Երբ են պայթելու փուչիկները. ուղեղը կհուշի
Ամերիկյան գիտնականների անցկացրած փորձը ցույց է տվել, որ ֆինանսական խաղերի ցանկացած իրավիճակում ներդրողների միջև առաջանում և պայթում են փուչիկներ՝ ապրանքների կամ արժեթղթերի աժիոտաժային սպեկուլյացիա ուռճացված գներով։ Այդ ակտիվների նկատմամբ պահանջարկը շարունակում է աճել մինչև այն պահը, երբ գներն սկսում են ընկնել՝ բերելով հսկայական կորուստների։ Սակայն ամերիկացի հետազոտողները նաև մեկ այլ բացահայտում են արել. ողջամիտ թրեյդերների ուղեղի որոշակի հատվածի գրգռման միջոցով կարելի է պարզել, թե երբ է պայթելու սպեկուլյատիվ փուչիկը։ Գիտնականներն իրենց ուսումնասիրության արդյունքները տրամադրել են Proceedings of the National Academy of Sciences հանդեսին։
Այսպես, Վիրգինիայի տեխնոլոգիական ինստիտուտի՝ մարդու նեյրովիզուալ հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Ռիդ Մոնթեգյուն 320 կամավորների հրավիրել է խաղալ վիրտուալ բորսայում։ 16 սենասներից յուրաքանչյուրին մասնակցել է 11-23 հոգի, որոնց ուղեղը միաժամանակ սկանավորվել է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով։
Գիտնականները չէին սպասում, որ սպեկուլյատիվ փուչիկը կփչվի յուրաքանչյուր խաղում։ Մինչդեռ ամեն անգամ հենց այդպես էլ լինում էր՝ վիրտուալ ակտիվների նկատմամբ պահանջարկը հանկարծ սկսում էր աճել, ներդրողները նետվում էին դրանք գնելու, գինը թռչում էր, իսկ հետո՝ փլուզվում։
Ֆինանսական սպեկուլյացիաներին սովորաբար մասնակցում են 3 տիպի թրեյդերներ։ Առաջին խումբը իմպուլսիվ, ագրեսիվ գնորդներ են, որոնք գնում են գերտաքացած ակտիվները՝ դրանք ավելի թանկ գնով վաճառելու նպատակով։ Այլ կերպ ասած, այս մարդիկ ավելի հակված են ազարտին տրվելու։ Երկրորդ խումբը չափավոր ագրեսիվներն են։ Իսկ երրորդ խմբի մեջ զգուշավոր թրեյդերներն են կամ իսկական ավանտյուրիստները։ Նրանք զգուշությամբ են մասնակցում պրոցեսին, կշռադատելով ամեն ինչ։ Երբ փուչիկը փչվում է՝ հասնելով իր առավելագույն չափին, առավելագույն շահույթը ստանում են հենց երրորդ խմբի թրեյդերները, քանի որ հասցնում են վաճառել ակտիվները։
Սակայն գիտնականներին ամենից շատ զարմացրել է մեկ այլ բան։ Պարզվել է, որ այս խմբերի մոտ վիրտուալ խաղի ընթացքում ակտիվանում են ուղեղի տարբեր հատվածները։ Առաջին խմբի մոտ ակտիվանում է միջուկը, որը մասնակցություն ունի հաճույքի, ծիծաղի կամ ագրեսիայի զգացողությունների մեջ։
Իսկ զգուշավոր ներդրողների մոտ, որոնք իրենց գործունեությունից մեծ շահույթներ են ստանում, ամենից առաջ աշխատում է ուղեղի մեծ կիսագնդերի կեղևի հատվածը, որն ակտիվանում է ֆիզիկական կամ հոգեբանական տհաճ զգացողությունների ժամանակ։
Եվ աղետից՝ փուչիկների պայթելուց անմիջապես առաջ, երբ ուղեղն աշխատում է գերլարվածությամբ, այս ներդրողները սկսում են վաճառել ակտիվները։ Այնպես, ինչպես այն երջանիկները, ովքեր 1994 թվականի հունիսին MMM ֆինանսական բուրգի փլուզումից անմիջապես առաջ վաճառեցին իրենց բաժնետոմսերն ու շահած դուրս եկան։
Այս փորձի հիման վրա հետազոտողները եզրակացրել են, որ թրեյդերների տվյալ խմբի ուղեղի ակտիվացումը կարող է ահանզանգի դեր խաղալ՝ վերահաս աղետից առաջ։
Ի դեպ, Մոնթեգյուի գործընկերը՝ տնտեսագետ Քոլին Քամերերը, խոստովանել է, որ միայն արժեթղթերի կուրսերի հետազոտությունը թույլ չի տալիս կանխատեսել ճգնաժամերը, և նեյրոհոգեբանությունն այդ հարցում կարող է հզոր գործիք դառնալ։
Սակայն դրա օգուտը խիստ հարցական է։ Չէ՞ որ կանխատեսել՝ չի նշանակում կանխել։ Հակառակը՝ շատ դեպքերում կանխատեսումը կարող է էլ ավելի արագացնել ճգնաժամը։
Թարգմանությունը՝ 168.am-ի