«Ես միանշանակ համաձայն եմ Ռոբերտ Քոչարյանի հետ». ԲՀԿ-ական պատգամավոր. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի զրուցակիցն է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
– Պարոն Մելքումյան, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր Որոտանի ՀԷԿ-ի մասնավորեցման գործընթացին և ասել, թե «Հայաստանի էլեկտրագեներացիայի ամենագրավիչ միավորը վաճառվում է ծայրահեղ կասկածելի ձևով՝ անտեսելով օրենսդրության պահանջները՝ շրջանցելով խորհրդարանը»: Չէ՞ք կարծում, որ նա այնքան էլ համարժեք գնահատական չի տալիս` այն առումով, որ մեր երկրի էներգետիկ օբյեկտների մեծ մասը, օրինակ` «Սևան-Հրազդան» կասկադը, Հրազդանի ՋԷԿ-ը, բաշխիչ ցանցերը և այլն, իր պաշտոնավարման օրոք են հանձնվել ռուսական ընկերություններին և նույն «կասկածելի ձևերով»:
– Ես միանշանակ համաձայն եմ Ռ. Քոչարյանի հետ, քանի որ դա ասված է պետական շահի գերակայության նպատակակետից ելնելով: Ինքս քաջատեղյակ եմ այդ գործընթացներից, թեև մասնակից չեմ եղել: Իսկ Որոտանի ՀԷԿ-ի դեպքում մի քանի թիվ ֆիքսենք, որ իրավիճակը հասկանանք:
Այդ ՀԷԿ-ը մոտ 400 մեգավատտ հզորություն ունի, իսկ դա նշանակում է 1-1,2 մլրդ կվտ/ժամ տարեկան արտադրություն: Իսկ դա մեր հիդրոէներգետիկ կայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի մոտ 45 տոկոսն է: Որոտանի ՀԷԿ-ը, որը երեք՝ Շամբի, Սպանդարյանի և Տաթևի ՀԷԿ-երի կասկադ է, ԽՍՀՄ-ի բացառիկ կառույցներից է, ունի ամենաբարձր ուժգնությունը: ՀԷԿ-ի բնական ռելիեֆի թեքությունն այնպիսին է, որ արտադրում է ամենաէժան էլեկտրաէներգիան:
Ավելի մեծ ծախսերով «Սևան-Հրազդան» կասկադը չհամեմատենք էժան էլեկտրաէներգիա արտադրող Որոտանի ՀԷԿ-ի հետ: Եվ Որոտանի գինը շատ ավելի բարձր կարող է լինել՝ ելնելով այս բաղադրիչների առկայությունից:
Երկրորդ՝ Որոտանի ՀԷԿ-ի դեպքում ոչ թե սեփականաշնորհում է եղել, այլ, որքան հասկանում եմ, Փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օտարում: Եվ պարզ չէ, թե գումարը պետք է նստի այդ ՓԲԸ-ի հաշվին, թե` ոչ: Անհասկանալի է նաև, թե եթե պատնեշը սեփականաշնորհվում է, ջրամբարը ումն է: Նման շատ տարբեր հարցեր են առաջանում:
– Կարծիք կա, թե քանի որ Ռ. Քոչարյանի օրոք գրանցված այդ երկնիշ աճը փուչիկ է եղել, 2009թ. փորձել են ցուցանիշներն ավելի իրական դարձնել, որ վիճակագրական տվյալները հետագայում ավելի իրական ցուցանիշների վրա կառուցվեն: Ու հենց այդ պատճառով էլ նման կտրուկ անկում է ստացվել:
– Համաձայն չեմ: Եթե հիշում եք, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հիմնական կործանարար սխալներից մեկն այն էր, որ ճգնաժամը եղել է շինարարական փուչիկի հետևանքով: Եվ նա դրեց դիվերսիֆիկացիայի խնդիրը:
Հիմա ինչու չեն խոսում այդ մասին, այսինքն` չհաջողվեց այդ դիվերսիֆիկացիան: Եվ ոչ թե Ռ. Քոչարյանը, Տ. Սարգսյանը կամ Ս. Սարգսյանն են կոճակը սեղմում և ասում դիվերսիֆիկացնում ենք, այլ Հայաստանի օբյեկտիվ տնտեսական ու սոցիալական պայմաններն են թելադրում նախադրյալները, թե որ ոլորտներն են գրավիչ: Այդ փուլի համար շինարարությունը դարձավ լոկոմոտիվ ճյուղ: Մենք ցույց տվեցինք, որ շինարարության մեջ գումարներ ներդնելը տարեցտարի շահութաբեր է դառնում: Դրա համար սփյուռքից էլ սկսեցին գումարներ ներդնել առաջնային շուկայում: Հիմա ես էլի եմ կարծում, որ շինարարությունը շատ կարևոր ճյուղերից մեկն է:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։