«2008թ. էլ իր կողքին կլինեի, եթե փոքր չլինեի»
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստից առաջ վիճաբանություն տեղի ունեցավ Շ. Հարությունյանի և ուղեկցող գումարտակի ոստիկաններից մեկի միջև. Շ. Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, նստել էր հոր գրկին, ոստիկանները պահանջեցին իջեցնել որդուն, ինչն էլ վիճաբանության վերածվեց: Նիստի սկզբում Շ. Հարությունյանը հայտարարեց, որ պետության համազգեստ կրող անձը չի ներկայանում, երբ ինքը հարցնում է նրա անուն-ազգանունը. «Էս ամեն օր ինձ ասում է՝ մի հատ հոդված, խոստանում եմ, քեզ ավելացնեմ: Դե որ արարք էլ չկա, ակնհայտ ինքը խոսում է շառի մասին, որովհետև, եթե արարք լինի, կասի՝ այս հոդվածը կավելանա»:
Դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանը նրա խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով ամբաստանյալին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչել և սահմանել գրավի չափ: Փաստաբանն ասաց, որ, եթե նույնիսկ դատարանը գտնի, որ Ա. Հովհաննիսյանին պետք է կալանքի տակ պահել, ապա ինքը միջնորդում է պետական բյուջեից գումար հատկացնել՝ իր պաշտպանյալի երեք անչափահաս երեխաների ապրուստը հոգալու համար, քանի որ ապրուստի հիմնական միջոցներ առաջացել են նրա աշխատանքից:
Շ. Հարությունյանը հայտարարեց, որ ինքը ձերբակալվել է իր քաղաքական պայքարի հետևանքով, իրեն մեկուսացրել են այն բանի համար, որ ինքը չկարողանա մարդկանց հետ շփվել, դիմադրություն կազմակերպել «այն բոլոր դավաճանական քայլերին, որոնք այսօր կատարում է ՀՀ իշխանությունը Մոսկվայի հանձնարարությունով»:
Շ. Հարությունյանն ասաց, որ նախորդ դատական նիստի ընթացքում հայտնել էր, որ ռուսական ԿԳԲ-ն ձևավորել է Թուրքիայի և Ադրբեջանի օգտին գործող գործակալների ցանց, և ՀՀ ԱԱԾ-ն, չկարողանալով հերքել իր կողմից հնչեցրած մեղադրանքը, դիմել է «խեղկատակ քայլերի»՝ հայտարարություն տարածելով, թե իբր հայկական չեկիստները կեղծ խաղի մեջ են մտնել Ադրբեջանի հետախույզների հետ և ապատեղեկատվություն փոխանցել Ադրբեջանի հատուկ ծառայություններին:
Շ. Հարությունյանն այդ հայտարարությունը «խեղկատակություն և դավաճանություն» որակեց: «ՀՀ ԱԱԾ-ն, լինելով ռուսական ԿԳԲ-ի կամակատարը, իրավասու չէ ձերբակալել Ադրբեջանի և Թուրքիայի օգտին գործող գործակալական ցանցը, բայց նաև, չկարողանալով հերքել այդ ցանցի առկայությունն ու գործունեությունը ՀՀ-ում, փորձում է իրականությունը խեղաթյուրելով` ապակողմնորոշել ՀՀ քաղաքացիներին, թե իբր ճիշտ է՝ ՀՀ-ում գործել է թուրք-ադրբեջանական գործակալների ցանցը, բայց դա հատուկ օպերացիա է եղել հայ չեկիստների կողմից՝ ընդդեմ Ադրբեջանի գաղտնի ծառայությունների:
Այսինքն՝ իբր այդ գործակալների ցանցը կեղծ կառույց է, ուստի ձերբակալությունների կարիք չկա: Եթե իսկապես այդ գործակալների ցանցը կեղծ է և ստեղծվել է Հայաստանի ԿԳԲ-ի կողմից՝ Ադրբեջանին ապատեղեկատվություն փոխանցելու համար, ապա այդ դեպքում պետք է ձերբակալվեն ոչ միայն հունիսի 25-ին նման հաղորդագրություն տարածած ԱԱԾ մամուլի պատասխանատուները, այլև մամուլին այդպիսի ինֆորմացիոն արտահոսք թույլատրած ԱԱԾ պատասխանատուները՝ ԿԳԲ-ի վերադասները:
Նրանք պետք է ձերբակալվեն հայրենիքի դավաճանության մեղադրանքով, քանի որ Ադրբեջանին բացահայտորեն զգուշացրել են հատուկ օպերացիայի մասին,- ասաց Շ. Հարությունյանը՝ շարունակելով խոսել ԱԱԾ-ի մասին,- Եթե ԱԱԾ-ում իսկապես կան հատուկենտ հայրենասերներ, ինչին անկեղծորեն կասկածում եմ, ապա նրանց կոչ եմ անում չվախենալ ռուսական ԿԳԲ-ից ու Պուտինից և վճռական պայքար սկսել հայրենիքին դավաճանող Հայաստանի չեկիստների դեմ, միաժամանակ ԱԱԾ-ի բոլոր դավաճաններին էլ զգուշացնում եմ՝ ռուսական ԿԳԲ-ն ձեզ չի կարողանալու փրկել խստագույն պատժից, ինչպես որ՝ չկարողացավ փրկել ռուսական սովետական կայսրությունը կործանումից: Ու լավ իմացեք, լինեք պրեզիդենտ թե վարչապետ, նախարար թե ԿԳԲ-ի գեներալ, այնպիսի պատիժ եք կրելու, որ Գուանտանամոյի բանտն էլ իրանց դրախտ է թվալու»:
Շ. Հարությունյանն ավելացրեց, որ մտածում է՝ եթե ասի այս ամենը, «ռուսական ԿԳԲ-ի գործակալներին, ռուսներին լարի ՀՀ-ից», իր խափանման միջոցը կփոխվի: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց պաշտպանի միջնորդությունը:
Դատարանում հրապարակվեցին գործով 14 ամբաստանյալների մեղադրական եզրակացությունների եզրափակիչ մասերը: Նշենք, որ Շանթ Հարությունյանին, Շահեն Հարությունյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Վարդան Վարդանյանին, Ավետիս Ավետիսյանին, Ալեք Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել որպես զենք օգտագործվող առարկայի օգտագործմամբ խուլիգանության համար, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցիչն դիմադրություն ցույց տալով: Այս հոդվածով նախատեսվում է ազատազրկում 4-7 տարի ժամկետով:
Արմեն Հովհաննիսյանին, Սևակ Մնացականյանին և Տիգրան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու համար, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով: Այս հոդվածը նախատեսում է պատիժ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-500-ապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Մկրտիչ Հովհաննիսյանին, Վահե Մկրտչյանին, Ալբերտ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել որպես զենք օգտագործվող առարկայի օգտագործմամբ խուլիգանության համար, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, ինչպս նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար (258-րդ հոդվածի 4-րդ մաս և 316-րդ հոդվածի 2-րդ մաս): 316-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է ազատազրկում 5-10 տարի ժամկետով:
Հայկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև առանց իրացնելու նպատակի հոգեմետ նյութ պահելու համար. այս հոդվածը նախատեսում է պատիժ՝ կալանք` առավելագույնը 2 ամսով, կամ ազատազրկում` առավելագույնը 1 տարի ժամկետով:
Միսակ Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության մեջ (258-րդ հոդվածի 1-ին մաս). հոդվածը նախատեսում է պատիժ՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը 50-ապատիկի չափով, կամ կալանք՝ մինչև 1 ամիս ժամկետով:
Շ. Հարությունյանը մեղադրական եզրակացությունը լսելուց հետո ասաց.
«Եթե մի տեղ սխալվել եմ, մեղավոր չեմ ուզում ասեմ, որ նախագահականի դեմը պտի էդ մլիցեքին տփեի»: Ալեք Պողոսյանն ասաց, որ մասնակցել է երթին, որովհետև կարծում է, որ ՀՀ-ում այլ ճանապարհով իշխանությունը ժողովրդին հանձնելը հնարավոր չէ, քանի որ զավթված է մի քանի անձանց կամ խմբավորումների կողմից, ինքը դուրս է եկել ազատագրելու իր երկիրը: Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում, խուլիգանություն չի կատարել, օգտվել է իր սահմանադրական իրավունքից և արտահայտել իր դիրքորոշումը՝ ՀՀ-ում տիրող իշխանական «պեսպրեդելի և պրաիզվոլի նկատմամբ».
«Շուրջ 8 ամիս է՝ ես կալանավորված չեմ, ես գտնվում եմ իշխանական գերության մեջ, սահմանում թուրքերն են մեզ գերեվարում, ստեղ՝ դուք, ի՞նչ տարբերություն»: Հ. Հարությունյանն ասաց, որ ինքը հոգեմետ նյութ ոչ պահել է, ոչ օգտագործել, նյութը նախատեսված է շների բուժման համար, ինքը չի կարող մեղադրվել` «որպես խուլիգան». «Ինձ շատ-շատ կարող եք մեղադրել` ՀՀ քաղաքացի, սրտացավ քաղաքացի լինելու համար»: Շահեն Հարությունյանն ասաց, որ, բնականաբար, իրեն մեղավոր չի ճանաչում, եղել է հոր կողքին, ով կյանքը նվիրել է հայրենիքին. «2008թ. էլ իր կողքին կլինեի, եթե փոքր չլինեի: Հիմա ես իր կողքին եմ լինելու, չեմ փոշմանել, որ եղել եմ իր կողքը, կլինեմ իր կողքին»: