բան չեմ ասում, բայց խոսքը գնում է կոնցեպցիայի բացակայության մասին, որը կդարձնի մեր նախարարությունը ակտիվ, գործող մարմին: Մենք պետք է տեսնենք, որ ունենք ծրագիր, ունենք «ճանապարհային քարտեզ» այս կամ այն հարցում»:

 

Տեսանյութեր

Լրահոս