Ուզբեկստանի նախագահն ընդունել է Թուրքիայի արտգործնախարարին
Haberler.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Տաշքենդում հանդիպել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների փոխհարաբերությունները, Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիան ու Ուզբեկստանը «եղբայրական» երկրներ են:
Դավութօղլուն հիշեցրել է, որ Ուզբեկստանը պատմական խոր արմատներով երկիր է՝ չնայած, որ նա անկախ պետություն է միայն վերջին 23 տարիներին (ԽՍՀՄ-ի փլուզումից հետո): Դավութօղլուի խոսքերով՝ իրենք Ուզբեկստանի հաջողությունները որակում են նաև իրենց հաջողություն:
Քարիմովն իր հերթին գոհունակություն է հայտնել Դավութօղլուի այցի կապակցությամբ և հիշեցրել է թուրք և ուզբեկ ժողովուրդների համատեղ մշակութային ու քաղաքակրթային անցյալ ունենալու մասին:
Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիան ձգտում է երկկողմ համագործակցությունը դուրս բերել ավելի բարձր մակարդակ, որը կհամապատասխանի երկու երկրների ու ժողովուրդների երկարաժամկետ շահերին:
Հիշեցնենք, որ թյուրքալեզու վեցերորդ երկիր համարվող Ուզբեկստանը վարում է թուրքական ազդեցության զսպման կոշտ քաղաքականություն և դեռ չի անդամակցել Թյուրքալեզու երկրների Խորհրդարանական վեհաժողովին: Ուզբեկստանի ղեկավարությունը մասնավորապես պայքարում է Թուրքիայի տնտեսական և մշակութային ազդեցության դեմ:
Մի քանի տարի առաջ, երբ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը Տաշքենդի օդանավակայանում դիմավորում էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին, կատակով ասել էր. «Նեղաչյաներն այստեղից հեռացան ձիերով, կապուտաչյաները վերադարձան ինքնաթիռով»: Դա Թուրքիայում բուռն քննարկումների տեղիք էր տվել: