Վարպետության դասեր՝ գինեգործների և կոնյակագործների համար
Հունիսի 27-ին Արդյունաբերության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է գինեգործության և կոնյակագործության ոլորտի մասնագետների և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների և դասախոսների համար կազմակերպված վարպետության դասընթացների շարքը: Դասընթացների անցկացման նպատակն է բարձրացնել գինեգործության և կոնյակագործության ոլորտի ներկայացուցիչների մասնագիտական հմտությունները և որակավորումը:
Վարպետության առաջին դասը վարել են գինեգործության և կոնյակագործության ոլորտների օտարերկրյա առաջատար մասնագետներ Էմիլիո էլ Մեդիկոն և Սամվել Չաիլյանը, ովքեր ներկայացրել են «Լաբորատորիայի հագեցվածությունը ժամանակակից սարքավորումներով. թողարկվող արտադրանքի համար անհրաժեշտ սարքավորումները և դրանց կիրառությունը», «Արտադրության որակի վերահսկողության նոր մեթոդները գինեգործությունում և կոնյակագործությունում» թեմաները: Դասախոսության ընթացքում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում, մասնակիցներն ունեցել են նաև փորձի փոխանակման հնարավորություն:
Հուլիսի 7-ին և 8-ին նախատեսվում է անցկացնել վարպետության երկրորդ և երրորդ դասերը՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության շենքի կոնֆերանս դահլիճում, որտեղ կներկայացվեն «Ժամանակակից գինեգործության միտումները» (դասավանդող` Գարուշ Սամվելյան), «Գինեգործական արտադրանքի զգայորոշման ցուցանիշների փորձաքննություն» (դասավանդողներ` Վահե Քոշգերյան, Իրինա Ղափլանյան), «Բույրերը գինիների մեջ» (դասավանդող` Ժան-Բատիստ Սուլայի) թեմաներով դասախոսությունները: