«Ամեն ինչ մեր հասարակության արտացոլումն է: Քաղաքական կյանքը` նույնպես». «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Հայաստանում լրատվամիջոցների հետ շփվելու քաղաքական գործիչների կրկնվող կարծրատիպերը, որոնք բնութագրում են մեր քաղաքական դաշտի մտավոր եւ բարոյական մակարդակը:
1. «Ես գիտեմ` դա ում պատվերն է»: Կայուն արժեքներ չունեցող մարդիկ (ոչ միայն քաղաքական գործիչները) առաջնորդվում են դավադրությունների տեսությամբ:
Իրենց հաճելի է մտածել, որ ոչ միայն Հայաստանը, ոչ միայն աշխարհը, այլեւ ամբողջ տիեզերքը հետաքրքրվում է իրենց գործունեությամբ: Եվ քանի որ այն տիեզերական արժեք է ներկայացնում, կան առանձին «մութ ուժեր», որոնք խոչընդոտում են այդ աշխարհափրկիչ գործունեությանը: Որովհետեւ իրականում բոլոր անաչառ մարդիկ պարտավոր են հիանալ տվյալ քաղաքական գործչի ամեն մի քայլով:
Ամենահիմար հարցը, որը տալիս են այս տեսակի գործիչները` «ի՞նչ նպատակով եք դուք հրապարակել այդ նյութը»: Պատասխանեմ. նյութը տպագրվում կամ դրվում է համացանցում, որովհետեւ այն, խմբագրության տեսանկյունից, հետաքրքրություն է ներկայացնում ընթերցողների համար: 2. «Ես ձեր լրատվամիջոցին հարցազրույց չեմ տա»:
Նույնպես պարանոյայի դրսեւորում է: Գործիչները (մանավանդ իշխանավոր) գերադասում են գործ ունենալ իրենց գրպանում գտնվող լրատվամիջոցների հետ, իրենք հնարեն հարմար հարցեր եւ իրենք տան «իմաստուն» պատասխաններ:
Դարձյալ սեփական անձի գերագնահատման դրսեւորում է` իբր, նրա ամեն մի բառ արժանի է լինել քանդակած մարմարի վրա, եւ հանկարծ եթե որեւէ իմաստուն միտք չհրապարակվի, աշխարհը շուռ կգա: 3. «Ես այդպիսի բան չեմ ասել, լրագրողները խեղաթյուրել են իմ մտքերը»: Թուլամորթ, «ղզիկական» պահվածք է:
Հարցազրույցի, սեմինարի կամ այլ հրապարակային ելույթի ժամանակ «ասլան են կտրում», հետո, երբ այս կամ այն ձեւով պատասխանատվության են կանչվում, խոսքից հետ են կանգնում եւ մեղքը փորձում են գցել լրագրողի վրա: Իհարկե, ամեն ինչ մեր հասարակության արտացոլումն է: Քաղաքական կյանքը` նույնպես»:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։