Ո՞վ է քանդում Աֆրիկյանների շենքը
2010թ. օգոստոսին ՀՀ կառավարության 1063-Ն որոշմամբ Երևան քաղաքի Տերյան-Պուշկին փողոցների խաչմերուկին հարակից տարածքում քաղաքաշինական (կառուցապատման) ծրագրի իրականացման իրավասությունը «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ից փոխանցվեց «Միլենիում Կոնտրակշեն» ՍՊԸ-ին` կառավարության 2008 թ-ի նոյեմբերի 28-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» 1405-Ն որոշման հավելվածի ցանկում բառերը փոխարինելու արդյունքում: «Դվին Հոլդինգը» հիմնադրվել է 2011 թ. հունվարին: Որպես համահիմնադիրներ` պետռեգիստրում գրանցված են Ռաֆիկ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Կառլեն Առաքելյանը, Սամվել Մելիքսեթյանը, Միքայել Մնացականյանը: Ռաֆիկը Տիգրան Սարգսյանի որդին է և, տարածված լուրերի համաձայն, սերտ կապեր ունի քրեական աշխարհի հետ, որի պատճառով գտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում, և անցած տարի հունիսին նրան նույնիսկ կանչել են հարցաքննության, բայց մի քանի ժամից անհասկանալի կերպով բաց են թողել:
«Միլենիում Կոնտրակշեն» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2009թ. փետրվարին: Հիմնադիրներն են «Դվին Հոլդինգը» և Հարություն Թադևոսյանը: Այսինքն` այսօր Աֆրիկյանների ակումբի շենքը քանդող «Միլենիում Կոնտրակշենը» կերպարանափոխված «Դվին Հոլդինգն» է:
Ընկերությունների, շախմատային լեզվով ասած, այս «ռակիրովկայի» համար հիմք ծառայեցին «Դվին Հոլդինգի» առջև ծառացած խնդիրները. ընկերությունը կուտակել էր բավականին զգալի պարտքեր պետական բյուջեին, բանկերին, տարբեր ընկերությունների, աշխատավարձերի գծով և այլ, որոնցից ազատվելու և ակտիվները չկորցնելու «լավագույն» միջոց ընտրվեց սնանկությունը: Հոլդինգի հետաքրքրությունների շրջանակում, կառուցապատումից բացի, բիզնեսի այլ ուղղություններ ևս կային, այն գերիշխող էր պարարտանյութերի շուկայում: Եվ ահա 2012թ. հուլիսին «Մաքուր երկաթ» ընկերության հայցի հիման վրա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ն ճանաչվեց սնանկ: «Մաքուր երկաթին» հոլդինգը պարտք է գրեթե 83 մլն դրամ:
Միաժամանակ ընկերությունը սնանկ ճանաչելու հայցապահանջ էր ներկայացրել նաև ՎՏԲ-Հայաստան բանկը, որի հանդեպ պարտավորությունը 2012 թ. սկզբին մոտ 3 մլն դոլար էր: Սնանկության գործով կառավարիչ նշանակվեց Խաչատուր Ղահրամանյանը, հրավիրվեց պարտատերի ժողով, ապա ընկերության գույքը հանվեց աճուրդի: Սակայն մինչ օրս ոչ մի գույք չի վաճառվել: Խ. Ղահրամանյանը «168 Ժամին» ասաց, որ խնդիրը կադաստրային արժեքի պարտավորեցումն է, որ լրացուցիչ թանկացնում է գույքն, ու դրա պատճառով գնորդներ չեն գտնվում:
«Դվին Հոլդինգի» աճուրդի հանված գույքը բավականին ուշագրավ է: Դրանում կան «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Երևան և Մասիս քաղաքներում գտնվող արդյունաբերական օբյեկտներ, «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի դեբիտորական պարտքը` գրեթե 91 մլն դրամ, և այլն: Խ.Ղահրամանյանը զարմացավ, երբ իմացավ, որ «Դվին Հոլդինգը» «Միլենիում Կոնտրակշենի» սեփականատերն է: Խնդիրն այն է, որ երբ դատարանն Անշարժ գույքի կադաստրից պահանջել է սնանկ ճանաչված հոլդինգի գույքի ցանկը, «Միլենիում Կոնտրակշենի» անունն այնտեղ չի եղել: Մինչդեռ, ըստ կարգի, ընկերության ողջ ակտիվները պետք է դրվեն աճուրդի` պարտավորությունները մարելու համար:
Ուշագրավ է նաև, որ չնայած լնրան, որ «Դվին Հոլդինգը» բարձրահարկ շենքերի շինարարության նպատակով մայրաքաղաքի այլ հատվածներում ևս ունի սեփականացրած տարածքներ, և առկա բոլոր խնդիրներին, դրա հետնորդ «Միլենիում Կոնտրակշենը» համառորեն ցանկանում է քանդել Աֆրիկյանների ակումբի շենքը` հենց այստեղ բնակելի շենք կառուցելու համար: Կարծես ընկերության, իսկ ավելի ճիշտ` դրա սեփականատերերի հովանավորների կողմից խնդիր է դրվել քանդել պատմամշակութային հուշարձանն ու «կոտրել» հասարակական դիմադրությունը:
«Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խնդիրը «Միլենիում Կոնտրակշենը» չի, քանի որ դրա նման տասնյակ կազմակերպություններ կան ու դեռ կգրանցվեն. «Խնդիրն այն է, որ քաղաքապետարանը պատկան մարմիններն ուշադրություն չեն դարձնում իրենց իսկ կողմից ընդունված օրենքների ու որոշումների կատարմանը և նպաստում են դրանց խախտմանը: Դրա ցայտուն օրինակ է Փակ շուկայի պատմությունը, որի վերաբերյալ թե՛ Մշակույթի նախարարությունը, թե՛ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարում էին, որ կառուցապատողը վերգետնյա շինարարություն կատարելու իրավունք չունի, բայց այդ մարդը դրեց, հերն անիծեց: Սակայն Սամվել Ալեքսանյանին ես չեմ էլ մեղադրում, մեղավորը նրանք են, ովքեր թույլ են տալիս: Հիմա «Միլենիում Կոնտրակշենի» դեպքում էլ պետք է կտրել նրա ձեռքը, որը նրան իրավունք է տվել այդտեղ հյուրանոց կառուցել»:
Ըստ նրա՝ 2008-ին այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից վավերացված Եվրոպական կոնվենցիան արգելում է հուշարձան քանդել, իսկ Կոնվենցիայի դրույթներն ավելի բարձր են այդ երկրում գործող օրենքներից: Բաղդասարյանը նշեց, որ այժմ վարչապետ Հ. Աբրահամյանը պետք է կառավարության որոշումով արգելի Աֆրիկյանների տան տեղափոխումը. «2005-ին հաստատվել է «Հին Երևան» ծրագիրը, որով Արամի-Բուզանդի-Եզնիկ Կողբացի-Աբովյան փողոցների տարածքում պետք է վերականգնվեն ապամոնտաժված հին շենքերը: ՀՀ օրենքներով ու որոշումներով ոչ մի հուշարձան-շենք չի «ապամոնտաժվել», այլ գրված է` «տեղափոխել», բայց մինչ օրս ոչ մի հուշարձան ոչ մի տեղ չի վերականգնվել: Նաև, եթե պետք է ապամոնտաժված հուշարձաններն այդ տարածքում վերականգնեն, ապա ինչո՞ւ են քանդում տեղում եղածը, օրինակ՝ Մնացականյան եղբայրների տունը և այլն»:
Ս.Բաղդասարյանը փաստեց, որ հանուն «Դվին Հոլդինգի»` թե՛ քաղաքապետարանը՝ նախկին ու ներկա քաղաքապետերով, թե՛ մշակույթի նախարարությունը բազմաթիվ խախտումներ են արել. «Ամեն ինչ երկրի նախագահի թույլտվությամբ է կատարվում: Վարչապետը հետամուտ չի, չգիտես՝ ինչով են զբաղվում: Իրականում իրենք, խախտելով օրենքները, քանդում են հուշարձանը: Նույն հաջողությամբ կարող են Օպերայի շենքը քանդել»: