Բաժիններ՝

Ինչպե՞ս էր բուժվում ընկճախտը նախկինում

Հին Հռոմում մելանքոլիան բուժում էին արյունառությամբ, սակայն, եթե՝ ելնելով հիվանդի ընդհանուր թուլությունից դա հակացուցված էր, ապա այն փոխարինվում էր փսխեցուցիչ միջոցներով: Բացի այդ, անհրաժեշտ էր ամբողջ մարմնի շփումները, շարժումները և լուծողականը… Ընդ որում, շատ կարևոր է հիվանդին ներշնչել ոգու կորով՝ զվարճացնելով նրան այնպիսի թեմաներով և զրույցներով, որոնք նրան նախկինում հաճելի էին: Պատրիկներին նաև հայտնի էր, որ՝ «զվարճանքների հետ մեկտեղ՝ քնից զրկումը» թույլ է տալիս ժամանակավորապես վերացնել մելանքոլիայի ախտանիշները: Այս մեթոդը անարդարացիորեն մոռացվել էր և կրկին բացահայտվեց արդեն 20-րդ դարի երկրորդ կեսերին՝ ստանալով «Քնի դեպրիվացիայի մեթոդ» անվանումը:

18-րդ դարում բժիշկները փորձում էին մի շատ տարօրինակ միջոցով ազատվել Գերմանիայում տարածված մելանքոլիայից, որը հիվանդների կողմից նկարագրվում էր որպես՝ «արճճե ծանրություն ձեռքերում և ոտքերում», «մի փութ ծանրություն ուսերին»: Հիվանդներին կապում էին պտտվող աթոռների և անիվի վրա՝ ենթադրելով, որ կենտրոնախույս ուժերը կարող են վերացնել այդ ծանրությունը:

Ընդհանրապես, մինչև 20-րդ դարը հոգեբույժների ձեռքն ընկած հիվանդների նկատմամբ առանձնապես նրբանկատություն չէր ցուցաբերվում: Սով, ծեծ, շղթայակապ վիճակում պահել՝ ահա այն ոչ ամենադաժան համարվող մեթոդների ցուցակը, որոնք կիրառում էին այն ժամանակների հոգեբուժական հաստատություններում: Այս մեթոդներով են բուժել նաև Անգլիայի թագավոր Գեորգ 3-րդին. երբ նա հայտնվել խելակորույս վիճակում, Եվրոպայի լավագույն բժիշկների խորհրդով նրան դաժան ծեծի էին ենթարկում: Նոպաներից մեկի ժամանակ թագավորը մահացավ: Պետք է նշել, որ նման մեթոդներով բուժում էին միայն մոլագարներին, իսկ քանի որ դեպրեսիայի ժամանակ հիվանդներն իրենց հանգիստ էին պահում, ապա նրանց նկատմամբ կիրառվում էին ավելի մեղմ մեթոդներ:

1884թ. Զիգմունդ Ֆրեյդը առաջին անգամ փորձեց կոկաինը, ինչի արդյունքում էլ լույս տեսավ նրա «Կոկաինի մասին» առաջին մեծ աշխատությունը, որում խոսվում է նաև ընկճախտի բուժման մեջ կոկաինի օգտագործման մասին: Այն ժամանակներում կոկաինը համարվում էր անվնաս դեղամիջոց և ազատ վաճառվում էր դեղատներում: Դեռ պետք է շատ տարիներ անցներին նախքան կբացահայտվեին այդ «դեղամիջոցի» բացասական կողմերը՝ ուժեղ կախվածություն, և այն, որ կոկաինի օգտագործումն ինքնին հանգեցնում է դեպրեսիայի, որին նույնիսկ տվել են «կոկաինային տրտմություն» անվանումը:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ psyarmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս