Բաժիններ՝

«Հայաստանի տուր-պրոդուկտն էժան չէ»

«Մենք տարեցտարի մեծ ուրախությամբ արձանագրում ենք ներգնա տուրիզմի աճը Հայաստանում, որը պայմանավորված է նրանով, որ ոլորտը շատ ակտիվ է իրեն դրսևորել, մասնակցում է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների, որտեղ ներկայացնում է հայկական տուր-պրոդուկտը»,- այսօր կայացած ասուլիսում ասաց «Արմենիա Թրավել» ընկերության նախագահ Արմինե Կպրյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը տարեկան մոտավորապես 800 հազար զբոսաշրջիկ է ընդունում: Ա. Կրպեյանը նշեց, որ բացի թվային աճից՝ նաև ընդարձակվում է աշխարհագրությունը՝ ավելի շատ երկրներից են գալիս Հայաստան տուրիստական այցերով.

«Հայաստան հիմնականում գալիս են այնպիսի զարգացած եվրոպական երկրներից, ինչպիսիք են Գերմանիան, Ավստրիան, Ֆրանսիան, Իտալիան, Անգլիան, Շվեյցարիան, Իսրայելը, Շվեդիան, Իսպանիան, և այլն: Իհարկե, կան նաև տուրիստներ Ճապոնիայից, Ամերիկայից, բայց ավելի քիչ քանակներով»:

Ըստ Կրպեյանի՝ Ռուսաստանից եկողների թիվը տարեցտարի ևս աճում է: «Զարգացնում ենք կորպորատիվ տուրիզմը, այսինքն՝ բիզնես տուրիզմը: Մենք շատ սպասելիքներ ունենք՝ Ռուսաստանի հետ զարգացնելու այս ոլորտը: Դրանք հիմնարկներ են, որոնք գալիս են երկու, երեք, չորս օրով՝ այստեղ անցկացնելու կոնֆերանս և զուգահեռ՝ ծանոթանալու հայկական մշակույթին: Այդ ոլորտը միշտ ներգրավում է մեծ քանակով մասնակիցներ՝ 100-200 հոգի միանգամից գալիս են Հայաստան: Պետք է ուրախությամբ նշեմ, որ խոսքը գնում է ռուսների մասին, ոչ թե այնտեղի հայերի»,- ասում է նա:

Խոսելով Հայաստանում տուրիզմի խնդիրների մասին՝ Ա. Կրպեյանն ասաց, որ Հայաստանի հետ համագործակցող ընկերությունները հիմնականում դժգոհում են ինֆորմացիայի պակասից. «Իրենք մեծ ցանկությամբ աշխատում են մեր երկրի հետ, բայց ունենում են մի փոքր խնդիր տուրիստական խմբերը հավաքելու հարցում, քանի որ կա ինֆորմացիայի պակաս: Մենք շատ ենք խոսում այս խնդրով մեր Էկոնոմիկայի նախարարության հետ, որ մեր երկիրը կարիք ունի ավելի շատ գովազդվելու»:

Հարցին, թե տուրիստներն ինչի՞ համար են ավելի շատ այցելում Հայաստան, Ա. Կրպեյանը պատասխանեց, որ հիմնականում նրանց գրավում է հայ ժողովուրդը, նրա հյուրասիրությունը:

«Ես հասկանում եմ, որ դա միակը չէ, բայց մեր ավանդական, հայկական հյուրասիրությունը Հայաստանի համար մեկ գրավչությունն է: Տուրիստները գալիս են նաև մարդկանց հետ հանդիպելու, շփվելու համար: Գալիս են տեսնելու Գառնի-Գեղարդը, Էջմիածինը, Սևանը, Նորավանքը, Արցախը, այսինքն՝ մեր պատմամշակութային արժեքները, որոնք որ կան, մեր երկրի ամենամեծ գրավչությունն են հանդիսանում»:

Խոսելով գնային քաղաքականության մասին՝ նա ասաց, որ Հայաստանի տուր-պրոդուկտն էժան չէ. «Թանկ են տոմսերը, առաջին հերթին՝ ավիատոմսերը, և հյուրանոցների առաջարկներն այնքան էլ էժան չեն, բայց շատ լավ է աշխատում խմբակային, կազմավորված տուրիզմը:

Միջին փաթեթը դեպի Հայաստան մեկ շաբաթով՝ ներառած բոլոր ծառայությունները Հայաստանում, սկսում է 500-600 եվրոյից ամեն մի հոգու համար: Իհարկե, ավիատոմսը ներառված չէ, որովհետև ավիատոմսերը հիմնականում գնում են իրենց երկրներում: Եթե գումարում են տոմսերի գինը, ստացվում է, որ փաթեթն իրենց համար միջինը լինում է 1000 եվրո»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս