Անահիտ Բախշյան. Ի՞նչ է կատարվում մեր դպրոցներում
«Մի քանի օր առաջ Երևանի քաղաքապետին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել թ.174 հիմնական դպրոցի տնօրենը: Ըստ լուրերի՝ պատճառը եղել է դպրոցում ինչ-որ կազմակերպության կողմից ստուգումների արդյունքում տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը, որի հետևանքով բացահայտվել են հրամանագրված անձինք, որոնք չեն աշխատել դպրոցում և աշխատավարձը յուրացվել է տնօրենի կողմից: Կրկնում եմ՝ ըստ տարածված լուրերի, որոնց մասին քաղաքապետարանը, ինչպես իրենք են ասում, տեղյակ չէ: Ես այս մասին արդեն հարցում եմ ուղարկել քաղաքապետին, պատասխանի մասին նույնպես կտեղեկացնեմ հասարակությանը:
Սակայն ասելիքս այլ է: Միայն այս տարվա անցած 6 ամիսների ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ դպրոցի տնօրենը խարդախ ճանապարհով յուրացնում է կրթությանը հատկացված պետական միջոցները: Եթե թ. 27 հիմնական դպրոցի դեպքում այդ փաստի առթիվ հարուցված քրեական գործը տնօրենի կողմից աշխատանքից ազատման պատճառ չդարձավ, այլ հասավ դատարան, որտեղ արդեն նախկին տնօրենը հրապարակավ ընդունեց իր մեղքը, վերականգնեց պետությանը հասցրած վնասը և քաղաքապետի հրամանով 1,5 տարով ազատվեց թե՛ տնօրենի, թե՛ մանկավարժի պաշտոններից, թ.174-ի տնօրենն ավելի ամոթով էր, ազատվեց իր դիմումի համաձայն: Այս փաստն արդեն վկայում է այն մասին, որ այս տնօրենի մասին տարածված լուրերը մոտ են ճշմարտությանը:
Ի՞նչ է կատարվում մեր դպրոցներում, ինչպե՞ս է, որ այս երևույթները չեն կանխվում պատկան մարմինների կողմից, և ոչ միայն չեն կանխվում, այլև շատ տարածված մտածելակերպ կա՝ «Իսկ ո՞վ չի անում, որ…»: Արդյո՞ք քաղաքային իշխանությունը պայքարում է այս հանցավոր երևույթի դեմ, չի երևում, որովհետև նա հրապարակային ոչ մի քննադատական խոսք, նախադասություն, միտք այդպես էլ չարտահայտեց թ.27 դպրոցի նախկին տնօրենի վարքագծի մասին, իսկ թ. 174 դպրոցում իրականացված ստուգումների վերաբերյալ լռում է, կարծես խոսքը պետական անվտանգության մասին է: Եզրակացությունս հետևյալն է. եթե արատավոր երևույթի մասին պետական մարմինը լռում է, ուրեմն այն նրա կողմից խրախուսվում ու թաքցվում է այնքան ժամանակ, քանի դեռ չի բացահայտվել: Գուցե թաքցնելը երկուստեք ձեռնտո՞ւ է: Մեր հասարակությունն ու մասնավորապես կրթությունը պատանդ են մնացել պաշտոնյաների ծանոթների, բարեկամների ամբիցիաների ձեռքին, մինչև ե՞րբ…»:
Անահիտ Բախշյան
«Բարև Երևան» խմբակցության անդամ