Հնարավոր զարգացումները Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում միջադեպից հետո
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպը կանխամտածված չէր, ամենայն հավանականությամբ այն կրում էր կենցաղային բնույթ, սակայն հետագայում վերածվեց բախման և մեկնաբանվեց իբրև ազգամիջյան հակասություն:
Կենցաղային կռիվ, թե՞ ազգամիջյան հակասություն
«Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի» և «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ իրականացված քննարկման ընթացքում Հայաստանից և Վրաստանից հրավիրված փորձագետներ՝ Ջոնի Մելիքյանը (Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար), Սերգեյ Մինասյանը (Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն), Գեորգի Գվիմրաձեն (Վրաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ) և Արսեն Խառատյանը (փորձագետ, «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման խորհրդի անդամ) համակարծիք էին, որ վերջերս Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպը կենցաղային հողի վրա ծագած հակասությունների արդյունք էր, որը հետագայում տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց:
Սերգեյ Մինասյանը համոզված է, որ միջադեպը կանխամտածված չէր, թեև այն հետո վերածվեց ազգամիջյան հակասության և խոշոր բախման, « բայց դա չի նշանակում»,- շարունակեց միտքը քաղաքագետը,-« որ միջադեպը կարող է ազդել հայ-վրացական միջպետական հարաբերությունների կամ երկու երկրների եկեղեցիների միջև առկա հարաբերությունների վրա»:
Թե Սերգեյ Մինասյանը և թե վրացի փորձագետ Գեորգի Գվիմրաձեն նշեցին, որ նման միջադեպեր ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ցանկացած երկրում, հատկապես այնտեղ, որտեղ շատ են ազգային փոքրամասնությունները: Իսկ վրացի փորձագետն էլ նշեց, որ իր երկրում ընդհանուր անհանդուրժողոկանության մթնոլորտ է տիրում անկախ ազգային պատկանելիությունից: Միևնույն ժամանակ նա փաստեց, որ Վրաստանում քաղաքական մթնոլորտ ձևավորող ուժերը լիբերալ են և հեռու քսենոֆոբիայից:
Ինչպե՞ս կարելի է խուսափել նման միջադեպերից
Անհրաժեշտ բարձրացնել մարդկանց քաղաքացիական ինքնագիտակցությունը: Գեորգի Գվիմրաձեի խոսքով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին սովորեցնում են, թե ինչպես պետք է պաշտպանվել, սակայն չեն սովորեցնում հանդուրժողականություն: Սերգեյ Մինասյանի գնահատմամբ այն ինչ կատարվում է Վրաստանում, նույն խնդիրը առկա է նաև Հայաստանում, պարզապես Հայաստանում փաքրամասնություններն են քիչ և խնդիրը սուր չէ:
Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է երկծոսություն ծավալել տարբեր մակարդակներում, թե միջպետական, թե միեկեղեցական և թե հասարակությունների միջև: Արսեն Խառատյանն էլ կոչ արեց Վրաստանի հայ համայնքին « լինել ավելի ակտիվ ու նախաձեռնող վրացական քաղաքական դաշտում»` նշելով, որ վերջին Վրաստանում վերջերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին հայ համայնքն ուներ ընդամենը մեկ թեկնածու:
«Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Ջոնի Մելիքյանն էլ ամփոփելով քննարկումը խսքն ուղղելով լրատվամիջոցներին նկատեց, որ պետք չէ չճշտված տեղեկություններ տարածել, հաճախ նման տեղեկություններն ավելի շատ են վնասում: