Բաժիններ՝

Բյուջեն՝ վտանգի տակ

Որքան էլ հայրենի պաշտոնյաները փորձեն դեմքի անվրդով արտահայտությամբ հայտարարել, որ տնտեսությունը զարգանում է բնականոն հունով, այդուհանդերձ՝  գնալով ավելի հստակ է ուրվագծվում բյուջեի չկատարման վտանգը։

Այդ վտանգն առավել իրատեսական դարձավ հատկապես այն բանից հետո, երբ հրապարակվեց այս տարվա առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկը։

Ինչպես արդեն նշել էինք, հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացրել են հարկերը 12.1 միլիարդ դրամով կամ 3.8%-ով՝ պետբյուջե վճարելով 325.9 միլիարդ դրամի հարկեր ու տուրքեր։

Սա ընդհանուր պատկերն է, սակայն կա մի ոլորտ, որտեղ ցուցանիշներն առավել, քան տխուր են։ Խոսքը վերաբերում է հանքարդյունաբերությանը, որն էական դերակատարում ունի մեր տնտեսության և բյուջեի կատարման մեջ։ Ահա այդ կարևորագույն ոլորտը, դատելով հարկային ցուցանիշներից, լրջագույն խնդիրներ ունի։

Այս ոլորտի վճարած հարկերը կիսով չափ նվազել են։ Եվ, որ առավել մտահոգիչ է՝ ավելի մեծ չափով նվազել են ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերությունների վճարած հարկերը։

Խոշոր հարկատուների ցանկից մենք առանձնացրել ենք 8 ամենախոշոր գործող հանքարդյունաբերական ընկերություններին։

Ինչպես երևում է ստորև ներկայացված ցանկում, այդ 8 ընկերությունները միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել  13.9 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր։ Նախորդ տարվա առաջին կիսամյակում նույն 8 ընկերությունները վճարել էին 25.1 միլիարդ դրամի հարկեր։ Փաստորեն, միայն հանքարդյունաբերական այս 8 ընկերությունների մասով հարկային մուտքերը նվազել են 11.2 միլիարդ դրամով կամ 44.7%-ով։

hark-hanq

Հանրապետության երբեմնի ամենախոշոր հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, հարկերը պակասեցրել է 6.8 միլիարդ դրամով կամ 53.1-ով (6 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12.8 միլիարդ դրամի փոխարեն)։

Հանքարդյունաբերության ոլորտի երկրորդ խոշոր հսկան՝ «Գեո-ՊրոՄայնինգը»  տոկոսային առումով է՛լ ավելի է նվազեցրել հարկերը՝ 56.4%-ով (3 միլիարդ դրամով)։

8 ընկերություններից միայն երկուսն են այս տարի ավելի շատ հարկեր վճարել, քան նախորդ տարի՝ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատն ու «Զանգեզուր Մայնինգը»։

Թե ինչու է հանքարդյունաբերությունը հայտնվել այս վիճակում, գաղտնիք չէ։ Նվազել են մետաղների համաշխարհային գները։

Օրինակ՝ պղնձի գինը Լոնդոնի բորսայում այս տարվա մարտի վերջին հասավ նվազագույն մակարդակին վերջին 3 տարվա կտրվածքով. 1 տոննան՝ 6539 դոլար։

Անկումը շոշափելի է եղել հատկապես տարվա առաջին եռամսյակի ընթացքում, երբ պղնձի գինը նվազեց շուրջ 11%-ով՝ 7335 դոլարից հասնելով 6539 դոլարի։ Այս պահին Լոնդոնի բորսայում պղնձի գինը 7090 դոլար է, սակայն անորոշությունը շարունակվում է։

pxindz-gner

Վերադառնալով խոշոր հարկատուների ցանկին՝ նշենք, որ հանքարդյունաբերության կորուստը որոշ չափով կոմպենսացրել է «Գազպրոմ-Արմենիան», որը 4.5 միլիարդ դրամով ավելացրել է հարկերը։ Սակայն դա տեղի է ունեցել գազի ներհանրապետական սակագնի թանկացման արդյունքում։ Երկրորդ  կիսամյակում նման շոշափելի աճ չի լինի, քանի որ նախորդ տարվա երկրորդ կիսամյակում գներն արդեն բարձրացել են, և տարբերությունը համեմատության մեջ մեծ չի լինի։

Այս ամենին գումարվում են մյուս ռիսկերը՝ տնտեսական աճի դանդաղումը, արտագաղթը, ներդրումների նվազումը, սահմանային լարվածությունը և, իհարկե, Արևմուտքի կողմից ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ կիրառված պատժամիջոցները, որոնք ազդելու են թե՛ Ռուսաստանի, թե՛ ՀՀ տնտեսության վրա, որքան էլ մենք մեզ փորձենք հանգստացնել։

Իրավիճակի շարունակման պարագայում խնդիրներն անխուսափելի են լինելու, և ՀՀ իշխանությունները դա, թերևս, բոլորից լավ են գիտակցում։ Այս պարագայում պետությունն ունի բյուջեն լցնելու երկու ճանապարհ։ Կամ խստացնել վարչարարությունը, ինչը կնշանակի՝ թուլացող տնտեսությունից քամել վերջին ռեսուրսներն ու է՛լ ավելի արագացնել վերջնական փլուզումը։ Կամ էլ իրոք ցուցաբերել քաղաքական կամք ու իրականացնել լուրջ բարեփոխումներ՝ մի կողմ դնելով անձնական ու խմբակային շահերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս