Մետաքսի ճանապարհ փոխարեն՝ խորտակվող «Տիտանիկ». Արվեստագետները` ՀՀ-ի ընտրության մասին. «Մեդիալաբ»

Մինչեւ աշխարհը շարունակում է զարգանալ, Հայաստանը փակուղում է գտնվում: «Մեդիալաբի» հետ զրույցում` անդրադառնալով հունիսի 27-ին Ուկրաինայի Վրաստանի ու Մոլդովայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, նման կարծիք է հայտնում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Տիգրան Խզմալյանը Ռուսաստանը համեմատում է խորտակվող «Տիտանիկի» հետ եւ նշում , որ Մաքսային Միությունը հակադրված է քաղաքակիրթ աշխարհի զարգացման տրամաբանությանը:

«Մեր փոքրիկ Նոյյան տապանը կապել են խորտակվող «Տիտանիկին»: Ռուս-թյուրքական այդ արհեստածին միավորումը հակադրված է աշխարհին: Չակերտավոր վերնախավ կոչվածը ոչ միայն չի զգում ժամանակի ընթացքը, այլեւ լծվել է անցյալի՝ խորհրդային վերջին տարիների ամենակոռումպացված եւ ցինիկ ժամանակների վերականգնմանը՝ ի դեմս հովանավոր Վլադիմիր Պուտինի»,-ասում է Տիգրան Խզմալյանը:

Կինոռեժիսորի խոսքով, Հայաստանը դեռ Բաբելոնի ժամանակներից սկսած զարգանում էր աշխարհի հետ մեկտեղ ու մի քայլ առաջ, բայց սեպտեմբերի երեքի ընտրությունը, որը վարչախումբը կատարեց, Հայաստանը դրեց փակուղու մեջ:

Մաքսային Միության գաղափարը, Տիգրան Խզմալյանի խոսքով, հիմնված է գիտնական Գումիլյովի մշակած «Մեծ Թուրանի» գաղափարի վրա, որը փորձում են իրականացնել ռուս քաղաքագետներն ու պուտինյան վարչակարգը:

«Եթե Ղազախստանն ու Ղրղզստանը կազմում են այդ միության առանցքը, Թուրքիան ու Ադրբեջանը շատ արագ կկողմնորոշվեն եւ ինչպես 20-աններին, հերթական անգամ կխաբեն ռուսներին` Հայաստանի հաշվին»,-ասում է Տիգրան Խզմալյանը՝ հավելելով, որ նշված երեք երկրների կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրման օրը Հայաստանի համար կորցրած հնարավորությունների եւ ողբերգական օր է:

Նշենք, որ ԵՄ-ն Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսեց 2010 թվականի հուլիսին: Գործընթացի նպատակն էր փոխարինել Համագործակցության և գործընկերության համաձայնագիրը հարաբերությունների ավելի ընդլայնված շրջանակով: Այս համաձայնագրի առևտրին առնչվող հատվածի՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցությունները Հայաստանը հաջողությամբ ավարտել էր: Բանակցությունների յոթ փուլերի արդյունքում, 2013 թվականի հուլիսի 24-ին ձեռք բերվեց վերջանական համաձայնություն: Վիլնյուսի գագաթնաժողովում Հայաստանը պատրաստվում ԵՄ հետ նախաստորագրել ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, սակայն Սերժ Սարգսյանի անակնկալ հայտարարությունը Հայաստանի` Մաքսային միություն մտնելու «պատրաստակամության» մասին խառնեց բոլոր խաղաքարտերը:

Սակայն, ի տարբերություն Խզմալյանի, կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը չի կարծում, որ Հայաստանը կշահեր ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց հետո: Ըստ նրա, համաձայնագիրը ստորագրած երկրները նույնպես չեն շահի դրանից:

«Կշահեն արդյոք Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլոդովան, շատ լավ կարող ենք տեսնել Բուլղարիայի ու Հունաստանի օրինակի վրա: Դա նրանց որեւէ բան չտվեց: Բնականաբար, քաղաքակիրթ, ինտելիգենտ Եվրոպան ունի իր շահերը, իր համար սպառման շուկա է փնտրում եւ ոչ Վրաստանը, ոչ Ուկրաինան , նրան պետք չեն: Այստեղ աշխարհաքաղաքական խաղեր են: Մենք ուղղակի մեզ հասցրել ենք այնպիսի իրավիճակի, որ այլ ընտրություն չունենք: Կոմպլիմենտարիզմը բերեց նրան, որ մենք ուղղակի հեղինակազրկվեցինք, ինչը շատ լավ դրսեւորվեց Աստանայում»,- «Մեդիալաբին» ասում է կինոռեժիսորը՝ նկատի ունենալող Ղազախստանի նախագահ Նազարբաեւի հայտարարությունը այն մասին, որ Հայաստանը ՄՄ պետք է անդամակցի առանց Ղարաբաղի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս