«Պատիժը խիստ չէ». Գևորգ Կոստանյանը՝ Լյուքս Ստեփանյանի գործով դատավճռի և անմեղության կանխավարկած խախտելու մասին

 Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 4-ի վճռով՝ զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը դատապարտվեց 17 տարվա ազատազրկման: Լրագրողներն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք նրա կարծիքով համաչա՞փ էր պատիժը՝ հաշվի առնելով այն տեսակետները, որ վճիռը կայացվել է տուժող կողմին լռեցնելու համար:

Նշենք, որ այս քրեական գործի նախաքննության ընթացքում Գևորգ Կոստանյանը զբաղեցնում էր զինվորական դատախազի պաշտոնը: «Ես կարծում եմ՝ հետևյալ տեսակետից պետք է նայենք: Նախ ընդհանրապես, երբևէ, եթե նկատել եք, հատկապես իմ պաշտոնավարման ժամանակահատվածում, ես երբեք որևէ որոշում չեմ կայացրել հասարակական կարծիքը կամ հասարակական դիրքորոշումը նկատի ունենալու տեսակետից: Այսինքն՝ եթե կա հասարակական պահանջ, որ այ սա անմեղ է, եկեք իրեն ազատենք, ես երբեք դրան չեմ գնում: Այսինքն՝ ինձ ծնողների դիրքորոշումը՝ իրենք գո՞հ են պատժաչափից, գոհ չե՞ն պատժաչափից, ինձ շատ չի մտահոգում»,- ի պատասխան ասաց Գևորգ Կոստանյանը՝ նշելով. «Համենայն դեպս մենք խոսում ենք հետևյալի մասին: Կատարվել է հանցագործություն, երկու անձ տուժել է, և երբ դատախազը միջնորդում է պատժաչափը և պատժատեսակը, դա չի որոշում օդի մեջ՝ եկեք այս դեպքում սա միջնորդենք: Երբ  դուք նայեք նմանատիպ դեպքերում դատական պրակտիկան՝ թե ինչ պատժողական քաղաքականություն է իրականացվում, յուրաքանչյուց դեպքում դատական պրակտիկան, գումարած տվյալ դեպքում մեղմաղնող և ծանրացնող հանգամանքները հաշվի առնելով է պատժաչափը որոշվում, միջնորդվում համապատասխանաբար դատարանին: Այսինքն՝ մենք չենք ներկայացնում, որ այս դեպքում ծնողները դեմ են կամ ծնողներին լռեցնելու խնդիր կա, եկեք խիստ պատիժ սպահանջենք… Խիստ չէ: Պատիժը խիստ չէ, պատիժը համաչափ է, որովհետև մենք խոսում ենք երկու հանցագործության մասին ՝ մի արարք, երկու հանցագործություն, և դրա համար ես համարում եմ, որ այդ պատիժը նորմալ է և համաչափ»:

Երբ Գևորգ Կոստանյանն ասաց, որ իր կարծիքով՝ ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ մեղադրանքը, մեղավորությունը հիմնավորելու համար, պաշտպանական կողմը խոսեց անմեղության կանխավարկածի խախտման մասին: Մեր հարցին՝ ի՞նչ գնահատական կտա այդ հարցին, Գ. Կոստանյանը պատասխանեց. «Ես հայտարարությանը գնահատական չեմ տալիս: Ընդամենը մի բան ասեմ: Ես դատախազ եմ: Բա իմ գործը հենց անձի մեղավորության մասին խոսելն է, չէ՞: Այսինքն՝ եթե ես այլ կերպ վարվեմ, դա կլիներ տարօրինակ: Բա ես հենց դատախազ եմ նրա համար, որ հենց պիտի պնդեմ իմ մեղադրանքը: Եթե ես մեղադրանքը հիմնավոր չհամարեի, մեղադրանքը չէի առաջադրի՝ ա, բ՝ մեղադրանքից կհրաժարվեի, չէ՞: Այդպե՞ս չէ: Բա ես հենց  դատախազ եմ նրա համար, որ եթե գտնում եմ՝ մեղադրանքը հիմնավոր է, պնդում եմ այդ մեղադրանքը: Իմ սահմանադրական գործառույթն է այդպիսին»: Գ Կոստանյանը նշեց նաև, որ դատարանն է որոշում անձը մեղավո՞ր է, թե ոչ:

Տեսանյութեր

Լրահոս