
ՀԱՊԿ-ի ավիացիոն ուժերը կստեղծվեն մինչև ընթացիկ տարեվերջ

Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ի ավիացիոն ուժերը ստեղծվելու են մինչև ընթացիկ տարեվերջ, բացի այդ, կազմակերպվելու են հատուկ գործողությունների ուժեր: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նա ընդգծել է, որ ավիացիոն ուժերի ստեղծումը ՀԱՊԿ-ի ուժային բաղադրիչի կատարելագործման աշխատանքների շարունակումն է. «Կարծում եմ, որ այս տարվա ընթացքում մենք կավարտենք դրանց ձևավորումը և տարեվերջին նախագահներին կներկայացնենք համապատասխան փաստաթղթերը»:
Խոսելով ՀԱՊԿ-ի հատուկ գործողությունների ուժերի մասին՝ Բորդյուժան ընդգծել է, որ այդ ստորաբաժանումները կոչված են հատուկ մեթոդներով ապահովել ՀԱՊԿ-ի այս կամ այն զորամիավորման գործունեության աջակցությունը. «Միջոցը կատարելապես անհրաժեշտ է ժամանակակից պատերազմի պայմաններում»: