Գերչակի յուղի բուժիչ գաղտնիքները

Բուժիչ նամակներ

Գերչակի յուղը պատրաստում են տիզկանեփից (Ricinus communis), նույնն է` գերչակ կամ գենագերչակ։ Գերչակն իշակաթնուկազգիների, կամ նույնն է, կաղանչանազգիների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս է։ Ունի խորացող առանցքային և բազմաթիվ երկրորդական արմատներ։ Ցողունը սնամեջ է, ճյուղավորվող, հասնում է 2 մ և ավելի բարձրության, կանաչավուն կամ կարմիր է, մոմապատ։ Տերևները շատ գեղեցիկ են, խոշոր, խաչաձև կտրտված, երկար խողովակաձև կոթունով։ Ծաղիկները բաժանասեռ են, միատուն, ծաղկաբույլը հուրանաձև է, որի ստորին հատվածում տեղակայված են` արական, իսկ գագաթում` իգական ծաղիկները։ Ծաղկում է ամռանը, ծաղիկները կարմրականաչավուն են։

Խաչաձև փոշոտվող բույս է։ Պտուղը եռափեղկ գնդիկ է, որը պարունակում է ձևաձև կամ կլորավուն-էլիպսաձև, մինչև 0,8-2,5 սմ երկարություն ունեցող հարթ և փայլուն, չալպտուրիկ 3 հատ սերմ։ Գերչակի հայրենիքն Աֆրիկայի արևադարձային կլիմայական գոտիներն են։ Մշակվում է բազմաթիվ երկրներում` սերմերից գերչակի յուղ ստանալու նպատակով։

Հայտնի է եղել հին եգիպտացիներին, որոնք օգտագործել են գերչակի յուղը կրոնական արարողությունների ժամանակ, պատրաստել են քսուքներ և իմացել են յուղի լուծողական հատկությունների մասին։

Կարդացեք նաև

Բնության մեջ աճող գերչակի բույսից հյուսիսարևելյան Աֆրիկայի կանայք պատրաստել են գեղարարական միջոցներ։ Բույսի հայրենիքում գերչակի յուղով նույնիսկ տաք կերակուր են պատրաստել։ Կարևոր է իմանալ, որ բույսի սերմի յուղը պարունակում է արագ ներգործող և խիստ թունավոր նյութ ռիցին, որը ջերմային մշակման ժամանակ հեշտությամբ տրոհվում է։ Ցողունը և տերևները նույնպես խիստ թունավոր են։
Բույսը հայտնի է եղել հին Մերձավոր Արևելքում, Հնդկաստանում, Հռոմում, օգտագործել են գեղարարական նպատակներով, որպես դեղաբույս և նաև լուսավորության համար` լամպերի մեջ։ Գերչակը հիշատակվում է Սուրբ գրքում, Հերոդոտի և Պլինիուսի աշխատություններում։

Գերչակի յուղի հիմնական արտահանողներն են Չինաստանը և Հնդկաստանը։ Սերմերը հարուստ են ճարպայուղով (40-55%), որը պարունակում է ստեարինի, օլեինի, լինոլի, նաև այս բույսին բնորոշ ճարպաթթուներ և ալկալոիդ ռիցիզին։

Ժողովրդական դեղատոմսեր
Գերչակի յուղը յուրահատուկ է նրանով, որ չի առաջացնում թաղանթ, լավ է յուրացվում և ներծծվում մաշկի մեջ։ Մաս է կազմում հայտնի «Վիշնևսկու» քսուքի մեջ, որը նախատեսված է այրվածքի, խոցերի, այլ բնույթի վերքերի բուժման համար և հմուտ բժշկի ձեռքերում կարող է հրաշքներ գործել։
Գերչակի յուղը նպաստում է մաշկածածկույթի վերականգնմանը, նվազեցնում է ցավերը, ունի մաշկը փափկեցնող հատկություն։

Գորտնուկ, պապիլոմա, պիգմենտային բծեր. Գերչակի առանձնահատկություններից է նաև, որ այն ունի դրական վերքամոքիչ ազդեցություն նաև ենթամաշկային շերտի վրա։

  • Խորհուրդ է տրվում օրը 3 անգամ 10-15 րոպե ներմերսել գերչակի յուղը մաշկի խնդրահարույց հատվածին։ Պիգմենտային բծերի դեպքում գործողությունը պետք է շարունակել առնվազն 1 ամիս։

Թութք. Գերչակի յուղը քսեք թանզիֆե անձեռոցիկի վրա և մի քանի տակ ծալեք։ Դրեք թութքի վերքի վրա, ծածկեք բարակ` սննդի փաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային թաղանթով, ամրացրեք։ Կատարեք քնելուց առաջ։ Ներքին թութքի դեպքում օգտագործեք գերչակի դեղապատիճներ։ Խորհրդակցեք բժշկի հետ։
Կնճիռներ աչքերի շուրջը. Գերչակի յուղի օգնությամբ կարելի է հարթեցնել և կանխարգելել դրանց առաջացումը։
Գերչակի յուղը գոլացրեք, մատների բարձիկներով զգուշորեն ներմերսեք մաշկի մեջ։ Կատարեք 10 օրը մեկ, ամիսը 3 անգամ։

Մաշկի գույնը լավացնող. Նույն կերպ ներմերսեք գոլացրած յուղը դեմքին և պարանոցին։ Երկու ժամ հետո յուղի մնացորդը (եթե այդպիսին կա) մաքրեք բամբակե խծուծով։ Կանոնավոր օգտագործելու դեպքում (ամիսը 1-2 անգամ) մաշկը կդառնա ավելի առաձգական, իսկ դեմքը` արտահայտիչ։
Մազարմատներն ամրացնող. Գերչակի յուղը ներմերսեք գլխամաշկին, ծածկեք պոլիէթիլենային թաղանթով և կապեք բրդյա լաթով։ 30-40 րոպեից մազերը լվացեք օճառահեղուկով, մինչև մաշկն ամբողջովին մաքրվի ճարպի հետքերից։

  • Խառնեք 2-ական 2ճ/գ գերչակի և ձիթապտղի յուղեր, 1 ճ/գ օճառահեղուկ։ Ներմերսեք մազարմատներին, լվացեք 30 րոպե անց։ Կատարեք 10-ական օր` ընդմիջումներով, ընդամենը 3-5 անգամ։
  • Խառնեք գերչակի յուղ և օղի (1։1), լվացեք 1 ժամից մանկական օճառով, ցայեք կիտրոնի հյութի կամ խնձորի քացախի ջրային լուծույթով (1 ճ/գ` 500 մլ ջուր)։

Գերչակի յուղը նպաստում է թարթիչների աճին։ Ոչ մի վատ բան չի լինի, եթե կես կաթիլի չափ յուղ ծորա աչքի մեջ, դա նույնիսկ ինչ-որ չափով կհանգստացնի օրվա ընթացքում հոգնած աչքերը։
Մրսածություն. Խառնեք 2 ճ/գ տաք գերչակի յուղ և 1 ճ/գ բևեկնի (սկիպիդար) լուծույթ։ Գոլ խառնուրդը քսեք կրծավանդակին, փաթաթեք տաք լաթով, պառկեք անկողնու մեջ։

Գերչակի յուղը` որպես լուծողական միջոց
Գերչակի յուղը 12-մատնյա աղիում տրոհվում է ենթաստամոքսային գեղձում արտադրվող խմորիչ (ֆերմենտ) լիպազայի ազդեցությամբ։ Արդյունքում առաջացած ռիցինոլի ճարպաթթուն նպաստում է ողջ աղիքային համակարգի շարժողական ֆունկցիայի ուժեղացմանը։ Այս բույսերից պատրաստված լուծողական միջոցներն ազդում են աղեստամոքսային համակարգի որոշակի հատվածների վրա։

Գերչակի յուղը դասվում է թույլ լուծողական միջոցների շարքին, որի ազդեցությունը զգացվում է 4-5 ժամից ոչ շուտ։ Խորհուրդ է տրվում օգտագործել աղիքային համակարգում բորբոքային ընթացքի, կոլիտների և տենդի դեպքում։ Երկարատև օգտագործման դեպքում յուղն այլևս չի ունենում լուծողական ազդեցություն, նաև կարող է վատանալ ախորժակը։

Զգուշացում։ Հակացուցված է հղիներին, քանի որ նպաստում է արգանդի մկանների կրճատմանը և կարող է նույնիսկ վիժում առաջացնել։ Սակայն կիրառվում է մանկաբարձական պրակտիկայում` օգտագործվում է նորածնի պորտի և ծննդկանի կրծքապտուկի մշակման համար, քանի որ բուժում է վերքերը և նպաստում է մայրական կաթի ավելացմանը։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս