Կթանկանա՞ արդյոք հացամթերքը
Մի շարք փորձագետների կարծիքով՝ էլեկտրաէներգիայի թանկացումը անխուսափելիորեն բերելու է մի շարք արտադրատեսակների թանկացման։ Մասնավորապես, առաջին հերթին նշվում էր հացաթերքը, որտեղ էլեկտրաէներգիա շատ է օգտագործվում։
Մենք փորձեցինք հենց հացամթերք արտադրողներից պարզել, թե ինչ կարծիքի են հոսանքի գնի բարձրացման մասին, և արդյոք սպասվո՞ւմ են հացի գնի փոփոխություններ:
Երևանում գտնվող «Հեսու» հացի արտադրամասի տնօրենի խոսքով՝ հացի գինը միանշանակ բարձրանալու է: Մինչդեռ «ԳԱՌՆԻԻ ՍՈՒՐԻԿԻ ԼԱՎԱՇ» արտադրամասի տնօրեն Անդրանիկ Հակոբյանի կարծիքով՝ դժվար թե թանկացումները այնքան շատ լինեն, որ կարիք լինի բարձրացնել նաև հացի գինը:
Իսկ Մարտունու «Արև-1» հացի գործարանի տնօրեն Ծատուր Մանվելյանը բավականին վրդովված պատասխանեց . «Անպայման անդրադառնալու է, դա խայտառակություն է: Թալան է: Թե’ հացի, թե’ հրուշակեղենի գների վրա անդրադառնալու է»:
Կանդրադառնա՞ արդյոք հոսանքի գնի թանկացումը հացի գնի վրա, թե ոչ, մենք դեռ կտեսնենք: Բայց հացի արտադրամասերի արձագանքը ակնհայտորեն դրական չէր:
Քնարիկ Ջալաթյան