Բաժիններ՝

Բարբարոսության դեմ

«Հունիսի 26-ին հայ քաղաքակիրթ մշակույթը իր ամենավառ արտահայտությամբ դուրս էր եկել բարբարոսության դեմ, սերն ու հարգանքը՝ բիրտ ուժի, իսկ քաղաքացին՝ կաշեպատ ստրուկի դեմ։ Հռչակավոր դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանին ոստիկանները թույլ չտվեցին մտնել Աֆրիկյանների ակումբի բակ, որտեղ ընդամենը մեկ օր առաջ ազատ հավաքներ էին անցկացվել, նրան նույնիսկ թույլ չտվեցին շրջել տարածքում, ինչը հանրապետության խայտառակությունն է։

Հուշարձանը շղթայած ոստիկաններն ու բերետավորները մեկ օլիգարխի զավթածը «պաշտպանում էին» նույնիսկ մի արվեստագետից, ով իր գործունեությամբ ամբողջ աշխարհում բարձր է պահում հայի պատիվը։ Ու համերգի ժամանակ, երբ Համասյանը ստիպված նստեց փողոցում դրված դաշնամուրի առջև, այդ «իրավապահների»՝ քմծիծաղով լի և բութ լռության ներքո համառ բարբարոսների նախագծով կառուցապատողը շարունակում էր քանդել հանրապետական նշանակության հուշարձանը․․․

Իսկ աշխարհահռչակ երաժիշտն, այնուամենայնիվ, իր ասելիքն արտահայտեց  թե՛ երաժշտությամբ, թե՛ խոսքով․ «Մեր պատմությունը պետք է պարզապես հարգել ու սիրել՝ ինչ մարդիկ արել են մեզնից երկու դար առաջ»։

․․․ Եվ թող այս ամենից հետո շենքի քանդման ջատագովները «գնան հասարակության դեմ»։

Նրանց հիշեցնում ենք վերջին անգամ, որ լավ է մարդու աչքը դուրս գա, քան թե անունը։ Միևնույն է՝ մենք շարունակելու ենք պայքարը և վաղը առավոտվանից հավաքվելու ենք շենքի մոտ։

Իսկ մեր կողքին կանգնած իսկական մտավորականներին և արվեստագետներին՝ մեր ակնածանքն ու խոնարհումը։ Ուրախ ենք, որ նրանց շարքերում գրվեց նաև Տիգրան Համասյանի անունը։ BRAVO, Տիգրան, դու իսկակա՛ն հայրենասեր ես»։

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն
Լուսանկարը՝ Հայկ Բիանջյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս