4.5 միլիոն դրամ՝ մոծակների դեմ պայքարի միջոցառումներին
Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով ՀՀ 2014 թ-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին գյուղատնտեսության նախարարությանը 2014 թ-ի առաջին կիսամյակում կհատկացվի 4 միլիոն 576, 3 հազար դրամ:
Այսօր կառավարության նիստում այդ մասին զեկուցեց գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Որոշումը հաստատվեց՝ առանց որևէ հարց հարուցելու:
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում տուրիզմն ունի գերակա նշանակություն, իսկ տուրիզմի զարգացմանը նպաստող անվիճելի գործոններից են` մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը, անվտանգ և որակյալ սննդի ապահովումը, վարակիչ հիվանդություններից մարդկանց և կենդանիների պաշտպանությունը և այլն:
Տուրիզմի գոտիներում կարևորվում է նաև հիվանդությունների բռնկման և տարածման կանխարգելումը, ինչին նպաստում է նաև միջավայրում միջատների, այդ թվում մոծակների դեմ պայքարի կազմակերպումը:
Վարակի տարածման գործում միջատները մեխանիկական կամ կենսաբանական գործոն են հանդիսանում, այսինքն մի քանի հիվանդության հարուցիչները միջատի միջոցով մեխանիկորեն փոխանցվում են, մյուս դեպքում` հարուցիչները միջատի օրգանիզմում անցնում են կենսաբանական զարգացման որոշակի փուլ պայմանավորելով տվյալ հիվանդության հետագա ընթացքը:
Միջատների կենսագործունեության բնական միջավայրերը` չմշակվող արոտավայրերը, կանգնած, չհոսող ջրային միջավայրերը, օրգանական թափոնների կուտակումները, անտառածածկ վայրերը, անասնապահական նշանակության օբյեկտները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները հանդիսանում են մի շարք վարակիչ հիվանդությունների բնական օջախներ:
Կարևոր խնդիրներից է նաև հանգստի ընթացքում միջատների կծող և խայթող ազդեցությունից մարդկանց մոտ ալերգեն դրսևորումների և դրանից բխող հետևանքների առաջացումը կանխելը, նշված է որոշման փաստաթղթում: