«Ընդամենը աչքերս են մրմռացել». Շանթ Հարությունյանի գործով ցուցմունք է տալիս տուժող ոստիկանը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանոըմ շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը:

Դատարանում որպես տուժող այժմ հարցաքննվում է Անդրանիկ Առաքելյանը, ով ոստիկանության աշխատակից է: Նա դատարանում հայտարարեց, որ ճանաչում է Շանթ Հարությունյանին, ով 2013թ. նոյեմբերին Ազատության հրապարակում նստացույց է արել: Ապա ակցիայի մասնակիցները դուրս են եկել Մաշտոցի պողոտայի երթևեկելի մաս, երբ ոստիկան Գեղամ Խաչատրյանը փորձել է երթևեկելի մասից դուրս բերել Շանթ Հարությունյանին, առաջին պայթուցիկը պայթել է: Պատասխանելով գործով ամբաստանյալ Վարդան Վարդանյանի հարցին՝ ինչ հրահանգ են ստացել նոյեմբերի 5-ին, տուժողն ասաց, որ իրենց հանձնարարվել է ապահովել հասարակական կարգը, ուղեկցել խաղաղ երթը: Նրա խոսքով՝ լրատվամիջոցներից իմացել է, որ երթի ուղղությունը դեպի նախագահական նստավայր էր՝ Բաղրամյան 26: Գործով պաշտպաններից մեկի հարցին՝ արդյոք ոստիկանությունը բարձրախոսով դիմե՞լ է երթի մասնակիցներին, տուժողը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ իրենք ի սկզբանե նպատակ չեն ունեցել երթը ցրելու, իրենց նպատակը հասարակական կարգի պահպանումն է եղել: Հարցին՝ երբ խախտվեց հասարակական կարգը, տուժողը պատասխանեց՝ երբ երթի մասնակիցները դուրս եկան ճանապարհի երթևեկելի գոտի, և անձինք չէին ենթարկվում ոստիկանության օրինական պահանջներին:

Պատասխանելով Շանթ Հարությունյանի հարցին՝ տուժողն ասաց, որ ինքը ծաայության ընթացքում միայն խրախուսանքներ է ստացել: Շանթ Հարությունյանն ասաց, որ սովետական դպրոցում իրենց սովորեցրել են՝ ամբոխը իրավիճակն ավելի չսրելու համար կարող է անցնել երթևեկելի մասով: Նա տուժողից հետաքրքրվեց՝ արդյոք տեղյա՞կ է, որ իրենք փորձել են պրովոկացիայից խուսափելու համար անցնել փողոցը: Ի պատասխան՝ տուժող ոստիկանն ասաց, որ տեղյակ չէ:  Նա նաև հայտարարեց, որ մարմանական վնասվածք չի ստացել, ընդամենը աչքերն են մրմռացել պայթուցիկներից: Գործով ամբաստանյալ Միսակ Առաքելյանն ասաց, որ իրենց ընկերները պայթուցիկներից պայթելուց հետո անցել են այդ մասերով, և նրանց աչքերին ոչինչ չի եղել: Շանթ Հարութունյանն էլ կատակով ավելացրեց, որ միայն ոստիկանների աչքերն են մրմռացել: Տուժողը հայտարարեց, որ գործով ամբաստանյալներին քաղաքացիական հայց , պահանջ չունի:

Տեսանյութեր

Լրահոս