«Թափանցիկ հարկային դաշտի ձևավորումը լոկ պատրանք է»
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում «հասցրեց» ընդունել նաև «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունները: Մասնագետներից շատերի կարծիքով՝ դրանց հետևանքով առաջադրվում է մի բարդ սխեմա, որի պահպանումը շատ ձեռնարկությունների համար լինելու է անհնար: 2013թ. դրությամբ ՀՀ-ում գործող 68,873 ՓՄՁ-ների մեծ մասը` 50,144-ը, շրջանառության հարկ վճարող է:
Ի՞նչ պետք է իմանա շրջանառության հարկ վճարողը: Նախ` 2015թ. հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող դառնալու համար պետք է տարածքային հարկային մարմնին մինչև փետրվարի 20-ը ներկայացնել դիմում, այլապես գործունեությունը տեղափոխվում է հարկային դաշտ: 2014թ. հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտի ընկերությունների համար գործելու է շրջանառության հարկի 1% դրույքաչափ, արտադրության համար` 3.5%, ծառայության համար` 5%, նոտարական գործունեության համար` 20%, ակտիվների օտարում կամ վարձակալություն` 10%:
Հոկտեմբերի 1-ի դրությամբ տնտեսվարողները պետք է գույքագրեն առկա ապրանքները (անվանումով և քանակով), անկախ այն հանգամանքից՝ դրանք փաստաթղթավորվա՞ծ են, թե՞ ոչ, և 10 օրվա ընթացքում ներկայացնեն տարածքային հարկային մարմնին: Դրանից հետո բոլոր ձեռքբերումները պետք է փաստաթղթավորվեն:
Կամ էլ պետք է տնտեսվարողը հայտարարություն տա, այլ կերպ ասած` «մատնի» փաստաթուղթ չտրամադրած ընկերությանը: Հակառակ դեպքում` հարկայինի տեսադաշտում առաջին անգամ հայտնվելու ժամանակ մինչև 2015թ. հունվարի 1-ը տնտեսվարողը կնախազգուշացվի, երկրորդ անգամ կտուգանվի 20 հազար դրամով, երրորդ դեպքում` շրջանառության 5%-ի չափով, չորրորդ դեպքում` կազմակերպությունը կտեղափոխվի ԱԱՀ դաշտ: Ընդ որում, տարեցտարի այս պատժամիջոցները խստացվելու են:
Պետական կառույցներն արդեն սկսել են ՓՄՁ-ներին իրազեկել փոփոխությունների մասին, սակայն հնչող և պատասխան չստացած հարցերը դեռ շատ են, օրինակ` ի՞նչ է լինելու շուկայից կամ հաշիվ-ապրանքագրերով ձեռքբերումների դեպքում, և այլն: Գործարարների մոտ մեծ է մտավախությունը, որ իշխանությունը ձգտում է փոքրերին տանել դեպի ԱԱՀ-ի դաշտ, ինչը նրանց համար հավասարազոր է մահվան: Այս հարցերի շուրջ զրուցեցինք տնտեսագիտության թեկնածու Դավիթ Անանյանի հետ:
– Պարոն Անանյան, իսկապես խնդիրներ կա՞ն` շրջանառության օրենքի նոր փոփոխությունների հետ կապված, թե՞ ՓՄՁ-ների բողոքը ոչ բավարար տեղեկացվածության պատճառով է:
– Հարցը երկու կողմ ունի` օբյեկտիվ ու սուբյեկտիվ: Մի կողմից` հարկ վճարողների մտահոգությունը փաստաթղթավորման առումով տեղին է, բայց մյուս կողմից էլ` փաստաթղթավորման անհնարինության պատճառն այն է, որ հանրապետությունում շատ մեծ է ստվերը: Կազմակերպությունները փաստաթղթեր չեն կարողանում ապահովել, որովհետև թե՛ ստվերից են ձեռք բերում, թե՛ իրենք են ինչ-որ մասով ստվերում գտնվում: Հետևաբար, փաստաթղթավորման անհնարինությունը չի բացատրվում: Բայց նաև այդ մարդիկ, որ մտահոգություն են հայտնում, դրա մի մասն էլ իրենց մեղքն է, որ իրենք պատրաստ են աշխատել ստվերում, և պատրաստ են ստվերում գործողից ձեռքբերումներ կատարել` առանց անհրաժեշտ փաստաթղթավորման: Այսինքն` ամեն ինչը չէ, որ օրենսդրության անկատարության հետևանքով է:
– Կարելի՞ է համաձայնության գալ փաստաթուղթ չտրամադրողների հետ, որպեսզի այսուհետ տրամադրեն:
– Բոլոր հարկ վճարողների մոտ մի միտում կա, ասում են` ի՞նչ կարևոր է, թե որտեղից է վաճառվող ապրանքը, եթե վաճառքից շրջանառության հարկ է վճարում: Իսկ պետությունն այլ բան է ուզում, մասնավորապես, որ շուկաները կամ մեծածախ վաճառք իրականացնողները, որոնցից սովորաբար մանր ու միջին ձեռներեցները գնումներ են կատարում, փաստաթղթերով հիմնավորված լինեն, որ իրենք հարկ վճարողների միջոցով կարողանան նաև վերահսկել վերավաճառողներին:
Անշուշտ, վերավաճառողներին վերահսկելու համար մի քանի հոգու կամքը երևի բավարար կլիներ, բայց պետությունն ինքը երկու խնդիր ունի. նախ` հարկեր հավաքագրելու և մի քիչ հարկային առումով թափանցիկություն ապահովելու, մյուս կողմից էլ` իմիտացիա անելու-ցույց տալու, որ պայքար է մղում` միաժամանակ թողտվություն ունենալով օլիգարխիկ համակարգերի նկատմամբ: Եթե, օրինակ, վերցնենք Սամվել Ալեքսանյանի բիզնեսները, կամ օլիգարխիկ այլ անձանց բիզնեսները, նրանք շուրջ 60%-ով գտնվում են ստվերում, իսկ այն հարկատուները, որոնք իրենցից ձեռքբերումներ են կատարում՝ զրկված են փաստաթուղթ պահանջելու հնարավորությունից: Հիմա պետությունն ուզում է վերահսկել փաստաթուղթ ունենալը, մյուս կողմից էլ` ցուցադրում է իր անզորությունը «ալեքսանյանների» նկատմամբ:
Դա մի շրջանակ է, որ պետությունը մի կողմից` ուզում է տպավորություն ստեղծել, որ գնում է դեպի թափանցիկ հարկային դաշտի ձևավորմանը, ինչը, կրկնեմ, լոկ պատրանք է, մյուս կողմից` ուղղակի լծակներ է պետք, որ իր հարկահավաքագրումն իրականացնի: Հարկային մարմնին պետք է այդ փաստաթղթավորումը, որ մանր ու միջինի միջոցով կարողանա վերահսկել խոշորներին, որոնք ներմուծումներ են կատարում:
– Եթե մանրը խոշորից չստանա փաստաթուղթ ու հրաժարվի ապրանք վերցնելուց, անգամ գործունեությունը դադարեցնի, խոշորն ի՞նչ կերպ կկարողանա իրացնել իր ապրանքը, թե՞, այնուամենայնիվ, պարտադրված է լինելու փաստաթուղթ տալու:
– Այսօր օրենսդրությունն այնպիսին է, որ խոշոր կազմակերպությունը ներմուծում իրականացնելիս մաքսային ձևակերպում է ստանում, և ապրանքի ելքը, այսինքն` վաճառքը, անհնարին է թաքցնել: Եթե ապրանքը մտել է ՀՀ, պետք է ինչ-որ ձևով վաճառվի: Վաճառք կազմակերպելու տարբեր մեթոդներ կան` քաղաքակիրթ տարբերակ, փաստաթուղթ տալն է, մյուսը` ֆիրմային խանութների ցանցերի միջոցով վերավաճառք կատարելն է: Այսինքն` ձևավորում են ֆիրմային խանութներ, ՀԴՄ-ներ տեղադրում ու ՀԴՄ-ներով իրացնում, իսկ այդ դեպքում ապրանքները դառնում են անդեմ:
– Այսինքն` «ալեքսանյանները» կարող են «երևանսիթիների» միջոցով իրացնել ու խնդիր չե՞ն ունենա:
– Կարող են, կամ կարող են ոչ միայն «սիթիների», այլ նաև կարող են պահեստի վրա ՀԴՄ վերցնել հարկայինից, և պահեստը ֆիրմային խանութի անվան տակ ապրանք կվաճառի` ՀԴՄ տրամադրելով: ՀԴՄ-ում գրվում է միայն ապրանքաշրջանառությունը, մի քիչ էլ լավ ՀԴՄ-ները կարող են ապրանքացանկ էլ նշել:
– Ստացվում է, որ խոշորն առանց ՓՄՁ-ի էլ լավ կապրի, իսկ ՓՄՁ-ն տուժում է:
– Գիտեք, «տերովին տերն է տանում, անտերին` գելը» ասացվածքն այստեղ շատ տեղին է: Նույն իրավիճակն է: Խոշորներն իրենց թե՛ հովանավորներին են գտնում, թե՛ հովանավորյալների են գտնում, թե՛ փողերով հարցեր են կարգավորում, իսկ մանրն ու միջինը ստիպված է ուղղակի գոյատևել:
– Ի՞նչ կլինի այս պայմաններում ՓՄՁ-ների հետ:
– Այստեղ հարցը ոչ այնքան տնտեսագիտական է, որքան` հռետորական, քաղաքական ու սոցիալական: Մենք միջին խավը կամաց-կամաց ջարդեցինք, հիմա գրեթե չունենք միջին խավ, մի մասը գնաց, մի մասն այլևս միջին չէ: Այժմ առկա դեմոգրաֆիական, սոցիալական սուր խնդիրների հետևանքը լինելու է մանր ու միջին բիզնեսի անկումը: Ժողովրդի մոտ այլևս խանդավառություն չկա բիզնես անելու: Ժողովրդի մոտ կոպեկ փախցնելու մոլուցք կա, ոչ թե խանդավառությունների: Իսկ դա ոչ թե իրենց ընտրությունն է, այլ պարտադրված ապրելակերպ է, որպեսզի մարդիկ չկարողանան մտածել ավելի բարձր խնդիրների մասին, այլ մտածեն զուտ գոյատևելու մասին:
– Օրենքը հնարավորություն է տալիս, եթե փաստաթուղթ չեն տալիս` հայտարարություն տալ դրա մասին: Սա ինչ-որ առումով կմեղմի՞ ՓՄՁ-ների վիճակը:
– Ոչ, չի մեղմի, որովհետև նման օրինակ մենք ունեցել ենք, մի քանի տարի առաջ «Հարկերի մասին օրենքի» 28-4 կամ 28-5 հոդվածով, որով նորից տուգանք էր սահմանվում առանց փաստաթուղթ ապրանքների մատակարարման և ձեռքբերման գործարքների նկատմամբ: Տուգանք չէր կիրառվում նրանց նկատմամբ, ովքեր հայտարարություն էին տալիս հարկային մարմնին, որ մյուս կողմը հրաժարվում է փաստաթուղթ տալ:
Ըստ էության, այդ նորմն ընդունեցին, և գործեց մեկ տարի: Ինչո՞ւ: Որովհետև տեսան, որ դա ազգային մենթալիտետին դեմ է: Ոչ ոք չի գնա հայտարարություն տա, որ այս կամ այն կազմակերպությունը փաստաթուղթ չի տալիս: Ընդհանրապես` օրենքն ընդհանուր վարվեցողության կամ վարվելակերպի կանոն է: Այսինքն` եթե օրենքով ընդունում են մի բան, որ ազգային մտածողությունից չի բխում, նշանակում է` դա չի կարող դառնալ ազգային մտածողության կանոն: Այս հայտարարություն տալը ոչ թե կմեղմի, այլ չի աշխատի: Նման փորձ ունեցել ենք:
– Նախագահը դեռ չի ստորագրել օրենքը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ բողոքի ալիքի ազդեցության տակ բիզնեսի ձայնը լսելի դառնա, ու վերանայվի այն:
– Ես բացարձակ չեմ հավատում դրան: Դա ոչ թե հուզական արտահայտություն է, այլ վերջին կես տարվա ձևավորված ավանդույթն է: Մենք շատ ու շատ պայքար ենք մղել շատ օրինագծերի դեմ, այդ թվում` նրանց, որոնք ընդունվել են հենց այս օրենքի հետ միասին: Շատ հարգված տնտեսագետների, որ հայտնի են ամբողջ հանրապետությունում, ուղղակի խաբեցին, ասացին` լայն քննարկման առարկա կդառնա, բայց չդարձրին: Ես չեմ հավատում, որովհետև ոչ միայն բացակայում է տնտեսագիտական միտքը, այլ նաև մարդկանց մոտ տարրական մարդկային հատկանիշներն են կորել: Այսինքն, եթե որոշում է կայացվում, որ եթե ինչ-որ օրինագիծ հանրային քննարկման առարկա կդառնա, բայց նորից դնում են օրակարգ, ու մի շրխկոցով մեծամասնությունն այն ընդունում է, դա տարրական խաբեություն է: Այսինքն, եթե մարդկային հատկանիշները պահպանված չեն, էլ որտեղի՞ց կարող ենք մենք լավ բաներից խոսել: Մարդիկ ուղղակի ստախոս են: Դրա համար որևէ հույս փայփայել չարժե: