Իրավունքը պետք է նվաճես, և նվաճելուն պետք է նպաստի կառավարությունը. Կարեն Ճշմարիտյան. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

-Այս տարվա առաջին եռամսյակում, անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ Հայաստանի տնտեսական ա-ը կազմել է 3.1 տոկոս: Կան տեսակետներ, որ կառավարությունը կարող է ապահովել 5.2 տոկոս: Այսպիսի հնարավորություն դուք տեսնո՞ւմ եք և ինչի՞ հաշվին:

-Ընդհանրապես, կառավարության ներկայացրած սոցիալ-տնտեսական ծրագրի ցուցանիշները որակվեցին որպես իրատեսական՝ հաշվի առնելով, որ մենք առավել այն իրատեսական մասն ենք վերցրել, այսինքն այն, ինչ կարող ենք ապահովել, այն, ինչ հնարավոր է այս պայմաններում ապահովել: Մայիսի վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի տնտեսական աճը կազմում է 5.1 տոկոս, արդյունաբերության աճը 5 ամսում կազմում է 107.1 տոկոս, արդյունաբերությունն առանց էներգետիկայի՝ 107.2 տոկոս:

Այսինքն՝ եթե վերցնենք պատմական թրենդով, որովհետև դա հաշվարկի մեխանիզմներից մեկն է: Ես, ճիշտն ասած, որպես տնտեսագետ՝ հակված եմ այդ մեթոդիկային: Տարվա վերջում 5.2 տոկոսը բավական իրատեսական է: Միջինը 2014-ից 2017 թվականներին, համոզված եմ, մինիմումը 5 տոկոսը ապահովված կլինի: Ինչի՞ հաշվին: Առաջին հերթին երկրում ներդրումային և գործարար միջավայրի բարելավման հաշվին, որովհետև ինչ միջոցներն էլ ձեռնարկենք, ինչքան էլ պետական բյուջեի միջոցները ուղղենք այս կամ այն ոլորտին կամ սոցիալական, առողջապահական ոլորտին, այնուամենայնիվ, արդյունք ստեղծողը տնտեսվարող սուբյեկտն է:

Դա ՀՀ քաղաքացին է, որը պետք է հնարավորություն ունենա իրացնելու իր ունակությունները և դրա դիմաց ստանալու համարժեք փոխհատուցում: Այսինքն՝ եթե սա գլոբալ վերցնենք՝ որպես փիլիսոփայություն, ապա կառավարության անելիքը մնում է հետևյալը՝ ստեղծել ենթակառուցվածքներ և ստեղծել միջավայր, որտեղ կարող է տնտեսվարող սուբյեկտը ազատ գործել: Հիմնական շեշտը այդ մասում դնելով ավելի շատ մտավոր ունակությունների վրա, որովհետև Հայաստանը՝ որպես հումքային ռեսուրսներով ոչ այնքան հարուստ երկիր, ունի մտավոր ռեսուրսների բավական լուրջ պոտենցիալ, և այդ պոտենցիալը չօգտագործելը սխալ է:

Հայաստանի համար այսօր մտավոր ունակությունների և կապիտալի միահյուսումը միակ և ապագային միտված զարգացման համար ամենակարևոր գրավականը ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Դա, ինչպես վարչապետը նշեց, և մեր նավթն է, և մեր գազն է, և այն գործիքն է, այն հաղթաթուղթն է, որը ապագայում իրեն ցույց է տալու: Համենայնդեպս, վերջին տասը տարում զարգացումները բերել են դրան:

-Դիտարկում կա, որ առնվազն 7 տոկոս տնտեսական աճը միայն կսկսի ապահովել ներգաղթ դեպի Հայաստան: Այդ թեզի հեղինակը Հրանտ Բագրատյանն է: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը, թե՞ ոչ, մանավանդ երկնիշ տնտեսական աճ արձանագրվել է ձեր պաշտոնավարման ժամանակ, և ներգաղթ արձանագրվել է հենց այն ժամանակ, երբ դուք էիք նաև կառավարությունում: Ձեր փորձը ի՞նչ է ցույց տալիս: Երբ կկարողանանք ոչ միայն կանգնեցնել արտագաղթի այդ սոսկալի տեմպերը, այլև այդ բարիք ստեղծողներին հետ բերել Հայաստան:

-Վերջին մի քանի ամիսներին չեմ հետևել այդ տեմպերին, բայց նկատելի է, որ կա արտագաղթի տեմպերի դանդաղում: Այն առումով, որ մարդիկ հույս են տեսնում, որ կարող են Հայաստանում բարիք ստեղծել: Բացի Ռուսաստանից, այլ երկրներ կան, որտեղ եթե մարդը որոշել է գնալ իր երկրից, ապա ինչ-որ տեղ անպայման կգտնի, դա լինի Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, եվրոպական երկրներ, թե ԱՄՆ: Հարցը ավելի խորքային է:

Այսինքն՝ այստեղ ոչ միայն տնտեսականն է կարևոր, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանությունը: Իրավունքի պաշտպանությունը, որը նրան հնարավորություն կտա ու չի հիասթափեցնի, և ինքը հոգեբանական ու բարոյական մթնոլորտում չի հայտնվի, որտեղ կլքի իր հայրենիքը: Բայց, միևնույն ժամանակ, այս նույն մթնոլորտն է, որ ազդում է նաև ներդրումային և գործարար միջավայրի վրա: Դրանք զուգահեռաբար պետք է անել, այսինքն՝ և իրավունքների պաշտպանությունը, և գործարար միջավայրի բարելավումը:

-Հուլիսի 1-ին լրանում է վերջնաժամկետը, երբ գործարարներին տրված ինդուլգենցիոն շրջանը, երբ պետք է հաշվետվություն հանրությանը ներկայացվեր, թե ի՞նչ արդյունք կարողացավ կառավարությունը ստանալ այն անհատական աշխատանքներից, որ գործարարների հետ ունենում են կառավարության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ:

Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ նրանք, ովքեր չեն համաձայնի այն խաղի կանոններին, որոնք արդեն նշանակվել են, կոշտ միջոցներ նրանց նկատմամբ կգործադրվեն:

-Ես կարծում եմ, որ հուլիսի 1-ին ոչ թե վերջացավ, այլ սկսվեց: Այսինքն՝ դա այն ժամանակն էր տրված, որի ընթացքում իրենք պետք է իրենց գործերը կարգի բերեն և հնարավորինս թափանցիկ դառնան, որպեսզի պետության հետ աշխատելիս խնդիրներ չունենան, զարգացնեն իրենց բիզնեսը՝ որպես բիզնեսմեն, և տնտեսության համար ու իրենք իրենց համար ավելի լավ պայմաններում աշխատեն:

Գործարարները այդպիսի հաշվետվություն, թե իրենք ինչ են անում, ոչ մեկին չեն ներկայացնում: 10 օրը մեկ ֆինանսների նախարարությունը կներկայացնի տվյալներ: Վարչապետը նախաձեռնում է նաև երեք ամիս հետո նորից հավաքել: Ինչ վերաբերում է կոշտ միջոցներին, դա չի նշանակում, որ օրենքից դուրս. օրենքով սահմանված այն միջոցները, որոնք որ նախատեսվում են: Փաստաթղթաշրջանառության առումով բավական լուրջ պահանջ է ներկայացված, իսկ փաստաթղթի առակայության համար էլ շատ ավելի հարմարավետ է և հեշտ է աշխատել, քան առանց փաստաթղթի:

-Հավատո՞ւմ եք, որ սա աշխատող տարբերակ է:

-Կարծում եմ, որ մեր մենթալիտետի պայմաններում հետևողական լինելու դեպքում ինչ-որ արդյունքներ կտա: Չեմ կարծում, որ կզրոյանա ամեն ինչ, բայց, որ հնարավոր է նվազեցնել և մինիմումի հասցնել՝ դրա հնարավորությունը տեսնում եմ:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս