Արարատբանկը 2013 թվականը փակել է 3 միլիարդ դրամ շահույթով
Այսօր՝ հունիսի 27-ին տեղի ունեցավ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը։ Ամփոփելով բանկի 2013թ. գործունեության արդյունքները՝ ժողովը հաստատեց բանկի գործադիր մարմնի 2013թ.-ի տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվետվությունները և շահույթի բաշխումը հաշվետու տարվա արդյունքներով։ Գործունեության արդյունքում առաջացած զուտ շահույթից 297 միլիոն դրամ վճարվեց որպես շահաբաժին։
2013 թվականին Արարատբանկը ֆինանսական հիմնական ցուցանիշներով արձանագրել է աճի բարձր տեմպեր։ Տարեվերջին բանկի ակտիվները կազմել են 125 մլրդ 236.5 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 10.1%-ով։ Վարկային ներդրումների աճը կազմել է 11.1%, վարկերի ծավալը՝ 59.6 միլիարդ դրամ։ 2013թ. վերջին ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդներն աճել են 29.7%-ով` կազմելով 22.4 միլիարդ դրամ։ 2013թ. վերջին բանկի զուտ շահույթը կազմել է 3 միլիարդ 82.7 միլիոն դրամ, իսկ ընդհանուր կապիտալը 2012թ. համեմատ աճելով 19.3%-ով՝ կազմել է 19.6 միլիարդ դրամ։
2013-ին բանկն արձանագրել է մի շարք կարևոր իրադարձություններ։ NASDAQ OMX ARMENIA-ի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ բանկը հաղթող է ճանաչվել միանգամից 3 անվանակարգերում՝ Բորսայի լավագույն մասնակից պետական պարտատոմսերի շուկայում, Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում և Բորսայի լավագույն անդամ բոլոր հարթակներում ակտիվ գործունեության համար։
Անցած տարի միջազգային կազմակերպությունների բանկը ներգրավել է ընդհանուր առմամբ 34.4 միլիոն դոլար, ինչն ուղղվել է Հայաստանում արտադրության, առևտրի, ծառայությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի բիզնես նախագծերի ֆինանսավորմանը։
Նշենք նաև, որ 2013 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից Առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակներում բանկին շնորհվել է առևտրի ֆինանսավորման գործարքներում «հաստատող բանկի»կարգավիճակ։
Բանկը բարձր որակ է ապահովել նաև SWIFT փոխանցումներ իրականացնելիս և արժանացել է Գերմանական Commerzbank AG-ի «Որակի գերազանցություն» (Relationship Award 2012) մրցանակին։
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ լրատվական ծառայություն