Տիգրանակերտի 2014 թվականի առաջին գյուտը

Հունիսի 25-ին վերսկսվել են Արցախի Տիգրանակերտի հնագիտական պեղումները, որոնք ընթանում են երեք հիմնական տեղամասերում` Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատ, Անտիկ առաջին թաղամաս եւ Վաղքրիստոնեական հրապարակի հյուսիսային բակ: Պեղման ներկա մակերեսը կազմում է մոտ 500 քառակուսի մետր, միջին խորությունը`2,5 մետր:

Դեռ նոր են սկսվել հնագիտական աշխատանքները, բայց արդեն արձանագրվել է առաջին ու ամենակարեւոր գյուտը, որը նորաբաց երկրորդ եկեղեցու արեւելյան խորանի տակ պեղվող վաղքրիստոնեական դամբարանն է:

Ինչպես փաստում է հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, դամբարանն ունի արեմուտք-արեւելք ուղղվածություն, համարյա քառակուսի դամբանասրահ, թաղակապ ծածկ, հյուսիսային եւ հարավային պատերի մեջ ներկառուցված են մասունքները տեղադրելու հատուկ երկայնական խորշեր: Ողջ կառույցն իրականացված է սրբատաշ մեծ բլոկներով՝ ամուր կրաշաղախի օգնությամբ: Ըստ Համլետ Պետրոսյանի, այն Աղցքի արքայական դամբարանի եւ Ամարասի Գրիգորիսի դամբարանից հետո նման լավ պահպանված երրորդ կառույցն է հայ` վաղքրիստոնեական մշակույթում:

Հնագետը հույս ունի, որ պեղումների արդյունքները հնարավոր կդարձնեն վավերացնել այս տիպի կառույցի մի նոր հորինվածք, ինչպես նաեւ փաստագրել եւ պատմական իրական հիմքերի վրա դնել 5-րդ դարի երկրորդ կեսի Հայաղվանքի արքա Վաչագան Բարեպաշտի կրոնական ռեֆորմի իրական ընթացքն ու մանրամասները:

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031