Բաժիններ՝

«Միլիոններ, տուն, հարստություն ու՞մ և ինչի՞ են պետք»

asparez.am-ը գրում է.  Թամարա Գեւորգյանին բոլորն են ճանաչում Սիսիանի Շամբ գյուղում եւ հարեւան գյուղերում: Թամարան, բնակվելով գյուղում ու զբաղվելով գյուղատնտեսությամբ, միաժամանակ աշխատեցնում է երկու արտադրամաս եւ մեկ խանութ:

«Միլիոններ, տուն, հարստություն ու՞մ եւ ինչի՞ են պետք: Կարեւորը առողջ լինելն ու առողջ, խելոք երեխաներ ունենալն է: Յուրաքանչյուրը երջանիկ է իր ունեցած երեխայով, քանի որ ազգին, հասարակությանը պիտանի մարդ է տալիս: Դա իմ կարծիքն է»,- ասում է մեկ դստեր մայր Թամարան:

Սիսիանում ծնված ու մեծացած, Երեւան քաղաքում հաշվապահություն ուսանած կինը հավաստում է, որ ինքը սիրում է գյուղը.

«Քաղաքում մարդկանց 50-60%-ը սթրես է տանում: Դա նրանից է, որ մարդիկ չեն շփվում իրար հետ, չեն խոսում: Հնարավոր է` այսօր դու քաղաքում նեղված լինես, եւ մեկը չլինի, որ հետը կիսվես: Այստեղ շփման եզրերը շատ լավ են: Գոհ եմ եւ՛գյուղից, եւ՛ գյուղի ժողովրդից: Մարդկանց թվում է, թե քաղաքում բախտ են բաժանում: Մի անգամ քաղաքում հյութի արտադրամաս մտա, տեսա` մարդիկ, մինչեւ ծնկները հասնող ռեզինե երկարաճիտ կոշիկներ հագած, ջրերի մեջ ամբողջ օրն աշխատում են: Ավելի լավ է` գյուղում քո հողակտորը մշակես: Ես իմ հողամասում ընդհանրապես քիմիական պարարտանյութեր չեմ օգտագործում: Կարկանդակներն իմ հողամասից ստացած կարտոֆիլով եմ պատրաստում: Շամբում առաջին լոբին ես եմ ունենում: Բայց, դե, գյուղացին շատ է չարչարվում ու ապարդյուն: Ավելի լավ է` լոբին կանաչ վիճակում վաճառես, քան հասունանա, ու հետո չգնեն»:

Բազմազբաղ Թամարան հացի արտադրամասը հիմնադրել է 2008-2009 թվականներին: Թխում են հաց, կարկանդակ, հոթ-դոգ, խաչապուրի, տարբեր տեսակների խմորեղեն: Հացի արտադրամասում պատրաստում են նաեւ կոտլետի, կոլոլակի, խինկալու կիսաֆաբրիկատներ: «Խմորն ես անձամբ եմ անում. չեմ վստահում, որովհետեւ խմորից է կախված, թե հացն ինչպիսին կլինի: Մեր արտադրանքը վաճառում եմ իմ խանութում: Կանխիկ չեմ վաճառում. հիմնականում պարտքով են վերցնում: Հարկային դաշտում գրանցված եմ, խնդիրներ չունեմ: Շատ կանայք են ասում.

«Կլինի՞, որ այս ամիս քեզ մոտ աշխատեմ, որպեսզի էլեկտրաէներգիայի վարձը կարողանամ վճարել»: Ես էլ ընդառաջում եմ: Հատկապես ամռանը աշխատողների կարիք շատ եմ ունենում: Լինում է, որ ստիպված գիշերն ենք աշխատում, երբ հարսանիքի եւ այլ արարողությունների համար պատվերներ ենք ունենում: Աշխատող մարդն ամեն ինչ էլ անում է: Որտեղ էլ որ ուզես` աշխատանք կա»,-անկեղծանում է Թամարան:

Ակնարկիս հերոսուհին չի սիրում, որ գյուղի կանայք սննդամթերքը թափում են, քանի որ ինքը խնայող է եւ այդպես չի վարվում: Թամարան նաեւ հրաշալի պահածոներ է պատրաստում: Այդ մասին նա ասում է.

«Ես հիմնականում պահածոներից պատրաստում եմ լավ կոնֆիտյուրներ: Կոնյակ էլ եմ պատրաստում: Ես երբեք գազավորված հյութ չեմ գնում. տնական պայմաններում եմ հյութեր պատրաստում: Միայն ամանորյա սեղանի համար եմ գազավորված հյութ գնում, այն էլ` մտածելով, որ հյուրերի մեջ, հնարավոր է, մարդիկ լինեն, ովքեր այդպիսի հյութ են նախընտրում»:

Թամարայի կարի արտադրամասը գործում է 2007 թվականից: «ԱՍԴ (ակցիա սովի դեմ) կազմակերպության գրասենյակ կարի արտադրամասի ծրագիր եմ ներկայացրել եւ ստացել եմ կարի մեքենա: Հիմնականում ամառային զգեստներ, տոնական հագուստ, սպիտակեղեն, շապիկներ, վարտիքներ, գիշերազգեստներ ենք արտադրում: Հագուստի վերանորոգման աշխատանքներ էլ ենք իրականացնում: Ունեմ աշխատող` Վարդիթեր Միքայելյանը:

Մանրամասներն` այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս