Նաիրա Կարապետյանի պատասխանը՝ Ալիևին
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զեկույցին.
«Ներկայումս հասարակության համար սպառնալիք է դարձել ԶԼՄ-ներում և ԶԼՄ միջոցով բռնության թաքնված տարածումը: ՏՏ ոլորտի զարգացման հետ համընթաց վերջին տասնամյակի ընթացքում մեդիա ոլորտը ենթարկվել է էական փոփոխության: Բանաձևն այս առումով անդրադառնում է խնդիրների մեծ մասին, բայց կան նաև այլ ասպեկտներ, որոնք կարող են ավելի հստակ ներկայացված լինեն այս բանաձևում:
Ինչպես հայտնի է, այլատյացությունն ու ատելությունը այն գլխավոր խնդիրներն են, որոնց այսօր բախվում են շատ երկրներ, սակայն այսօր կան նաև երկրներ, որոնք այլատյացությունը և ատելությունը որդեգրել են որպես ազգային քաղաքականություն: Մենք անպայմանորեն պետք է հրապարակայնորեն բարձրաձայնենք դա: Այսօր կա Եվրոպայի խորհրդի անդամ մի երկրի, որտեղ ուսումնական ծրագրերը, ԶԼՄ-ները, քաղաքացիական հասարակությունը և նույնիսկ արտաքին քաղաքականությունը և լոբբինգը ամբողջությամբ համախմբված կերպով ունեն մեկ առաքելություն` սերմանել ատելություն հայկական էթնոսի հանդեպ:
Տիկնայք և պարոնայք, սա ոչ մեղադրանք է, ոչ էլ քաղաքական հայտարարություն, սա լուրջ խնդիր է, որի հետ Հայաստանի Հանրապետության բնակչությունը այս 23 տարիների ընթացքում բախվում բառացիորեն է ամեն օր:
Հենց տարածվող ատելության և այլատյացության քարոզչության պատճառով է, որ Ադրբեջանի հասարակությունը և նրա շարքային քաղաքացիները ատում են այն ամենը ինչ, կապված է Հայաստանի և հայկական մշակույթի հետ: Մենք բոլորս հիշում ենք Ռամիլ Սաֆարովի տխրահռչակ դեպքը, երբ նա քնած ժամանակ սպանել էր իր հայ գործընկեր Գուրգեն Մարգարյանին:
Նման դաժան սպանություններ կարող են տեղի ունենալ ամեն օր և ցանկացած վայրում, քանի որ ադրբեջանական հասարակության անընդհատ սնել են ու դաստիարակել հայերի նկատմամբ ատելության զգացումով:
Ադրբեջանն ամեն հնարավոր և անհնար բան անում է, որպեսզի միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծի, որ իբր բարեփոխումներ է իրականացնում: Փոխարենը, ընդամենը մի քանի ժամ առաջ մենք բոլորս լսեցինք ելույթ՝ լի ատելությամբ ու ճշմարտության խեղաթյուրմամբ: Ադրբեջանի նախագահը ընդգծում է կոռուպցիայի նվազեցում՝ որպես իր երկրի համար առաջնահերթություն, երկրի, որը հայտնի է որպես «խավիարային դիվանագիտության» բացարձակ չեմպիոն:
Նա նշում է նաև բարեփոխումներ մեդիա դաշտում, սակայն մենք բոլորս էլ տեսանք բերանները փակած երիտասարդների ակցիան այստեղ, այս դահլիճում, ինչը ընդգծում է խոսքի ազատության բացակայությունը Ադրբեջանում:
Եվ միակ և բացառիկ պատճառը, որ Ադրբեջանի իշխանություններն ունեն հաջողություններ, այն է, որ նրանք ունեն էներգետիկ ռեսուրսներ, որոնք արտահանվում են Եվրոպա, այն Եվրոպա, որտեղ մենք այսօր քննարկում ենք ԶԼՄ-ներում և նրանց միջոցով բռնության տարածման վերաբերյալ բանաձևը:
Տիկնայք և պարոնայք, ես կարծում եմ, որ սա մեծ խնդիր է, խնդիր, որը նույնպես պետք է արտացոլված լինի այս բանաձևում, քանի որ մենք հավատում ենք, որ ԶԼՄ-ներում, ինչպես նաև ուսումնական ծրագրերում, դասագրքերում, գրականության մեջ, ողջ կրթության համակարգում և ինտերնետի միջոցով տարածվող ատելությունը և այլատյացությունը, որը հովանավորվում է պետական մակարդակով, պետք է անպայման քրեորեն պատժվի»: