Շանթ Խայալյան. «Հայաստանն ինքնատիպ բիզնեսների երկիր է»

Սիրիահայ Շանթ Խայալյանը սովորել է Լոնդոնում. գովազդի և մարքետինգի մասնագետ է: Նույն մասնագիտություններն այսօր ինքն է դասավանդում Հայաստանի «Եվրասիա» միջազգային համալսարանում: Ճիշտ է՝ Հայաստան է տեղափոխվել Սիրիայի պատերազմից հետո, սակայն Հայաստան գալու և այստեղ հաստատվելու գաղափարն ունեցել է շատ վաղուց: Այդ նպատակով տարիներ առաջ բնակարան է գնել Երևանում, սկսել է ուսումնասիրել Հայաստանի օրենսդրությունն ու հարկային դաշտը՝ գործարարությամբ զբաղվելու համար, բայց պատերազմն արագացրել է նրա բոլոր մտահղացումները: Պատերազմը սկսելուն պես կնոջն ու դստերն ուղարկել է Երևան, իսկ ինքը Հորդանան է գնացել՝ գումար վաստակելու:

Հենց այստեղ էլ ընկերն առաջարկել է պատրաստել օրգանիկ օճառ՝ հիշելով, որ Հալեպում Շանթն այդ գործից հասկանում էր: Շանթ Խայալյանի պատրաստած օրգանիկ օճառները Հորդանանում մասնակցել են ցուցահանդեսների, դրանք սկսել է օգտագործել Հորդանանի թագուհին, ավելին, Շանթին է շնորհել Հորդանանի թագավորական ընտանիքի արտոնագիրըգ Հորդանանում մնալու դեպքում այդ արտոնագիրը շատ ճանապարհներ կարող էր բացել երիտասարդ գործարարի համար, բայց Շանթը մտադիր էր ընտանիքի մոտ գալ: Այսօր նա Հայաստանի երիտասարդ ու ինքնատիպ գործարարներից մեկն է՝ օրգանիկ օճառի՝ Հայաստանում միակ արտադրողը: Երևանի

Առաջին մասում տեղակայված օճառի նրա արտադրամասից հայկական բույսերով ու մրգերով պատրաստված օճառն արդեն արտահանվում է: Մեզ հետ զրույցում նա պատմեց իր գործարար փորձի մասին:

– Շանթ, շատ հալեպահայեր Հայաստանում բիզնես սկսելուց հետո թողեցին ու հեռացան: Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:

Կարդացեք նաև

– Կան նաև հաջողակներ, բայց հիմնականում ձախողվեցին նրանք, ովքեր հայաստանյան շուկա մտան՝ առանց ուսումնասիրություն կատարելու: Շատ հալեպահայեր այստեղ եկան փողով և մտածեցին այնպես, ինչպես մտածում էին դրսում՝ ինչ էլ հիմնենք, եկամտաբեր կլինի: Հալեպում այդպես է՝ ինչ հիմնես, եկամուտ կստանաս, որովհետև Հալեպի շուկան շատ-շատ մեծ էր ու բազմազան. Վեց միլիոն մարդ էր ապրում Հալեպում, այնտեղ գրպանի տարբեր պարունակությամբ սպառող միշտ էլ կար, ինչ գործ էլ որ դնեիր, անպայման շահութաբերություն կապահովեր: Բայց նույնը չէ Հայաստանում. շուկան փոքր է, հարկային դաշտը տարբեր է:

ojar-siriahay (4)

Մեզ մոտ՝ Հալեպում, մինչև հաջողություն և մեծ եկամուտներ չունենաս, ընդհանուր հարկային դաշտ չես մտնում: Իսկ այստեղ բոլորն են նույն դաշտում, և՛ փոքր ձեռնարկատերը, և՛ մեծը, արտոնություններ չկան: Ձախողությունները հիմնականում իրենցից էին՝ ներդրողներից, որովհետև այս ամեն ինչը նրանք հաշվի չառան: Պետք էր ուսումնասիրել ամեն ինչ, գնորդի հոգեբանությունից սկսած՝ մինչև պետական մարմինների հետ հարաբերություններ, մինչև նույնիսկ երկրի արտադրական, շուկայական անցյալը:

Siruahay-ojar (1)

Մասնագիտությամբ մարքետոլոգ լինելն ինձ շատ օգնեց, որ հաջողության հասնեմ, իսկ հաջողության հասնելու հիմնական գաղտնիքն իմ հիմնած գործի յուրահատկությունն է:

Նախ՝ ուսումնասիրեցի և տեսա, որ Հայաստանում չկա նման արտադրություն: Այսինքն, ասացին, որ կա, ուսումնասիրեցի, տեսա, որ օճառների մեջ քիմիա կա: Իսկ եթե դու քո ապրանքի անունը դնում ես օրգանիկ և քիմիա ես ավելացնում, արդեն լուրջ չէ: Հիմա արդեն Հայաստանում բիզնես սկսող բոլոր սիրիահայերը նախ ինձ են դիմում՝ խորհուրդների և այլ հարցերի առումով: Ստեղծել էի «Սիրիահայ գործարարների միություն», բայց ժամանակ չունենալու պատճառով` այսօր միությունն ամբողջությամբ չի գործում, ինքս հնարավորինս խորհուրդներ եմ տալիս, օգնում եմ:

Siruahay-ojar (2)

– Դուք ինչպե՞ս մտաք շուկա:

– Սկսել եմ 20 հատ օճառից. շուկա եմ մտել միայն այդքանով: Այնուհետև դիմել եմ Փոքր ու միջին բիզնեսի աջակցման կենտրոն, ծրագիրս հաստատվել և վարկավորվել է: Այսօր արդեն հաճախորդներ ունեմ Հոնկոնգում, Կիպրոսում, Ֆրանսիայում, տարբեր երկրներում: Շուկա մտնելու համար յուրահատուկ մի բան պիտի ներկայացնես, ոչ թե միանման ապրանք առաջարկես, այն, ինչով որ շուկան արդեն լիքն է: Հայաստանն ինքնատիպ բիզնեսների երկիր է: Որևէ նորություն, որ առաջին անգամ է ներդրվում, անպայման իր ճանապարհը կգտնի: Մյուս կողմից՝ Հայաստանում կա մի գիտակից խավ, որը գնահատում է նորությունը: Մանավանդ երիտասարդության շրջանում շատ են օրգանիկ ու բնական արտադրանքն արժևորողները:

Այսօր աշխարհը գնում է դեպի մաքուր, առանց քիմիական հավելումների սննդի, իրերի, կենցաղային ապրանքների օգտագործման ճանապարհով, և հնարավոր չէ, որ Հայաստանը ետ մնա այդ շարժումից: Ահա ինչու՝ իմ բերած նորությունը շատ մեծ ընդունելության արժանացավ: Իմ պատրաստած օճառների մեջ, գույնից սկսած, չի օգտագործվում ոչ մի արհեստական նյութ, ամեն ինչ պատրաստվում է հնագույն օճառագործության օրենքներով ու սկզբունքներով:

Շուկա եմ մտել նախ` ծանոթներիս առաջարկելով իմ ձեռքով պատրաստած օճառը, հետո ապրանքի համբավը տարածվել է, ինձ գտավ Հայաստանի լավագույն առցանց խանութը՝ buy.am-ը, և հիմա միայն նա է տարածում իմ ապրանքը, մարզերից էլ արդեն պատվերներ կան, դրսից էլ: Երեկ մի կին էր զանգահարել, ասում էր՝ խնդրում եմ, հանկարծ մյուսների պես չգցեք որակը: Ես էլ իրեն պատասխանեցի, որ ինձ ծանոթ է իր մտայնությունը, քանի որ միայն Հայաստանում չէ, ամեն տեղ է այդպես, բացատրեցի, որ ուզում եմ անվանի ապրանքանիշ ստեղծել, իսկ դրա համար ոչ թե որակը պիտի թուլացնել, այլ՝ կատարելագործել:

ojar-siriahay (1)

Հիմա արդեն իմ արտադրանքը՝ «Beauty products» անվամբ, ունի Եվրոպական Միության արտոնագիրը, շուտով արտոնագիր կստանամ նաև Կիպրոսից, որտեղ արտադրանքս մասնակցել է մրցույթի և 26 երկրների անցկացրած փորձաքննության արդյունքում հավաքել է անհրաժեշտ միավորները:

– Շանթ, իսկ դժվար չէ՞ միայնակ աշխատելով` ապահովել այդքան պահանջարկ:

– Ոչ, դժվար չէ: Սա էլ իմ աշխատանքի յուրահատկություններից մեկն է: Ծաղիկներն ու խոտերը հավաքում եմ ինքս, չորացնում, զտում յուղերը, ստանում եթերայուղերը, այլ անհրաժեշտ բաղադրիչները, մի օճառատեսակն ապրանքային տեսք ստանալու համար մեկ ամսից քառասուն օր է պահանջում: Այդ ընթացքում, մինչև օճառը «հասնի», ես ուսումնասիրություններ եմ անում, նոր տեսակներ եմ ստանում, կարդում եմ, մասնագիտանում: Արդեն ինը տեսակի օճառ եմ պատրաստում, առաջիկայում սկսելու եմ նաև բուսական ու օրգանիկ քսուքների, շամպունների և այլ միջոցների արտադրություն, ինչպես նաև՝ բնանյութերից պատրաստված սպունգ-օճառներ: Միակ օգնականս իննամյա դուստրս է, որ ազատ ժամերին այցելում է արհեստանոց և օգնում:

– Հայաստանի բնությունը նպաստավո՞ր է օրգանիկ հումք ստանալու համար:

– Հայաստանի բնությունն անսպառ ու չգնահատված հարստություն է: Այստեղ՝ լեռներում և դաշտերում, գտնում եմ ծաղիկներ և բուսատեսակներ, որոնք օրգանական բույսերի համար լավագույն պայմաններում են աճում: Ուսումնասիրում եմ բույսը մինչև վերջ, աճելու պայմաններից` մինչև չորացումը, մինչև բուժական և այլ հատկությունները: Հայաստանի դաշտերում կարելի է գտնել օրգանիկ օճառի համար անհրաժեշտ բոլոր բույսերը՝ եղինջ, խատուտիկ, երիցուկ, նույնիսկ վաղինակ, իսկ այս աշխատանքի համար լավագույն հումքը, իհարկե, մայիսյան վարդն է: Այն շատ նուրբ ծաղիկ է, նրա լեզուն պիտի հասկանալ: Ես այդպիսի հոտ ոչ մի տեղ չեմ հանդիպել:

ojar-siriahay (3)

Ուսումնասիրություններիս արդյունքում կարողացել եմ ստանալ նույն վարդի յուղից, որից Կլեոպատրան էր օգտագործում: Ինչպես հայտնի է՝ աղավնու թևերին քսում էին այս յուղից և բաց էին թողնում Կլեոպատրայի պալատում: Իմ պատրաստած օճառները ոչ միայն հիգիենիկ նշանակություն ունեն, այլև փաթեթի վրա նշվում են նաև յուրաքանչյուրի բուժական և այլ հատկությունները:

– Ես տեսա, որ հնագույն տեխնոլոգիայով եք աշխատում, չե՞ք մտածում նոր սարքեր ձեռք բերելու մասին:

– Առայժմ՝ ոչ, որովհետև 200 տարվա հնություն ունեցող տեխնոլոգիայով պատրաստվող օճառը բնական ու օրգանիկ արտադրանքին իմաստ հաղորդող տարրերից մեկն է: Օճառը հատվում է ձեռքով պատրաստված հաստոցով, ինչն էլ յուրահատկություն է հաղորդում աշխատանքին: Ի դեպ, Երևանում ապրող հալեպահայերի հետ ենք պատրաստել այս հաստոցը:

– Ի՞նչ հիմնական դժվարություն ունեք աշխատանքի մեջ:

– Հիմնական դժվարությունս հարկային մարմինների հետ է, մանավանդ, երբ փորձում եմ նմուշների համար օճառատեսակներ ուղարկել տարբեր երկրներ: Այլ է, երբ նմուշ ես ուղարկում, այլ է՝ երբ խմբաքանակ ես ուղարկում, բայց երկու դեպքում էլ, չգիտես` ինչո՞ւ, հարկվում ես նույն ձևով: Դժվարություններ կան, բայց ուշադրություն չեմ դարձնում, նույնիսկ մարդկային հարաբերությունների մեջ են դժվարությունները, բայց ես բոլոր հալեպահայերին հորդորում եմ՝ պայքարել, չընկճվել, որպեսզի մեզնից հետո եկող հալեպահայ սերնդի համար ճանապարհ բացենք, նրանք չունենան այդ դժվարությունները, օտար չզգան: Ուզում ենք, որ հալեպահայերը մնան, ետ չգնան կամ այլ երկրներ չտեղափոխվեն:

Ես, օրինակ, Հալեպում հսկայական հարստություն եմ թողել՝ տարածքներ, բնակարաններ, մեքենա, բայց ինչ էլ լինի՝ ետ չեմ գնա: Ուզում եմ մնալ այստեղ և աշխատել, և ուզում եմ` ինձ ոչ թե որպես սիրիահայ վերաբերվեն, արտոնություններ տան, այլ՝ սովորական մի գործարարի, որ նոր գործ է սկսում և նորություն է բերում երկիր: Իմ ամենօրյա պայքարը սա է: Եթե չպայքարես, ոչնչի չես հասնի, չես էլ ընդունվի: Դժվար օրեր էլ եմ անցկացրել Հայաստանում, տաքսի էլ եմ քշել, առանց փողի էլ եմ մնացել, բայց երբ հասկանում ես՝ աշխատանքն ու պայքարն արդյունք է տալիս, առաջ ես նայում:

Տեսանյութեր

Լրահոս